News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կոռուպցիայի կանխման հանձնաժողովի գործունեության մեջ կարեւոր եմ համարում թափանցիկությունը։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Կոռուցպիայի հանձնաժողովի առաջին անդամների նշանակման հարցի քննարկման ընթացքում նոյեմբերի 18-ին ասաց  կառավարության թեկնածու Լիլիթ Ալեքսանյանը, որն աշխատել է HSBC բանկում։ Նա համոզված է, որ հանձնաժողովի կազմավորումը եւ նրա արդյունավետ ու նպատակաուղղված գործունեությունը պետք է դառնան անկյունաքարերից մեկը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարում։ «Ես կարծում եմ, որ հանձնաժողովի անկախությունը, ինչպես նաեւ նրա թափանցիկությունը, հրապարակայնությունն ու հաշվետվողականությունը հանրությանը որոշումներ ընդունելու գործընթացում եւ նրա գործունեության շրջանում, որոնք նախատեսված են օրենքով, կարեւոր նշանակություն ունեն»,- պարզաբանել է Ալեքսանյանը։

Իր հերթին, կառավարող «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Էդգար Շաթիրյանը նշեց, որ անհրաժեշտ է հստակ նշել, որ «Պետական ծառայության մասին» օրենքում գրանցված դրույթը ունեցվածքի եւ եկամուտների մասին ներկա պահին անհամատեղելի է ապօրինի հարստացման դրույթի հետ։ «Ինչո՞ւ եմ սա ասում։ Դե, որովհետեւ այսօրվա դրությամբ բացահայտման ենթակա են միայն մարդու սեփականության մասին տվյալները։ Թանկարժեք գույքի հայտարարագրման չափը չափազանց բարձր է՝ 8 մլն դրամ, իսկ գործնականում դրամական հոսքերի գործընթացները դժվար է վերահսկել, կամ դրանք բնավ ենթակա չեն վերահսկողության։ Բացի այդ, դրամական արտահայտությամբ չկա հստակ տարբերություն կանխիկ եւ անկանխիկ միջոցների միջեւ։ Դասական առումով մենք չունենք պարտավորությունների հայտարարագրման համակարգ, թեեւ վարկերը եւ փոխառությունները հայտարարվում են եկամուտների մասին հայտարարագրերի համատեքստում, բայց եւ այնպես, չկա պարտադիր պահանջ վարկերի մարման եւ պարտքի վերադարձման համար»,- ասել է Շաթիրյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Նարեկ Համբարձումյանը նշեց, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է կրի համակարգային բնույթ՝ բացառելով կոռուպցիայի ցանկացած դրսեւորում։ «Այս հարցում կարեւոր է յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը։ Կոռուպցիայի դեմ պայքարում ես գերակա եմ համարում քաղաքական կամքի առկայությունը։ Պետության հետ համագործակցությամբ բոլոր հարցերը պետք է լուծվեն միայն օրենքով, եւ քաղաքացիները պետք է գիտակցեն դա»,- ընդգծեց Համբարձումյանը։

«Լուսավոր Հայաստանի» թեկնածուն՝ Հայկուհի Հարությունյանը, իր հերթին ասաց, որ կոռուպցիայի դեմ պայքարում կարեւոր է համարում ինստիտուցիոնալ մեխանիզմների բարեփոխումը։ Նա հանձնաժողովին իր հնարավոր անդամակցությունը բնութագրեց որպես «քաղաքացիա-իրավական պատասխանատվություն իր եւ Հայաստանի քաղաքացիների առջեւ»։

Իսկ Արամայիս Փաշինյանը, որն առաջադրվել է Բարձրագույն դատական խորհրդից, նշեց, որ ընտրվելու դեպքում ավելի շատ գործիքներ կունենա, եւ պայքարը կոռուպցիայի դեմ կդառնա ավելի արդյունավետ։ Նրա թեկնածությունն առաջադրելու որոշումը, Փաշինյանի խոսքով, եղել է կոլեգիալ եւ պայմանավորված է պրոֆեսիոնալ գիտելիքներով, փորձով ու անձնական հատկանիշներով։

«Կոռուպցիան «հիվանդություններից» մեկն է, որ արմատացած է Հայաստանում եւ հասարակությունում ընդհանրապես։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է երազի հզոր, ուժեղ եւ բարգավաճ երկրի մասին, եւ նա պետք է այդ երազանքը դնի իր գործունեության հիմքում, պրոֆեսիոնալ եւ այլ չափորոշիչների կողքին»,- ասաց Արամայիս Փաշինյանը։

Ի պատասխան պատգամավորի հարցի՝ արդյո՞ք նա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ազգականն է, Բարձրագույն դատական խորհրդի թեկնածուն ասաց, որ երբեք մինչ այդ նույն սենյակում չի եղել վարչապետի հետ եւ չգիտի որեւէ ազգակցական կապի մասին նրա հետ։  «Գուցե մենք հեռու բարեկամներ ենք, բայց ինձ դրա մասին ոչինչ հայտնի չէ»,- խոստովանել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ