News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 14
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


ՊՎԾ-ին հանձնարարել եմ ուսումնասիրություններ իրականացնել այս ոլորտում, որ հասկանանք, թե որտեղ է, որ հիմնականում մեր կառույցներում պատշաճ ձեւով ընթացք չի տրվում ներդրումային առաջարկին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14–ին, ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պալատի տարեվերջյան հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր Կառավարությունը իր գործունեության առաջին օրերից Հայաստանում իրականացված քաղաքական հեղափոխությունից հետո հռչակել է Հայաստանում տնտեսական հեղափոխություն  իրականացնելու օրակարգը։ Ըստ էության առաջին փուլում այդ ճանապարհով գնալու համար մենք հռչակել ենք 3 հիմնական ուղղություն, առաջինը` կոռուպցիայի դեմ պայքարը, երկրորդը` մենաշնորհների վերացումը և երրորդը՝ ստվերային տնտեսության դեմ պայքարը։ Մեր առաջին շերտի գործողությունները ուղղված են եղել հենց սրան։ 2019 թվականի տնտեսական տարվա արդյունքներով արդեն մոտենում ենք ավարտին, այս մոտեցումը արդարացրել է իրեն և ցույց է տվել իր արդյունավետությունը, որովհետև այս տարի մենք սպասում ենք 7 տոկոսին մոտիկ տնտեսական աճ, ընդ որում, այդ տնտեսական աճը ունենալով՝ սպասում ենք տնտեսության մեջ էական և շոշափելի փոփոխություններ։ Եվ այդ փոփոխությունների հիմնական մասը հենց տեղավորվում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած տեսլականին։ Հասկանում ենք, որ այս 3 գործիքներն ունեն որոշակի պոտենցիալ, և պոտենցիալ արտահայտում են մեր պատկերացումը Հայաստանի տնտեսության ապագայի և զարգացման ուղղությունների վերաբերյալ։

Դրանցից առաջինը համահարթ եկամտահարկի ներդրումն է, այդ ուղղությունը շարունակելու ենք, այս պահին 23 տոկոս համահարթ եկամտահարկ է ներդրվում հունվարի 1-ից, և այդ պրոցեսը կշարունակվի։ Մենք առաջիկա տարիներին կունենանք 20 տոկոս համահարթ եկամտահարկ, որոշակի իջեցում է նախատեսվում նաև շահութահարկի գծով։ Միկրոբիզնեսն ազատում ենք հարկերից, սա ցույց է տալիս մեր գործունեության 2 հիմնական ուղղությունը․ առաջինը՝ խթանել տեխնոլոգիական ոլորտի և IT ոլորտի ներդրումները Հայաստանում։ Գրավչությունը երկրի այդ ոլորտի համար բարձրացնել, զուգահեռ նաև որպես աղքատության հաղթահարման գործիք միկրոբիզնեսն ընդհանրապես ազատել հարկերից, որովհետև մեր պատկերացումը շարունակում է մնալ նույնը, որ աղքատության հաղթահարման այլ ճանապարհ,  քան աշխատանքն է գոյություն չունի։ Հետևաբար, եթե մենք ուզում ենք որևիցե քաղաքացու օգնել աղքատության հաղթահարման գործում, ապա մենք պետք է նրա համար ստեղծենք աշխատանքի դաշտ»,– ասել է նա։

Ըստ Փաշինյանի՝ կառավարությունն այս ուղղությամբ նաև որոշակի ծրագրեր է իրականացնում և սոցիալական բլոկի քաղաքականությունը նույնպես միտված է աշխատանքի խրախուսմանը։

«Կարծում եմ, ավելորդ չէ հիշատակել «Ավելացված արժեքի հարկի ժամկետանց պարտքերի կամ դեբետների վերադարձի մասին» օրենքի մասին նախագիծը, որն արդեն ընդունված է, և պրոցեսը սկսվել է։ Մենք 45-56 միլիարդի չափով պատրաստվում ենք ավելացված հարկերի պարտքերը վերադարձնել տնտեսվարողներին։

Եթե 2017 թվականին վերադարձվել էր մոտ 57 միլիարդ դրամի ավելացված արժեքի հարկ, այս տարվա 10 ամիսների կտրվածքով վերադարձի թիվը կազմում է մոտ 114 միլիարդ դրամ։ Սրանք այն գումարներն էին, որոնք անարդարացիորեն կամ օրենսդրական կարգավորումների բերումով դուրս էին դրվել շրջանառությունից, հիմա այդ գումարները մենք վերադարձնում ենք տնտեսությանը՝ հույս ունենալով, որ այդ գումարները կվերաներդրվեն տնտեսության մեջ։ Մենք այստեղ ռեպրեսիվ կամ վարչական լծակներ չունենք, որ պարտադրենք, որ ներդրումներ տեղի ունենան Հայաստանում, բայց մենք այս կոչը հղել են ավելացված արժեքի դեբետի մնացորդները հետ ստացող ընկերություններին՝ կոչ անելով այդ գումարները, որոնք, ըստ էության, կորսված գումարներ էին, իրենց ընկալմամբ՝ ոչ ոք չէր պատրաստվում կամ լուրջ չէր կարող վերաբերվել, որ դրանք կարող են հետ ստանալ։ Կլինեն ընկերություններ, որոնք ներդրումների կոչին կարձագանքեն, և բոլոր այդ ընկերություններին մենք կընկալենք որպես գործընկեր»։

Փաշինյանը խոսեց նաև Հայաստանում ներդրումային միջավայրի մասին։

«Չենք կարող ասել, որ մենք հասել ենք ներդրումային միջավայրի մի իդեալական տեսարանի։ Մենք այս ոլորտում ունենք հանրահայտ և լատենտ պրոբլեմներ։ Եվ պրոբլեմների լուծումը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում։ Ինստիտուցիոնալ առումով տնտեսության զարգացման համար ամենակարևոր գործոններից և այս պահին ամենամեծ խոչընդոտներից մեկը արժեթղթերի շուկայի կամ չզարգացած լինելն է։ Սա պրոբլեմ է ստեղծում և ընկերությունների և քաղաքացիների համար, որովհետև քաղաքացիներն իրենց հնարավոր խնայողությունները ներդնելու այլընտրանք չեն ունենում, բացի բանկային համակարգը, իսկ ընկերությունները նոր ֆինանսական միջոցներ ներգրավվելու այլընտրանք չեն ունենում։ Մենք չենք կարող պարծենալ, որ մեր բանկային համակարգում տոկոսները շատ ցածր են։ Հայաստանում արդեն կան ընկերություններ, որոնք չեն սպասում արժեթղթերի շուկայի զարգացմանը, և արդեն նախաձեռնություն են ցուցաբերում, արժեթղթեր են թողարկում։

Օտարերկրյա ներդրումների առումով նույնպես ունենք խնդիրներ։ Մենք մտադիր էինք վերաֆինանսավորել 500 միլիոն դոլարի պարտք, այսինքն՝ մեր թողարկման ծավալը կազմում էր 500 միլիոն դոլար, բայց պահանջարկը շուկայում գերազանցում էր 2 միլիարդ դոլարը։ Մենք գալիս և հանգում ենք հաջորդ տնտեսական զարգացման համար ամենակարևոր խնդիրներից մեկի լուծմանը, խոսքը կապիտալ ծախսերի մասին է՝ պետության կողմից իրականացվող։ Հայաստանում կապիտալ ծախսերի իրականացումը միշտ ուղեկցվել է տարբեր կարգի խրոնիկ պրոբլեմներով, և 2018 թվականի իրադարձություններից հետո այդ խնդիրը խտացել է ևս մի բաղադրիչով, դա կոռուպցիայի դեմ պայքարի բաղադրիչն է։

Հիմա տեսնում ենք, որ ունենք նաև բավականին մատչելի, հնարավոր մեգանախագծերի ֆինանսավորման պոտենցիալ։ Ամենալավ պոտենցիալը Եվրոբոնդերի նոր հնարավոր թողարկումն է, բայց այդ հարցում նախ պետք է կողմնորոշվել կոնկրետ նախագծերի իրականացման հարցում։  

Հայաստանում շարունակում է պահպանվել բարձր տնտեսական տրամադրությունը, և այդ տրամադրությունը մեզ հույս է տալիս, որ մենք 2020 թվականին կմեծացնենք տնտեսական աճի մեր տեմպը։ Ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունները վերագնահատել են Հայաստանի տնտեսական աճի առաջիկա տարիների կանխատեսումները։

Այն դաշտը, որի վրա պետք է կառուցվի նոր տնտեսական հարաբերությունը, պատրաստ է։ Այսօր պետք է խոստովանել, որ մենք դեռեւս չունենք տնտեսական ներդրումային առաջարկներին բավարար արագությամբ արձագանքող մեխանիզմ։ ՊՎԾ-ին հանձնարարել եմ ուսումնասիրություններ իրականացնել այս ոլորտում, որ հասկանանք, թե որտեղ է, որ հիմնականում մեր կառույցներում պատշաճ ձեւով ընթացք չի տրվում ներդրումային առաջարկին, որպեսզի դրանից որոշակի կազմակերպչական անհրաժեշտության դեպքում նաեւ օրենսդրական հետեւություններ անենք։ Գործարարը Հայաստանում ամեն օրվա հետ նոր իմիջ է ձեռք բերում, մանավանդ այն համատեսքստում, երբ մենք, ըստ էության, տեսնում ենք, որ պետական բյուջեի եկամուտներն աճում են, քանի որ Կառավարությունը պայքարում է ստվերի դեմ։ Հարկերը գոյանում են այն պատճառով, որ կան ընկերություններ, գործարարներ, ովքեր ստեղծում են ավելացված արժեք և օրենքի առաջ պարտաճանաչ կատարում են իրենց պարտականությունը։

Անցել են այն ժամանակները, երբ տնտեսությունը կառուցվում էր մարդկանց այս կամ այն իրավունքների շահագործման վրա։ Սա 21-րդ դարն է և աշխատանքի հին մեթոդները՝ ոչ միայն բիզնեսի, այլև քաղաքականության մեջ, կրթության մեջ, պարզապես տեղ չունեն»,– ասաց Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ