Չինաստանը եւ ԱՄՆ-ը պետք է հաշտվեն այն բանի հետ, որ մեկը մյուսի հանդեպ գերազանցություն չի կարող ունենալ։ Այս մասին ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը՝ նախազգուշացնելով, որ կոնֆլիկտը ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ կհանգեցնի «աղետալի հետեւանքների», որոնք «ավելի վատ կլինեն, քան համաշխարհային պատերազմների հետեւանքները»։ Որպեսզի դա տեղի չունենա, երկու երկրները, ինչպես նշել է դիվանագետը, պետք է կարգավորեն տարաձայնությունները, տեղեկացնում է «Կոմերսանտը»։
«Նախկինում երբեք այնպես չի եղել, որ երկու խոշոր երկրներ աշխարհի տարբեր մասերում գտնվեն նույն դրության մեջ»,- ասել է Քիսինջերը՝ ելույթ ունենալով «Ամերիկա-չինական հարաբերությունների ազգային կոմիտե» ոչ կառավարական կազմակերպության միջոցառմանը (մեջբերումը՝ South China Morning Post թերթից)։ Միեւնույն ժամանակ, ամերիկյան դիվանագիտության 96-ամյա վետերանն ավելացրել է. «Բայց այսուհետ չի կարելի կարծել, թե մի կողմը կկարողանա գերիշխել մյուսի վրա։ Երկրները, որոնք մինչեւ հիմա կարելի էր համարել բացառիկ, պետք է ընդունեն այն փաստը, որ իրենք հիմա մրցակից ունեն։ Լիակատար համաձայնություն ամեն ինչում կարող է եւ չլինել։ Բայց մշտական կոնֆլիկտում չի հաղթի կողմերից ոչ մեկը»։
Բացի այդ, պարոն Քիսինջերը բացատրել է տարբերությունը ԱՄՆ-ի եւ Չինաստանի մոտեցումներում արդիականության հարցերի վերաբերյալ. «Մենք (ամերիկացիները) շատ պրագմատիկ ենք. համարում ենք, որ այսօրվա խնդիրների լուծումը կհանգեցնի խնդրի վերջնական լուծման (Պեկինի եւ Վաշինգտոնի հարաբերությունների միջեւ) ընդհանրապես։ Իսկ չինացիները կարծում են, թե մի խնդրի լուծումը ծնում է մեկ ուրիշը։ Նրանք դա ընկալում են որպես խնդիրների էվոլյուցիա»։
Նախագահ Ռիչարդ Նիքսոնի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում, որն զբաղեցրել է 1969 թվականին, Քիսինջերը նախաձեռնել է ԱՄՆ-ի եւ կոմունիստական Չինաստանի միջեւ հարաբերությունների կարգավորումը։ 1972-ին պարոն Նիքսոնը այցելել է Չինաստան, որտեղ հանդիպել է երկրի Կոմունիստական կուսակցության նախագահ Մաո Ցզեդունի հետ։