News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ուսանողները ԿԳՄՍ նախարար Արայիկ հարությունյանին հրավիրում են եՊՀ-ի բակ՝ պատասխանելու իրենց հարցերին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողներին հայտնեց ԵՊՀ ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը։

Նա չբացառեց, որ նախարարի պատասխանները կլինեն սպառիչ, եւ գուցե նախարարության մինչեւ այս վարած քաղաքականությունը փոխվի․ «Քանի որ հայտարարությունը եղել էր հենց ԿԳՄՍ նախարարի կողմից, մենք այսօր այստեղ ողջունեցինք իր դիրքորոշումը եւ պատրաստակամություն հայտնեցինք՝ մեր հարցերն ուղղելու նրան։ Նախարարը այսօր կամ վաղը ժամանելու է Հայաստան։ Կարող է կապնվել մեզ հետ եւ տեղեկացնել, որ պատրաստ է հանդիպել մեզ հետ»,- ասաց Ափոյանը

Նա նշեց, որ ուսանողական խորհրդի բողոքը կապված է նախարարության կողմից մշակված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծի հետ եւ համալսարանական խնդիրներին է վերաբերում․ «Մենք պետք է ամենախորը ափսոսանքով հայտնենք, որ ԵՊՀ 100-ամյակը ձախողվեց հենց ԿԳՄՍ նախարարի վերաբերմունքի արդյունքում։ Օրենքի այդ նախագիծն ուղղակի խայտառակություն է, եւ այն հետագա զարգացում չի ապրի։ Մենք այսօր այստեղ հավաքեցինք, որ ցույց տանք ԿԳՄՍ նախարարության դեմ ուղղված դժգոհությունները չեն սահմանափակվում «Հայոց լեզվով» եւ «Հայոց պատմությամբ», այլ ներառում են բազմաթիվ այլ հարցեր, որոնց լուծում են պահանջում»։

Դավիթ Ափոյանն ասաց, որ իրենք ակցիայի ժամն ընտրել են երկար դասամիջոցը, որպեսզի չխանգարեն դասապրոցեսին․ «Յուրաքանչյուրն ունի իր մեթոդները, եւ պայքարի միջոցները։ Մենք ծայրահեղագույնն ենք համարում դասադուլը»։

Ակցիայի մասնակիցները ժամանակավոր դադարեցրին բողոքի ակցիան։ Նրանք մինչեւ վաղը՝ կեսօրին կսպասեն Արայիկ Հարությունյանի պատասխանին։

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությա կողմից  մշակված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծի համաձայն բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլեւս պարտադիր չի լինելու: Այն շուտով հանրային քննարկման կներկայացվի:

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջով նստացույց հայտարարած՝ ՀՅԴ երիտասարդական միության անդամներն այսօր բողոքի ցույց էին անցկացնում կառավարության առջեւ: Այնուհետեւ նրանք երթով շարժվեցին դեպի ԵՊՀ գլխավոր մասնաշենք՝ ուսանողական խորհրդի հանրահավաքին մասնակցելու։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ այս օրը նրանք բողոքի ցույց էին անցկացնում «Կառավարության նիստն առանց Արայիկ Հարությունյանի» կարգախոսով, որտեղից երթով շարժվել էին դեպի նախարարությունների շենք եւ անժամկետ  շուրջօրյա նստացույց սկսել: Երիտասարդները համաձայն չեն նախարարի վարած քաղաքականության հետ, այն բնորոշում են որպես ապազգային: Արդեն մեկ շաբաթ է՝ բոլոր աշխատանքային օրերին երիտասարդները գիշերում են նստացույցի վայրում:

Նրանց բողոքին դեռ մեկ շաբաթ առաջ միացել էին ԵՊՀ հայ բանասիրության եւ պատմության ֆակուլտետի՝ դասադուլ հայտարարած ուսանողները, որոնք բողոքում են «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծից: Նրանք վերջին երեք օրերին բողոքի իրազեկման երթեր էին անցկացնում Երեւանի փողոցներով՝ այն ավարտելով նստացույցի վայրում: Դասադուլը դեռ շարունակվում է:

Տպել
Ամենաշատ