News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արցախի հիմնահարց, Հայաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտ և պետաիրավական հարցեր։ «Վերնատուն» ակումբի առաջին համաժողովի օրակարգը։ Իշխանությունների հակասական հայտարարությունները Արցախի հիմնախնդրով բանակցային գործընթացը փակուղի են մտցրել։ Դավիթ Շահնազարյանի ահազանգը։ Դատական ինքնիրավչություն, ֆեյքերի հարձակումներ, բզկտված հասարակություն. Արտախորհրդարանական գործիչների մտահոգությունները։ Երիտասարդ դաշնակցականները  ԲՀԿ–ին և «Լուսավոր Հայաստանին» առաջարկում են միանալ Արայիկ Հարությանունի պաշտոնանկության պահանջին։ Ցածր դնում ենք, բարձր թռնում ենք. վարչապետի պարզաբանումը բյուջե-2020-ի քննարկման ժամանակ։ Ջրահարսերի քաղաքը՝ ջրի մեջ։ Հեղեղվել է նաեւ Վենետիկի Սուրբ Ղազար կղզին։ 

Արցախի հիմնահարց, Հայաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտ և պետաիրավական հարցեր. այս օրակարգով էր առաջին հավաքը գումարել «Վերնատուն» ակումբը։ Կառույցի հիմնադիր Վազգեն Մանուկյանն հայտարարել է, որ Հայաստանում վաղուց զգացվում էր հանգիստ միջավայրում երկրի առջեւ ծառացած հարցերի քննարկման հարթակի ստեղծման անհրաժեշտություն։ 2018-ի շարժման նպատակները՝ պայքար կոռուպցիայի դեմ եւ պետության վերադարձ ժողովրդին, Վազգեն Մանուկյանի, համոզմամբ, տեղի չունեցան։ Վազգեն Մանուկյանի խոսքով՝ այս ճանապարհը տանում է անմակարդակ, ոչ ազգային բռանպետություն:  Վերնատան հիմնադրի համոզմամբ, այժմ բավական բարդ հարաբերություններ են Արցախի և Հայաստանի ղեկավարներ միջև։ Նրա խոսքով՝ այն տպավորությունն է ստեղծվում, որ ուզում են Արցախի հարցը մի կերպ լուծվի, որ մենք հանգիստ ապրենք: Մինչդեռ խնդիրները լուծելու համար պետք է համախմբվել որոշակի գաղափարների հիմքի վրա: «Ակումբի հետագա գործունեությունը նպաստելու է համախմբվելուն, գաղափարների, պարզ սկզբունքների շուրջ, որ էլ ոչ ոք չկարողանա մեր ժողովրդին խաբել, որպեսզի պետությունն իսկապես պատկանի մեր ժողովրդին և կանգնենք մեր ազգային հենքի վրա, գնանք առաջ, քանի որ մենք իսկապես համաշխարհային ազգ ենք բոլոր առումներով», ասել է Վազգեն Մանուկյանը:

Հայաստանի նոր իշխանությունների հակասական հայտարարությունները Արցախի հիմնախնդրով բանակցային գործընթացը փակուղի են մտցրել, «Վերնատուն» ակումբի համաժողովին ասել է ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը: «Սա մեզ համար անչափ լուրջ սպառնալիք է, եւ Ադրբեջանն արդեն լուրջ փաստարկներ է ստացել ապագա ռազմական գործողությունների արդարացման համար», նշել է նա:

Արդեն մեկուկես տարի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվում է կոպիտ քաղաքական հետապնդում, «Վերնատան» համաժողովին հայտարարել է նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։ Նրա խոսքով՝ այս ընթացքում 3 կարեւոր առասպելներ են ջարդուփշուր եղել։ Նախ պարզվել է՝ Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահը, մարդ, որը ղեկավարել է Արցախի ինքնապաշտպանությունը, ոչ մի կապ չունի մարդկանց սպանությունների հետ։

Երկրորդ, Վիկտոր Սողոմոնյանի խոսքով՝ մարտի 1-ին տեղի չի ունեցել սահմանադրական կարգի տապալում. դա եւս կեղծիք է եւ պատմությունը վերաշարադրելու անհաջող փորձ։ Երրորդ՝ Քոչարյանի գործը ցույց է տվել, որ Հայաստանում կա շատ ուժեղ քաղաքացիական հասարակություն, ուժեղ իրավական հանրույթ, որը պատրաստ է պայքարելու ընդդեմ իրավական բեսպրեդելի եւ քաղաքական հետապնդումներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչնչացնում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին, համոզված է «Ակունք» քաղաքական վերլուծական կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանը, որն այդ մտքին է հանգել համեմատելով մինչեւ իշխանության գալը Փաշինյանի բարձրաձայնած արժեքները եւ դրանից հետո արածները։

Ամենամեծ երեւույթը, որ այսօր Հայաստանում կա՝ վախն է «Վերնատան» համաժողովին ասել է դաշնակցական գործիչ Հրանտ Մարգարյանը: «Ոչ այնքան վախը ֆիզիկական հալածանքից, որքան վախը խայտառակ լինելուց, մարդկանց խոսակցության նյութ դառնալուց, որ կասեն կոռումպացված է, թալանչի է: Պիտի քեզ հայհոյեն ու մնան կեղծանունների տակ: Այդ վախը մեզ այսօր ավելի է կաշկանդում, քան եթե ստալինյան ռեժիմ լիներ, բռնեին Սիբիր ուղարկեին: Իմ կոչը չվախենալն է»,- ասել է Հրանտ Մարգարյանը:

Իշխանությունների գահավիժումն սկսվում է այն պահից, երբ սկսում են ինքնասիրահարվել, լրագրողներին ասել է «Վերնատուն» համաժողովին մասնակցող ՀՅԴ բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա՝ այսօր ամենակարեւոր խնդիրը բովանդակային դիսկուրսի բացակայությունն է: «Հենց ուզում ես մի բովանդակային բան ասել, որը տարբերվում է իշխանության տեսակետից, միանգամից սկսում են պիտակավորել՝ սեւ ես, թալանչի ես, նախկին ես», ասել է նա: Ռուստամյանի խոսքով՝ այսօր իրավական դաշտում ինքնիրավչություն է, սամասուդ, բեսպրեդել, այդ ամենը չի կարող անհետեւանք մնալ:

Ազգային Ժողովում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե չեն ուզում դնել նշաձող, հետո չհասնել դրան, պարզաբանելով, թե ինչու է 2020 թվականի բյուջեում նախատեսվում 4,9 տոկոս տնտեսական աճ: «Մի քիչ ցածր դնում ենք, բարձր թռնում ենք: 2019-ի բյուջեում էլ է դրված եղել 4,9 տոկոս աճ, բայց այսօր ոչ ոք չի խոսում 4,9 տոկոսից, որովհետեւ այսօր Հայաստանի համար 4,9 տոկոսը աբսուրդ է: Այսօր ամենավատ կանխատեսումներով 2019-ին աճը կգերազանցի 6 տոկոսը, իսկ լավատեսական կանխատեսումներով՝ կհասնի 7 տոկոսի »,-ասել է Փաշինյանը:

«Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծից բողոքող ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները շարունակում են նախորդ շաբաթ սկսած դասադուլը։ Նրանք մտադիր են շարունակել իրենց բողոքի ակցիան մինչեւ նախարարի հետ հանդիպումը։

Այսօր ՀՅԴ երիտասարդական միությունը դիմել է ԲՀԿ–ին և «Լուսավոր Հայաստանին»՝ իրենց պայքարին միանալու և Արայիկ Հարությանունի պաշտոնանկության գործընթաց սկսելու առաջարկով։ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանը և Գեւորգ Պետրոսյանն այսօր գնացել են կրթության նախարարություն, որի առջեւ արդեն մի քանի օր բողոքի ակցիաներ են անցկացնում ՀՅԴ երիտասարդաական միության անդամները։ Նրանք ասել են, որ նամակը կարդացել են, սակայն դեռ վերջնական դիրքորոշում չունեն։

Աննախադեպ հեղեղումների պատճառով Իտալիայի կառավարությունը արտակարգ դրություն է մտցրել Վենետիկում։ Քաղաքի առաջնահեթր կարիքների համար հատկացվել է 20 մլն եվրո,- Թվիթերի իր էջում գրել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, որի խոսքով՝ Վենետիկի աղետը սրտին հարված է երկրի համար։ Ջրի մակարդակը Վենետիկում երեքշաբթի բարձրացել է նորմից 187 սանտիմետր վեր։ Վարչապետ Կոնտեն խոստացել է, որ մինչեւ 2021 թվականը կավարտվի Վենետիկը հեղեղումներից պաշտպանող «Մովսես» համակարգի կառուցումը։

Ադրիատիկ ծովի ջրերը հեղեղել են նաեւ Վենետիկի հայկական Սուրբ Ղազար կղզին։ Մխիթարյան միաբանությունը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր անմիջապես արձագանքել և աջակցություն են հայտնել Սուրբ Ղազար կղզու աղետալի վիճակի հետևանքները վերացնելու գործում: Միաբան հայր Համազասպ Քեշիշյանը ֆեյսբուքի էջում գրել է, որ իրենց ուժերով արդեն մաքրել են մայրավանքի ներքնահարկը։ Իսկ նվիրատվություն հնարավոր է անել Հայր Համազասպի էջում նշված հաշվեհամարներին։

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 15-ին, կազմել է 477.57 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 526.28 դրամ (աճել է 0.92 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 614.78 դրամ (աճել է 1.18 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.48 դրամ (աճել է 0.03)։

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ