News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե հիմա մաքսատանը հերթերը ձգվում են 1,5 կիլոմետր, ապա այդ որոշումից հետո դրանք կհասնեն 3,5 կիլոմետրի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը՝ մեկնաբանելով ՀՀ Պետեկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունն այն մասին, որ նոյեմբերի 18-ից ավտոքարշակներով ներկրվող մեքենաների մաքսային ձեւակերպումը կիրականացվի նաեւ Գյումրիում, իսկ նոյեմբերի վերջից ավտոմեքենաների բոլոր մաքսային ձեւակերպումներն իրականացվելու են միայն Գյումրիում։

«Այսպիսի պայմաններում իմաստ չունի բողոքի ակցիաներ իրականացնել, քանի որ մեզ ոչ ոք չի լսում։ Եթե իշխանափոխությունից հետո մեր կարծիքի հետ ինչ-որ ձեւով հաշվի էին նստում, ապա հիմա իշխանությունները ոչ մեկի կարծիքը չեն լսում։ Դրա արդյունքում նրանք թույլ են տալիս սխալներ, իսկ հետո արդարանում են։ Նման որոշումները հանգեցնում են այն բանին, որ մարդիկ օրերով հերթ են կանգնում, այն դեպքում, երբ նրանց համար չեն ապահովվում ամենատարրական պայմաններ։ Խոսում են այն մասին, թե նման բարեփոխումներն ուղղված են Գյումրիի տնտեսական զարգացմանը, բայց փոփոխությունների արդյունքում քաղաքի 2-3 փողոց վերածվել է բաց զուգարանների։ Եթե սա կոչվում է տնտեսական զարգացում, ապա ասելու բան չունեմ»,- նշել է նա։

Նրա խոսքով՝  այս խնդիրն ունի շատ պարզ լուծում, եթե կիրառվի ձեւակերպում VIN-կոդի օգնությամբ։

«VIN-կոդով տարբերակը (մեքենայի ունիկալ իդենտիֆիկատոր- խմբ.) կիրառվում է Երեւանում, ինչը հնարավորություն է տալիս փոխադրամիջոցը ձեւակերպել Նորագավիթի մաքսատանը միայն կոդի լուսանկարի առկայությամբ բջջային հեռախոսում։ Եթե նման համակարգն աշխատում է մայրաքաղաքում, ինչո՞ւ այն չի կարելի կիրառել նաեւ Գյումրիում»,- ամփոփել է Իգիթյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն տարածել է հաղորդագրություն այն մասին, որ 2019 թվականի նոյեմբերի 18-ից երկիր ավտոքարշակներով ներկրվող ավտոմեքենանեի ձեւակերպումն իրականացվելու է նաեւ Գյումրիում, իսկ նոյեմբերի վերջից մեքենաների ամբողջ մաքսային ձեւակերպումներն իրականացվելու են միայն Գյումրիում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ