News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայաստանի նոր իշխանությունների հակասական հայտարարությունները Ղարաբաղի հիմնախնդրով բանակցային գործընթացը փակուղի են մտցրել: Օրինակ՝ Բաքուն ասում է, որ փաստաթուղթ կա, իսկ Երեւանն ասում է՝ չկա: Այսօր Ադրբեջանն ու միջազգային հանրությունը մի դիրքորոշում ունեն, իսկ Հայաստանը՝ այլ, ինչի մասին 2 անգամ խոսել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին նոյեմբերի 15-ին «Վերնատուն» ակումբի նիստում ասաց ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը:

«Սա մեզ համար անչափ լուրջ սպառնալիք է, եւ Ադրբեջանն արդեն լուրջ փաստարկներ է ստացել ապագա ռազմական գործողությունների արդարացման համար: Այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ որեւէ միջազգային միջոցառման ժամանակ բանակցությունների սեղանին կարող է հայտնվել մեզ համար անընդունելի փաստաթուղթ, որի վրա մենք առավելագույնը կարող ենք վետո կիրառել եւ ստանալ «Լիսաբոն 2»: Բացառված չէ, որ առաջիկայում այդպիսի փորձ է իրականացվելու Բրատիսլավայում»,- նշեց նա: Նրա խոսքով՝ վերջին մեկուկես տարում սրված ավանդական մարտահրավերներին եւ սպառնալիքներին հավելվել են նոր որակի արտաքին քաղաքական տարածաշրջանային մարտահրավերները:

«2018 թվականի մայիսի դրությամբ բանակցությունների սեղանին միայն մեկ հարց կար, խոսքը ամբողջ շփման գծում միջոցառումների մասին է: Ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ կային միջազգային հանրության երեք նախաձեռնություններ՝ ամբողջ շփման գծում հատուկ սարքերի տեղադրում, ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնում, հրադադարի ռեժիմի խախտումների կանխման մեխանիզմների ստեղծում: Ստացվում է, որ օրակարգում էր միջազգային տարրերի ներդրման հարցը, սա մեզ համար չափազանց ձեռնտու էր: Այս օրակարգը կար արդեն 2014 թվականից, իսկ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո դարձավ միակը»,- նշեց Դավիթ Շահնազարյանը:

Նրա կարծիքով՝ այդ ժամանակ միջազգային հանրությունը՝ ի դեմս ԵԱՀԿ ՄԽ երկրների իր վրա պատասխանատվություն վերցրեց՝ կապված շփման գծում իրավիճակի հետ եւ փորձ արվեց մտցնել միջազգային կարգավորման տարրեր, ինչն էլ ընդունված է անվանել Ժնեւի, Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի օրակարգեր: «Կարգավորման տեսակետից 2007 թվականին հայտնվել է մադրիդյան փաստաթուղթը, որը հանրությունը բացասաբար ընդունեց: Բայց պետք է հասկանալ, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքները, որոնք այդ ժամանակ են հայտնվել, ղարաբաղյան հակամարտության նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը զգալիորեն փոխել են: Փաստաթուղթը ղարաբաղյան հակամարտությունը որակապես առանձնացրել է հետխորհրդային տարածքի մյուս հակամարտություններից, այդ թվում՝ Վրաստանում, Մերձդնեստրում, Ուկրաինայում: Նման դեպքերում միջազգային հանրության դիրքորոշումը հստակ կողմնորոշվել է դեպի տարածքային ամբողջականության սկզբունք: Դրանից բացի, կարեւոր է այն փաստը, որ Հայաստանն ու միջազգային հանրությունը հետեւում էին մեկ դիրքորոշման, իսկ Ադրբեջանը՝ այլ»,- պարզաբանեց նա:

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների նոր բանակցային կետը հիմնված է այն հանգամանքի վրա, որ ինքնորոշման սկզբունքի մասին չի խոսվում, եւ անգամ եթե խոսվում է, ապա դրան հաջորդում են այդ սկզբունքին հակասող հայտարարություններ: «Խոսք չկա նաեւ 3 սկզբունքների մասին, եւ դրանք, ըստ էության, մերժվում են: Ինքնորոշման սկզբունքը պետք է դրվի բանակցությունների հիմքում, եւ պետք է բացառել դրան հակասող ցանկացած հայտարարություններ, օրինակ՝ «լուծումը պետք է ընդունելի լինի նաեւ Ադրբեջանի համար», կամ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», կամ «պետք է հանրաքվե անցկացնել»»,- պարզաբանեց Շահնազարյանը:

Նա նշեց, որ ամբողջ հայ ժողովրդի կարեւորագույն խնդիրը պետք է լինի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացը, քանի որ սա մեր ամբողջ ժողովրդի անվտանգության հարցն է:

«Դրանից բացի, անհրաժեշտ է բացառել փաստաթղթի քննարկումը, որում նշված չի լինի, որ Արցախը դառնալու է միջազգային հարաբերությունների սուբյեկտ, եւ որում չի գրանցվի Արցախի քաղաքական կարգավիճակը: Անհրաժեշտ է նաեւ վերադարձնել Ժնեւի, Վիեննայի եւ Պետերբուրգի օրակարգերը: Այս ամենին հնարավոր է հասնել միայն միավորվելով, որ հանրությունն այս հարցերը ընկալի որպես առաջնահերթություն՝ հաշվի առնելով, որ անընդհատ ի հայտ են գալիս կեղծ օրակարգեր»,- հայտարարեց նա:

Նրա խոսքով՝  իշխանափոխությունից հետո հարձակումներ սկսվեցին վերջին տարիներին ձեւավորված ինստիտուտների վրա, եւ այն ամենը, ինչն անընդունելի է, խրախուսվում է, ու հարվածի տակ են հայտնվում ոչ միայն դպրոցը, եկեղեցին, մշակույթը, այլ նաեւ մյուս կառույցները, որոնք կամ ավերված են, կամ ծառայում են  մեկ մարդու շահին: «Այդ ինստիտուները պետք է ծառայեն արցախյան խնդրի լուծմանը: Այն, որ դրանք ավերվել են, նկատելի դարձավ Աշգաբադում, եւ բրիտանական ալիքով ԱԳ նախարարի մամուլի ասուլիսում: Այսպես կոչված, նոր Հայաստանը պատերազմ է հայտարարել ստեղծված դրական ամեն ինչին եւ մերժում է ամեն հինը: Ի՞նչն է մերժում: Հին Հայաստա՞նը, որն ապահովել է Արցախի անվտանգությունը եւ հակառակորդին հրադադար է հարկադրել, որն ապահովել է համաժողովրդական մոբիլիզացիան եւ միավորումը: Ես համոզված եմ, որ ներկայիս իշխանությունները երկիրը ձախողման են բերել: Մենք պետք է խորքային պետություն ստեղծենք: Վստահ եմ, որ մենք այս վիճակից դուրս կգանք, չնայած եւ ոչ առանց կորուստների, եւ ավելի ուժեղ կլինենք: Չկա նոր Հայաստան, կա Հայաստան, որը գալիս է Հայկից, որը կարող է աշխարհին զարմացնել: Միայն ազգային, ժողովրդավարական պետություն ստեղծելու, էվոլյուցիոն վերափոխումների ճանապարհով Արցախի հետ միասին մենք կկարողանանք դառնալ ազդեցիկ տարածաշրջանային ուժ եւ արեւելյան ու արեւմտյան հարեւաններին խաղաղություն հարկադրել»,- եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ