News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է 1in.am կայքի լրագրող Սիրուշ (Սոնա) Հարությունյանի բողոքը՝ NEWS.am ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայցը մասնակիորեն բավարարելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։

NEWS.am լրատվական կայքը դիմել էր դատարան՝ պահանջելով պարտավորեցնել պատասխանողին՝ հերքել գործարար համբավը արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաեւ հատուցել գործարար համբավին պատճառված վնասը։

NEWS.am-ի հետ զրույցում ՍՊԸ–ի փաստաբան Արամազդ Կիվիրյանը հայտնեց, որ հիմնական փաստարկը, որը Սիրուշ Հարությունյանը ներկայացրել էր, այն էր, թե ինքն իր անձնական էջում հանդես չի եկել որպես լրագրող եւ լրագրողական գործունեություն չի ծավալել, եւ, որ այդ հրապարակումն իրենից լրատվական հոդված չի ներկայացնում։

«Դա իրավական տեսանկյունից ողջամիտ փաստարկ չէ։ Լավ եղավ, որ գոնե այս մասով ինչ-որ չափով ունեցանք նաեւ իրավական հստակ դիրքորոշում, որովհետեւ հենց դա էր քննարկման առարկա՝ արդյոք «ֆեյսբուք» սոցիալական էջում, երբ մարդը կատարում է գրառում, որն իր մեջ պարունակում է զրպարտության էլեմենտներ, կարո՞ղ է ենթարկվել պատասխանատվության․ մենք տեսանք, որ, այո, դա հնարավոր է։ Սա նաեւ ազդակ կլինի ցանկացած անձի համար, որ ինքը պատրաստ լինի՝ եթե իր հրապարակային խոսքում որոշակի տեղեկություններ է հայտնում, բնականաբար, պետք է հստակ հասկանա, որ դրա իրավական հետեւանքները նույնպես կրելու է։ Կարծում եմ, որ դա կարժեւորի նաեւ հրապարակային խոսքը. եթե անձը գիտի, որ իր հրապարակումը կարող է ինչ-որ իրավական հետեւանք ունենալ, ապա ինքն ավելի զգույշ կլինի զրպարտություն պարունակող արտահայտություններ անելիս»։

Արամազդ Կիվիրյանն ընդգծեց, որ ազատ արտահայտվելու իրավունքը անսահմանափակ չէ, քանի որ ցանկացածի իրավունքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է դիմացինի իրավունքը։

Փաստաբանը նաեւ նշեց, որ այս դատական գործը հաճախ փորձում էին քաղաքականացնել․ «Որեւիցե քաղաքական ընթացակարգ այստեղ չկար։ Հարցերը, որոնք մենք բարձրացնում էինք, բացառապես իրավական տիրույթում էին»։

Հիշեցնենք, որ դատական ակտով Սիրուշ Հարությունյանին պարտավորեցվել էր վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում «ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում հրապարակել հերքում։ Դատարանը մատնանշել էր նաեւ հերքման տեքստը։

Դատարանը պարտավորեցրել է լրագրողին հերքել NEWS.am–ի համբավն արատավորող տեղեկությունները

Տպել
Ամենաշատ