News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Այսօր մեր իրականությունում տեղի են ունենում երեւույթներ, որոնք ես պայմանական կանվանեմ ֆուտուրիստական իրավաբանություն: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Վերնատուն» ակումբում իր ելույթում նշեց Արցախի նախկին օմբուդսմեն, իրավաբան Ռուբեն Մելիքյանը:

«Մի քանի սկզբունքներով է այն գործում. առաջինը՝ անսկզբունքայնություն՝ սկզբունքայնության փոխարեն, առօրեականություն՝ համակարգվածության փոխարեն, էկլեկտիզմ՝ տրամաբանության փոխարեն, էֆեկտ՝ էֆեկտիվության փոխարեն:  Այս սկզբքունքների լույսի ներքո կարող ենք բազմաթիվ իրադարձություններ գնահատել»,-ասաց Մելիքյանը եւ թվարկեց դրանք:

«Մայիսի 20-ին դատարանների արգելափակումը լիովին տեղավորվում էր ֆուտուրիստական իրավաբանության շրջանակներում, որովհետեւ պրակտիկայում չի եղել դեպք, երբ գործադիր իշխանության ղեկավարի հրահանգով դատարաններն արգելափակվեն: Շատ հետաքրքիր է, որ այդ ակցիային մասնակցող մարդիկ, որոնք պատգամավոր չեն եղել, թաղապետարանի աշխատողներ չեն եղել, ժողովրդի ներկայացուցիչներ են եղել, հիմնականում այն մարդիկ էին, որոնք այդ դատարանների որոշումներից դժգոհություն են ունեցել:

Այս քայլի դեմ մի քանի քրեական գործեր հարուցելու միջնորդություններ են եղել, որոնք մերժվել են այն պատճառաբանությամբ, որ այո, եթե անգամ ձեւական առումով այստեղ խախտվել է օրենք եւ այն համապատասխանում է քրեական օրենսգրքով նախատեսված որոշակի հանցակազմերի, միեւնույն է, այստեղ հանցագործություն չկա, որովհետեւ բովանդակային առումով չկա հանրային վտանգավորություն:

ԲԴԽ-ն չարձագանքեց այս նախաձեռնությանը, եւ մենք հիշում ենք, որ ԲԴԽ կազմից մեկ անդամ նույնիսկ պաշտպանեց այդ միջոցառումը: Այստեղ եւս կա ֆուտուրիզմ, որովհետեւ դա նույն անդամն էր, որ մի քանի օր առաջ հրաժարական տվեց, հետո մի քանի ժամից հետ վերցրեց»,-ասաց նա:

Ֆուտուրիստական իրավաբանության հաջորդ դրվագն, ըստ Մելիքյանի այն էր, որ հունիսի 20-ին ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանն իրեն ՍԴ նախագահ ինքնահռչակեց:

«Դժվար է  գտնել այդպիսի դեպք, երբ մարդը ստանձնի ՍԴ դատավորի պաշտոնը եւ ինքնահռչակվի ՍԴ նախագահ: Հետո ինչ-որ ֆուտուրիստական տեսություն առաջ քաշի ՍԴ անդամ-դատավորի հետ կապված, եւ անմիջապես ինչ-որ մի խումբ լծվի այդ տեսությունը հիմնավորելու գործին, պարզվի, որ ՍԴ-ում ճգնաժամ է, որը 2-3 ամիս առաջ որեւէ մեկին հայտնի չէր: Հայտնի պատգամավորներն էլ ասեն, որ եթե դա ՍԴ նախագահին դուր չի գալիս դա, թող դիմեն վարչական դատարան:

Այս ամենն անհետեւանք չի մնում. Օրինակ, 2015-ի Սահմանադրությամբ վերահսկիչ պալատը դարձել է վերաքննիչ պալատ եւ այստեղ էլ անցումային դրույթներ կան, եւ չի բացառվում, որ վաղը այս հարցն էլ բարձրացվի: Այս պահին էլ կա քներական գործ, որտեղ Հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության նախկին պետը այդ հիմքով դիմել է դատարան եւ պնդում է, որ Պալատի նախագահը լեգիտիմ չէ, որովհետեւ Սահմանադրությունը փոխելուց հեռտո այսպիսի խնդիր է առաջացել: Ֆուտուրիզմը ունենում է հետեւանքներ»,-ասաց նախկին օմբուդսմենը:

Նա անդրադարձավ նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի նկատմամբ հարուցված քրգործին եւ նրանց կալանավորմանը. «Երբ ՍԴ դատավորի նկատմամբ ոտնձգություն էր տեղի ունեցել, անգամ ոտնձգության ինտենսիվությունն ավելի մեծ էր, որովհետեւ ֆիզիկական միջամտություն էր եղել, հայհոյանքներ էին եղել, դրա հետ կապված որեւէ քրգործ չհարուցվեց: Իսկ այս դեպքում ոչ միայն քրգործ հարուցվեց, այլ նաեւ միանգամից վերաորակում տեղի ունեցավ մի այնպիսի հոդվածով, որ պետությունը կարող է կիրառել կալանք: Այդ հոդվածը այն է, որ երիտասարդների հնչեցրած հարցը արդարադատության իրականացմանը խոչընդոտ է: Փաստորեն այդ հարցը լսելուց հետո դատավորը այլեւս չի կարող պատշաճ ձեւով իրականացնել արդարադատություն: Եթե խոսքը լիներ դատավորի նկատմամբ վիրավորանքի մասին, կարելի էր դա քննարկել, բայց արդարադատության իրականացմանը խոչընդոտել համարելը ֆուտուրիզմի «վերին պիլոտաժ» է: Հետո զարմանում են, որ նրանց համարում ենք քաղբանտակյալ: Նրանցից մեկը բառ անգամ չի ասել:

Ինչպես կարելի է ֆուտուրիզմ չհամարել այն գործը, որ հարուցվեց Արման Բաբաջանյանի բողոքի հիման վրա, այնպիսի արարքի համար, որը մի շարք այլ անձնաց է վերաբերում: Որ պատգամավորից այլ պաշտոնի անցնելու կապակցությամբ, որը կարելի է տարածել նաեւ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի կողմից պատգամավոր դառնալու գործընթացի մասով: հետո այս գործը սահուն անցում կատարեց Արսեն Բաբայանի մասով, նրան մեղադրանք առաջադրվեց ՍԴ-ում իշխանության յուրացման համար: Այն դեպքում, երբ եթե խոսք է գնում ՍԴ իշխանության մասին, մենք պատկերացնում ենք այն որպես ինստիտուտ, ոչ թե մեկ անդամ, այն պարագայում, երբ ՍԴ նախագահը որեւէ լրացուցիչ սահմանադրական լիազորություն չունի մյուս ադատավորներից: Դա նույն բանն  է, որ մեկը մյուսին գրիպով վարակի եւ սպանության հանցակազմով գործ հարուցեն ու լուրջ դեմքով ասեն՝ պետք է քննենք, տեսնենք՝ հանցակազմ կա, թե չկա, հետո հերոսական երաշխավորագրով ազատ արձակեն»:

Մելիքյանը նշեց, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի գնալու վերաբերյալ նախագիծը եւս ֆուտուրիստական տարրեր է պարունակում. «Վենետիկի հանձնաժողովը հստակ հայտարարել է, որ այստեղ ոչ մի դեպքում չի կարող լինել կամավորության սկզբունքից շեղում: Բայց մենք տեսնում ենք, թե ինչպիսի ճնշումներ կան թե ՍԴ նախագահի, թե այլ դատավորների մասով: Սա կոռուպցիոն մեխանիզմ է, որ մեզնից հավաքած հարկերը պետք է գնան ոչինչ չանող մարդկանց:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախկինում երկար քննարկվել էր, որտեղ պրոֆեսիոնալիզմի համար լուրջ երաշխիքներ էին նախատեսվել: Իշխանությունները հիմա ամբողջությամբ քաղաքական են դարձնում այս մարմինը, նրանց տալիս են բազմաթիվ այլ լիազորություններ, հետո փորձում են ներկայացնել, թե կա առաջընթաց կոռուպցիայի կանխարգելման հարցում:

Իրերն իրենց անունով կոչելուց հետո պետք է ինչ-որ բաներ մշակել, որոնք անտիդոտներ լինեն այս ամենին: Մեր իրավաբանությունը բավական լուրջ դիմադրություն է ցույց տալիս այս ֆուտուրիստական իրավաբանությանը»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ