News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 13
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Զանգեզուրի կայազորային հոսպիտալն իր առջեւ դրված խնդիրները կատարում է բարձր մակարդակով, որի ապացույցը նաեւ «Լավագույն հոսպիտալի» կոչումն է, որը հոսպիտալը 3 տարի վաստակել է։ Նույն տեմպով փորձում ենք այդ որակներն ավելի բարելավել։ Այս մասին Զանգեզուրի կայազորային հոսպիտալ այցելած լրագրողների հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ փոխգնդապետ Վարդան Ավագյանը։

Ավագյանի խոսքով՝ հոսպիտալը սպասարկում է ոչ միայն զինվորականերին, այլեւ բազմաթիվ քաղաքացիների։

«Նրանք ոչ միայն զինծառայողների ընտանիքների անդամներ, զինթոշակառուներ կամ պատերազմի վետերաններ են, այլեւ պարզապես քաղաքացիական անձինք»,– ասաց փոխգնդապետը։

Նրա խոսքով՝ զինվորների մոտ բարեբախտաբար այս պահին սեզոնին բնորոշ շնչառական հիվանդություններ չեն նկատվում. «Երեւի թե զորամասերում կազմակերպված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ, գրեթե չունենք շնչառական հիվանդությունների դեպքեր»։

Ավագյանի խոսքով՝ հոսպիտալը համալրված է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով։

«Հոսպիտալն առաջին անհրաժեշտության բոլոր գործիքային եւ լաբորատոր սարքավորումներով հագեցած է, սակայն վատ չի լինի, եթե ունենանք նորագույն այլ սարքավորումներ, որն էլ ավելի դյուրին կդարձնի հետազոտման գործընթացը եւ հիվանդների բուժման որակը։ Հոսպիտալի համար գնվել է նոր էնդոսկոպիկ սարքավորում, որը մոտ ժամանակներս կտրամադրվի մեզ։ Այդ պրոցեսը շարունակական է լինելու, համենայնդեպս խոստումներ կան, մենք էլ հավատում են վերադասի խոստումներին»,– ասաց հոսպիտալի պետը։

Ճառագայթային ախտորոշման կաբինետի ռենտգեն լաբարանտ ենթասպա Նաիրա Մարկոսյանի խոսքով՝ հոսպիտալում աշխատելը շատ դժվար եւ պարտավորեցնող է։

«Ես արդեն 20 տարուց ավելի է, ինչ ծառայում եմ եմ այստեղ։ Պետք է սիրել աշխատանքը, որ հաճույքով կատարես, քանի որ համեմատած քաղաքացիական հիվանդանոցների աշխատանքի հետ՝ այստեղ բավական բարդ ու դժվար ծառայություն է»,– ասաց Մարկոսյանը։

Նրա խոսքով՝ տարիներ արդյունքում հոսպիտալը բարեկարգվել է, նա հիշեց, թե 1990–ական թվականներին ինչպիսի պայմաններում են աշխատել։

«Մենք 1996 թվականին շատ դաժան պայմաններում ենք աշխատել՝ քանդված, հատակ չի եղել, իսկ հիմա փառք Աստծո շատ ավելի բարեկարգ պայմաններ են, որից մենք մեծ հաճույք ենք ստանում։ Սարքավորումներն էլ բավականին նոր են եւ արդարացնում են իրենց»,– ասաց Մարկոսյանը։

Հոսպիտալի պետի խոսքով՝ Զանգեզուրի կայազորային հոսպիտալը միակն է, որն ունի առանձին բաժանմունք հատուկ դեպքերի համար։

«Ոնենք ծավալված առանձին բաժանմունք, որը նախատեսված է հատուկ ժամանակահատվածի համար՝ մասսայական վիրավորումներ կամ հիվանդությունների բռնկման դեպքեր։ Նման դեպքերում հիվանդները մեկուսացվում են այդ բաժանմունքում եւ ստանում են բուժօգնություն։ Եթե լինի պատերազմ, այս բաժանմունքը կծավալվի որպես վիրաբուժական բաժանմունք եւ կսպասարկի մեծ քանակությամբ վիրավորների»,– ասաց Ավագյանը։

Նա ռազմական բժշկի մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորական խոսք հղեց ոլորտի բոլոր ներկայացուցիչներին։

«Ցանկանում եմ, որ մեր գործունեությունը ուղղված լինի միայն մեր զինվորի կյանքի որակն էլ ավելի բարելավելուն»,– ասաց հոսպիտալի պետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել