News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանն իրավական պետություն է, բայց որոշ պաշտոնյաներ, մասնավորապես Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը օրենքով չի գործում. սա երկիր է, իր սեփական, անձնական սենյակը չէ, որ երբ ուզի աշխատի, պատասխանի պաշտոնական նամակներին, երբ ցանկություն չունենա՝ չպատասխանի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է «Հայ-արաբական միջազգային իրավական խորհրդի» գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը։

Խնդիրն այն է, որ նպատակադրվել էին ստեղծել նոր ավիաընկերություն եւ իրականացնել Երեւան-Լաթակիա եւ Երեւան-Դամասկոս թռիչքուղիներով կանոնավոր թռիչքներ։ Սիրիայի եւ Հայաստանի միջեւ այս ուղղությամբ բանակցությունները սկսվել են դեռեւս 2016 թվականից։

Օդային փոխադրության միջպետական համաձայնագրի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են եւ Վահե Մահշիկյանի խոսքով Սիրիայի Քաղավիացիայի կոմիտեն օգոստոսին նամակ է ուղարկել Հայաստանի Քաղաքվիացիայի կոմիտեի նախագահին, որով հայտնել է իր պատրաստակամությունը՝ ստորագրելու «Հայաստան-Սիրիա օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիրը»։

Այն պետք է ստորագրվեր երեկ՝ նոյեմբերի 15-ին, սակայն օգոստոսից մինչ օրս ՔԱԿ նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը Սիրիայի Քաղավիացիայի կոմիտեին պատասխան նամակ չի ուղարկել։

«Չորս տարի է՝ պատվիրակներ են գալիս-գնում մինչեւ այս համաձայնագրի նախապատրաստական աշխատանքներն ավարտվեցին։ Հիմա որ մեկ ստորագրություն է մնացել, չի լինում։ Սիրիայի պատվիրակությունը օգոստոսին նամակ է ուղարկել, որ իրենք պատրաստ են ստորագրել համաձայնագիրը։ Այս դեպքում հայկական կողմը պետք է կա՛մ հրավերք ուղարկեր, կա՛մ նամակ, բայց օգոստոսին ստացած նամակին մինչ օրս պատասխան չկա, այնինչ 15 աշխատանքային օրվա ընթացքում պետք է պատասխանեին»,-նշում է Վահե Մահշիկյանը՝ ընդգծելով, որ հայկական կողմի այս քայլը եւ՛ բարոյական, եւ՛ ֆինանսական վնասներ է հասցրել իրենց։

«Խոսքը 5-10 մլն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի մասին է։ Օդանավային ընկերություն էինք ուզում հիմնել, երկու օդանավ պետք է աշխատեցնեինք օրական թռիչքով։ Ուզում էինք Հայաստանը հանդիսանար նաեւ տրանզիտ երկիր։ Օրինակ այն ռուսները, որ պետք է Սիրիա գան, Հայաստանով գային, այլ ոչ թե մեկ ուրիշ երկրով։ Հայաստանը դրանից, միանշանակ, կօգտվեր։ Հայաստանում 25-30 հազ սիրիահայ է ապրում, որոնք իրենց խանութները, գործն ունեն։ Նրանք կարող էին ավելի նվազ գներով գնալ Սիրիա եւ գալ։

Օրինակ` հիմա եթե մոտ 500 դոլար է այս ճամփորդությունը, մենք նախատեսում էինք այն իրականացնել 100 դոլարով։ Եթե ամիսը միայն մեկ թռիչք էլ իրականացվեր, օդանավը լիքը կգնա-կգար»,-նշեց Վահե Մահշիկյանը՝ հավելելով, որ օդանավով հնարավոր կլիներ փոխադրել նաեւ թեթեւ արդյունաբերություն, հագուստ, սննդեղեն։ Նա ընդգծեց, որ նոր ավիաընկերության հիմնումը նոր աշխատատեղեր կստեղծեր նաեւ Հայաստանի քաղաքացիների համար եւ կնպաստեր տուրիզմի առաջխաղացմանը, ինչը վարչապետի հայտարարած առաջնահերթություններից է. «Բայց հիմա խոսքն ու գործն իրար հետ չեն բռնում»։

Վահե Մահշկալյանը նկատեց՝ Սիրիայում իրենց անունը որպես հայ շատ բարձր է. «Մենք ճշգրիտ աշխատող մարդիկ ենք, բայց հիմա ամոթով ենք մնացել Սիրիայի ՔԱԿ-ի առջեւ։ Տաթեւիկ Ռեւազյանը պետք է մեզ պատասխաներ։ Կամ ներողություն խնդրեր, կամ ասեր՝ հետաձգենք, բայց առանց պատասխանի...Եթե Հայաստանում լինեի, դատի կտայի նրան՝ իր պաշտոնեական դիրքը շահագործելու եւ թերանալու համար։ ՔԱԿ նախագահ լինելը միայն պաշտոն չէ, դա մեծ պատասխանատվություն է»,-հավելեց Վահե Մահշիկյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ