News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն այսօր մասնակցել է «Մարտահրավերներ եւ բարեփոխումներ. Մարդու իրավունքները փակ հաստատություններում» թեմայով համաժողովին: Վերջինի ընթացքում ամփոփվել են «Հանրային հայացք՝ փակ աշխարհին. Մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանի փակ հաստատություններում» երկամյա ծրագրի արդյունքները:

Փոխնախարարն Արդարադատության նախարարության անունից շնորհակալություն է հայտնել  ծրագիրն իրականություն դարձնելու համար, կարեւորել լրագրողների դերն ու նշանակությունը փակ հիմնարկներում առկա խնդիրների վերհանման հարցում եւ շեշտել, որ լրագրողների, Դիտորդների խմբի եւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից բարձրացված խնդիրները Նախարարության ուշադրության կենտրոնում են: Այդ համատեքստում Սրբուհի Գալյանը տեղեկացրել է, որ ՔԿՀ-ներում առկա խնդիրների լուծումներն ամփոփված են Քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի ռազմավարության նախագծում: «Այսօր մենք հնարավորություն ունենք լուծելու տարիներ շարունակ արմատացած, քարացած խնդիրները, որոնք առկա են քրեակատարողական հիմնարկներում. կառուցելու ենք նոր ՔԿՀ-ներ, ապահովելու ենք պատժի կրման արժանապատիվ  պայմաններ, իրականացնելու ենք վերասոցիալականացմանն ուղղված աշխատանքներ, բարձրացնելու ենք դատապարտված եւ կալանավորված անձանց տրամադրվող  բժշկական սպասարկման որակը: Այսինքն, մոտ ապագայում հնարավորություն կունենանք իրականացնելու ՔԿՀ-ներում պահվող անձանց մասնագիտական պատրաստումը, այնուհետեւ՝ աշխատանքով ապահումը»,- ասել է նախարարի տեղակալն ու կոչ արել գործընկեր հասարակական կազմակերպություններին  հանդես գալ համապատասխան առաջարկներով ու ծրագրերով:

Համաժողովի շրջանակում Նախարարության Քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփինե Սարգսյանը մասնակցել է Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ քննարկմանն ու ներկայացրել ՔԿՀ-ներում առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Այնուհետեւ, Ծրագրի շրջանակում իրականացվող մեդիամրցույթի ընթացքում Արդարադատության նախարարի շնորհակալագրով է պարգեւատրվել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության «Forrights.am» կայքի թղթակից Ռաֆիկ Ենգիբարյանը՝ բաց ռեժիմում պահվող դատապարտյալների կյանքին ու խնդիրներին անդրադառնալու համար: 

Տպել
Ամենաշատ