News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ծովի մակարդակի նոր բարձրացում՝ մինչեւ 125 սանտիմետր, սպասվում է Վենետիկի շրջանում, ինչը նորից կհանգեցնի նրան, որ քաղաքը մասնակի ջրասույզ կլինի։ Այս մասին տեղեկացրել է Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի տեղեկատվության ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Վերջին հիսուն տարում ծովի առավելագույն՝ 187 սանտիմետր բարձրանալուց հետո, ինչը չորեքշաբթի հանգեցրել է Վենետիկի տարածքի 80 տոկոսի «բարձր ջրի» տակ հայտնվելուն, ներառյալ Սուրբ Մարկոս տաճարը, մակարդակն իջել է մինչեւ անվտանգ 80 սանտիմետր։ Բայց 1966-ից ի վեր ամենախոշոր հեղեղումների հետեւանքները վերացված չեն։ Փակ են մնում բազմաթիվ դպրոցներ, թանգարանների եւ հասարակական հաստատությունների մեծ մասը։

Ինչպես հայտարարել է Իտալիայի՝ Վենետիկ ժամանած վարչապետ Ջուզեպե Կոնտեն, օրվա ընթացքում տեղի կունենա կառավարության նիստ, որտեղ կհայտարարվի արտակարգ դրության ռեժիմ բնական աղետի պատճառով։ «Մենք անմիջապես դեկրետ կընդունենք քաղաքացիների կրած վնասները փոխհատուցելու մասին։ Մասնավոր անձանց համար նախատեսված է 5 հազար եվրո, ընկերությունների եւ խանութների համար՝ 20 հազար։ Հետագայում նախատեսվում է դիտարկել այլ դեպքերը եւս եւ գնահատել վնասի չափը հետագա փոխհատուցման համար»,- ասել է վարչապետը հինգշաբթի Վենետիկից Հռոմ մեկնելուց առաջ։

Մշակույթի նախարարության մասնագետները կսկսեն Սուրբ Մարկոս տաճարի վնասի գնահատումը, որտեղ ջրատակ է եղել գաղտնարանը։ Քաղաքի եւ մարզի իշխանությունները խոսում են «բարձր ջրի» հասցրած հարյուր միլիոնավոր եվրոների վնասի մասին, որոշ ԶԼՄ-ներ նշում են 1 մլրդ եվրո։ Վենետիկի բնակիչներին համերաշխություն են հայտնել այլ մարզերի բնակիչները, որոնց ղեկավարներն առաջարկել են օգնություն հեղեղումների հետեւանքների վերացման հարցում։

«Բարձր ջուրը» Վենետիկին բնորոշ երեւույթ է, որն առաջ է գալիս մակընթացությունների եւ լուսնային ցիկլերի հետ կապված եւ խորանում է տարբեր բնական երեւույթներով։ Այս անգամ վերջին հիսուն տարում ծովի ռեկորդային մակարդակի բարձրացումը պայմանավորված է մի ամբողջ շարք գործոնների համադրությամբ, ներառյալ ուժեղ քամին Ադրիատիկից։ Բացի այդ, հյուսիսից Ապենինների վրա շարժվել է հզոր ցիկլոն, որը հանգեցրել է առատ տեղումների։ Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը հայտարարեց վատ եղանակի մասին նախազգուշացման դեղին (ամենացածր) մակարդակ Վենետոյում, Ֆրիուլի Վենետիկ-Ջուլիայում, Լիգուրիայում, Էմիլի Ռոմանիեում, Մոլիզում եւ Բազիլիկատում, որտեղ սպասվում են անձրեւներ։ Հյուսիսում՝ Դոլոմիտյան Ալպերում, ոչ մեծ բարձրություններում շարունակվում է ձյուն տեղալ։ Ընդհանուր առմամբ, աննպաստ եղանակի պահպանում Ապենիններում կանխատեսվում է առնվազն եւս մեկ շաբաթ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ