Եթե նայենք ՝ մինչեւ իշխանության գալը Նիկոլ Փաշինյանն ինչ արժեքների մեջ էր իր խոսքը տեղավորում եւ դրանից հետո ինչ է անում, կհասկանանք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսկապես ոչնչացնում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15–ին, «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց «Ակունք» քաղաքական վերլուծական կենտրոնի ղեկավար, խորհրդարանի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։

«Այն տրամադրությունները որ կային մեկ տարի առաջ, հիմա այդպես չէ։ Ես ճանաչում էի իրեն, դրա համար ես միանգամից մի քիչ կասկածով վերաբերվեցի նրան, ինչ կատարվում է, բայց այսօր արդեն բավական մեծացել է դաշտը, շատերն են հասկանում՝ ինչ է կատարվում։ Ես ուրախանում եմ, որ նրանք, ովքեր հիասթափվել են, չեն հայհոյում, այլ պատճառահետեւանքային կապով են ասում, փաստարկում։

Ես հավատում եմ, որ մոտ 15 հազար ֆեյք առավոտից երեկո նստած է, որ հայհոյի բոլոր նրանց, ովքեր ինչ որ բառ են ասում Նիկոլ Փաշինյանի դեմ։ Դա պարտության ամենակարճ ժամանակն է։ Իրենք չգիտեն, որ սա պարտություն տանելու ամենակարճ ճանապարհն է, իրենք բանավեճի չեն գալիս։ Մենք հրավիրել ենք մարդկանց, նրանք չեն գալիս։ Այդ մշակույթը ինքը բացառեց, որովհետւ բանավեճ չկա ոչ սոցցանցերում, ոչ եթերում, չկա այդ բանավեճը»,– ասաց նա։