News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Դուալ կրթություն. մասնագիտական կրթության նոր հնարավորությունները և աշխատաշուկայի խնդիրները» թեմայի շուրջ քննարկում անցկացնելու նպատակով այսօր հանդիպում էին կազմակերպել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամն ու Տնտեսական լրագրողների ակումբը:

Անդրադարձ եղավ աշխատանքի վրա հիմնված մասնագիտական ուսուցում և դուալ կրթություն կազմակերպելու խնդիրներին ու հնարավորություններին:

Ներկաները ևս մեկ անգամ հաստատեցին, որ աշխատանքի վրա հիմնված ուսուցման առավել հեռանկարային մոդելի՝ դուալ համակարգի զարգացման հիմքում ընկած է մասնավոր հատվածի և կրթական համակարգի սերտ համագործակցությունը: Այդ կապակցությամբ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Մասնագիտական կրթության և ուսուցման քաղաքականության մշակման բաժնի պետ Արմինե Պողոսյանն իր խոսքում նշեց այն հիմնական խնդիրները, որոնք խոչընդոտում են մոդելի արդյունավետ ներդրմանը, մասնավորապես՝ առանձնացրեց օրենսդրական դաշտի բարելավման անհրաժեշտությունն ու գործատուների հետ համագործակցության ճկուն ձևաչափերի կիրառման հնարավորությունների բացակայությունը՝ հավելելով, որ մասնավոր սեկտորի ներգրավումը կրթական ոլորտ խիստ կարևոր է, քանի որ կրթական արդյունքների համապատասխանեցումն աշխատաշուկայի պահանջներին, ինչպես նաև դուալ կրթության ներդրումն առանց գործատուների մասնակցության հնարավոր չէ:

Կրթության փորձագետներն ու ծրագրի համակարգողները հայտնեցին, որ 2017 թվականից ՀՀ  ԿԳՄՍՆ ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) նախաձեռնությամբ Վայոց Ձորի, Տավուշի, Շիրակի տարածաշրջանային և Երևանի պետական հումանիտար քոլեջներում պիլոտային սկզբունքով ներդրվել է դուալ կրթության մոդելը գինգործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն և ճշգրիտ ճարտարագիտություն մասնագիտությունների գծով: Ընդ որում՝ դուալ կրթության մոդելի ներդրումն իրականացվում է ԳՄՀԸ/GIZ «Մասնավոր հատվածի զարգացում ու մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի շրջանակում:

Ա. Պողոսյանը հավելեց, որ մոդելի ներդրման փորձնական փուլի ավարտից և համապատասխան գնահատական տալուց  հետո, ԿԳՄՍ նախարարությունը նպատակ ունի այն ամբողջ համակարգում տարածելու՝ ընդգրկելով մասնագիտությունների ավելի լայն շրջանակներ:

Անդրադարձ եղավ նաև Եվրոպական կրթական հիմնադրամի կողմից նախաձեռնած ծրագրին՝ «Աշխատանքի վրա հիմնված ուսուցմանը», որն իրականացվում է գյուղատնտեսական ոլորտին ուղղված ԵՄ կողմից բյուջետային աջակցության ծրագրի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում: Այդ առնչությամբ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ արդեն կա աշխատանքի վրա հիմնված ուսուցման մշակված հայեցակարգ, որը ներդրվելու է գյուղատնտեսության ոլորտում՝ մասնավորապես՝ մսի, մսամթերքի կաթի և կաթնամթերքի արտադրության տեխնոլոգիա մասնագիտություններում:

«Մասնավոր հատվածի զարգացում ու մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանն իր ելույթում անդրադարձավ դուալ մոդելի շուրջ կատարված հետազոտությունների արդյունքներին, ինչպես նաև «կրթական ոլորտ-աշխատաշուկա» շղթայում գլխավոր դերակատարների՝ պետության, մասնավոր հատվածի, ուսումնական հաստատության և ուսանողների պատրաստակամ գործողությունների կարևորությանը: Իսկ ՀՊՏՀ Շարունակական  կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանն էլ խոսեց կրթական ծրագրերն ուսումնական հաստատությունների և գործատուների կողմից մշակվելու անհրաժեշտության մասին՝ այդ գործընթացի հեռանկարները կապելով մագիստրոսական կրթական ծրագրերի իրականացման հետ:

Տպել
Ամենաշատ