News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով Ղազախստանի Սենատի (խորհրդարանի վերին պալատ) նախագահ Դարիգա Նազարբաեւայի ղեկավարած պատվիրակությունը պաշտոնական այցով երկրի խորհրդարանում է, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Դարիգա Նազարբաեւան այցի շրջանակում հանդիպել է Հայաստանի օրենսդիր մարմնի նախագահ Արարատ Միրզոյանի եւ խորհրդարանական 3 խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Կողմերը երկկողմ համագործակցության հարցեր են քննարկել ՀԱՊԿ շրջանակում, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության տարածքում փոխգործակցության առումով, ներառյալ միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Միրզոյանը, մասնավորապես, վստահություն հայտնեց, որ ղազախական պատվիրակության այցը նոր խթան կհաղորդի 2 երկրների եւ ժողովուրդների երկկողմ հարաբերություններին:

«2018 թվականի տվյալներով մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 150 տոկոսով: Այս թիվն ինքնին խոսուն է: Բայց սա դեռ վերջը չէ, քանի որ մենք չիրացված մեծ ներուժ ունենք»,- ընդգծեց ՀՀ ԱԺ նախագահը: Նա նաեւ անդրադարձավ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի եւ Ղազախստանի համագործակցությանը՝ նշելով, որ երկու երկրների շահերը պետք է հաշվի առնվեն երկու կողմում էլ եւ համաձայնեցվեն, ինչը, Միրզոյանի կարծիքով, կհամապատասխանի Երեւանի եւ Նուր Սուլթանի երկկողմ հարաբերությունների դաշնակցային ոգուն: «Մեր երկրների համար կան զգայուն հարցեր: Հայաստանի կողմից ես կցանկանայի առաջին հերթին բարձրացնել ղարաբաղյան հակամարտության հարցը: Հայաստանում անչափ հստակ պատկերացում կա այն մասին, որ գործընկերները եւ դաշնակիցները միջազգային տարբեր հարթակներում միմյանց շահերը պետք է հաշվի առնեն նաեւ այսպիսի հարցերում»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ավագ դուստրն իր հերթին հայկական կողմին շնորհակալություն հայտնեց, որ ղազախ գիտնականներին հասանելիություն է տրամադրվել Հնագույն ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում, որտեղ նրանք կարող են եվրասիական տարածաշրջանի պատմության ուսումնասիրման համար օգտվել միջնադարյան աղբյուրների հարուստ բազայից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ