News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հնագետները ուսումնասիրել են քարացած ջուրը, որի նմուշները վերցվել են Իրաքի հյուսիսում Կունա Բա քարանձավից, եւ պարզել են, որ VII դարում Ասորեստանյան կայսրության կործանման պատճառ է հանդիսացել երկարատեւ երաշտը, հայտնում է RG-ը։

Հետազոտությունը հրապարակվել է Science Advances ամսագրում, իսկ հեղինակների կարճ զեկույցը ներկայացված է Բոուլդերում Կոլորադոյի համալսարանին կից Շրջակա միջավայրի հետազոտությունների ինստիտուտի կայքում։

Ասորեստանյան կայսրությունը ամենահզորներից է եղել հին աշխարհում։ Գիտնականները կարծում են, որ այն իր զարգացման վերջնական փուլում դարձել է մարդկության պատմության մեջ առաջին գերտերությունը։

Խոսքը, այսպես կոչված, Նոր ասորական կայսրության մասին է, որը գոյատեւել է մ․թ․ա․ 912-609թթ․։ Այն ժամանակ դա եղել է աշխարհի ամենամեծ կայսրությունը, որը վերահսկել է հսկայական տարածք՝ Պարսից ծոցից մինչեւ Կիպրոս։

Ասորեստանցիները ոչ միայն նոր տարածքներ էին գրավում, այլեւ առաջավոր տեխնոլոգիաներ ունեին։ Ժամանակակից հետազոտողները ասորեստանցի հիդրոտեխնիկների վարպետությունն անհավանական են համարում։ Նրանք փոխել են Տիգրիս գետի հունը՝ օգտագործելով ակվեդուկներ եւ այլ հիդրավլիկ ենթակառուցվածքներ։ Այդ սարքերից մի քանիսը մինչ օրս աշխատում են։

Հզոր կայսրության կործանման գաղտնիքը գիտնականներին օգնել է բացահայտել այն ջրի ուսումնասիրությունը, որը մնացել է ստալագմիտներում։ Գիտնականները «քարացած» ջրում ածխածնի իզոտոպների եւ թթվածնի կայուն հարաբերակցությունը համադրել են նույն տարածաշրջանում ժամանակակից կլիմայական տվյալների հետ։ Դա օգնել է որոշել կլիմայի փոփոխության հերթականությունը վերջին 3800 տարիների ընթացքում։ Իզոտոպային անալիզը ցույց է տվել, որ մ․թ․ա․ VII դարում Ասորեստանյան կայսրության տարածքը ենթարկվել է հզոր երաշտի, որը տեւել է մի քանի տասնամյակ։ Հենց սրա հետ են գիտնականները կապում գերտերության կործանման սկիզբը։

Հայտնի է, որ Ասորեստանի թագավոր Սենեքերիմը, որը կառավարել է մ․թ․ա․ 705-681թթ․, կառուցել է հսկայական հիդրոտեխնիկական կառույցներ, այդ թվում՝ ջրանցքներ։ Նախկինում այդ նախագծերը գիտնականները բացատրում էին Սենեքերիմի անհեռատեսությամբ։

Համարվում էր, որ նա հսկայական կառույցներ է ստեղծել հանուն իր կարճաժամկետ քաղաքական նպատակների եւ հավակնությունների՝ ցանկանալով ցույց տալ սեփական հզորությունն ու մեծությունը։ Հսկայական նյութական եւ մարդկային կորուստները հանգեցրել են ներքին հակամարտությունների, քաղաքական անկայունության եւ կայսրության կործանմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ