News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 13
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Եթե գնա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, կբերեն՝ «իմ մարդուն» սկզբունքով մեկին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, Կառավարության բակում, լրագրողների հետ զրույցում, Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հավաքված երիտասարդների ակցիայի ժամանակ ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ-ռեժիսոր, սցենարիստ, դերասան Վիգեն Ստեփանյանը։

Նա ասաց, որ չի մասնակցում ակցիային, սակայն ակցիայի մասնակիցների կողքին է գաղափարապես․ «Որպես հայ չեմ կարող հասկանալ այսօրվա քայլերը, բազմաժանր նախարարություն ունենք, միանգամից չես ասի՝ բոլոր ոլորտները։ Ինձ համար անհասկանալի է, անընդունելի է, եթե մենք մեր լեզուն, հիմքը, հիմնաքարը չհարգենք, հետո, անշուշտ, արդեն եկեղեցին, պատմությունը»։

Անդրադառնալով երեկ ԱԺ-ում վարչապետի արած այն հայտարարությանը, որ ինքն Արայիկ Հարությունյանի կողքին է, Վիգեն Ստեփանյանն ասաց, որ չի զարմանում․

«Դա էլ իր պաշտոնն է, թերեւս, թելադրում: Ես հպարտ եմ, որ մենք այսպիսի երիտասարդություն ունենք, ցավոք սրտի, ուղղակի եթե գնա Արայիկ Հարությունյանը, ո՞վ պիտի գա, այ դա ամենամեծ խնդիրն է։ Կարծում եմ, որ ունենք լավ կադրեր, բայց հազար ու մի պիտակ կդնեն ու կբերեն՝ «իմ մարդուն» սկզբունքով, իմ նշանակածը պիտի լինի։ Ինչ ուզում եք ասեք, ինչպես ուզում եք ընդդիմացեք, «Իմ քայլը» կստանա այն ինչը որոշել է, քանի որ ոչ մի այլ կերպ չի ստացվելու։ Ես շատ լավ գիտեմ իմ ոլորտը, գնաց Մակունցն եկավ Նազենի Ղարիբյանը, ինչ էլ փոխվեց՝ փոխվեց դեպի վատը։ Մետրոյի առաջ իբր «ներկայացում են խաղում», եւ դրա համար շատ լուրջ գումար է տրամադրվում, այդ գումարով թերեւս 2 ներկայացում բեմադրեն ասենք թե՝ մանկական։ Չի կարող լինել այնպես, ինչպես վարչապետն է ուզում, բոլորս էլ մարդիկ ենք։ Հարցը հո Արայիկ Հարությունյա՞նը չէ»։

Ստեփանյանն ասաց, եթե հիմա արտահերթ ընտրություններ տեղի ունենան, ապա գործող իշխանությունը կստանա 20-30 տոկոս ձայն․ «ժողովուրդը հիմա հիասթափված է, մարդիկ արդեն չեն հավատում»։

Անդրադառնալով ծանրամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն Մելինե Դալուզյանին նվիրված «Մել» ֆիլմիմ՝ Ստեփանյանն ասաց․ «Ուզում են ֆիլմ նկարել՝ սեռափոխված ծանրամարտիկի մասին։ Չգիտեի ծիծաղեի՞, թե՞ ինչ, երբ լսեցի, որ ֆինանսավորվել է միայն նրա չեմպիոն լինելու հատվածը: Այսինքն՝ առանձին-առանձին ենք նայելո՞ւ, համսեռականները գնալու են առանձի՞ն դահլիճում նայեն, ինչ-որ իրենց է հետաքրքրում, իսկ սպորտի սիրահարները գնալու են նայեն՝ ինչ իրենց է հետաքրքրո՞ւմ: Այնքան անտեղյակ մարդու կարծիք է, որ չգիտես՝ ինչպես վերաբերվես՝ ծիծաղե՞ս, տխրե՞ս։ Ցանկացած մարդ իրավունք ունի դասավորելու իր կյանքն այնպես ինչպես ցանկանում է։ Ուզում է սեռը փոխել, թող փոխի, մարդն իր կյանքի տերն է։ Բայց դա դարձնել հանրության համար ֆիլմ, հանել արվեստի մակարդակի՝ անհասկանալի է։ Ո՞նց կարելի է թողնել Նազիկ Ավդալյանին։ Մարդը, որը ոչ միայն դոպինգ է ընդունել, այլ նաեւ հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից։ Այդ սեռափոխությունը երբանի՞ց դարձավ այդքան հետաքրքիր նյութ, որ հասավ ԱԺ, խոսում են ամբիոններից»։

Վիգեն Ստեփանյանին ընդհատեց մի քաղաքացի եւ պատմեց, որ Մելինե Դալուզյանի մարզիչը հրաժարվել է մարզիկից, քանի որ նա մրցումների ժամանակ դոպինգ է ընդունել․ «Մելինե Դալուզյանի մարզիչը կանգնեց ու ասաց՝ այդ սպորտսմենն ինձ համար մեռած է։ Ճիշտ է, նա գնացել եւ մրցումների ժամանակ ռեկորդ է սահմանել, բայց միեւնույն ժամանակ, դոպինգ է ընդունել»։ 

Տպել