News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անընդհատ թմբկահարվում է գաղափարը, թե ԲՈՒՀ-ը շարունակում է կրկնել հայոց լեզվի դպրոցական ծրագիրը, սակայն չկա այդպիսի բան։ Այս մասին այսօր՝  նոյեմբերի 18-ին, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանն ասաց Հայ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը։

«Ծանոթացեք բուհական ծրագրերին, թերթեք հայերենի դասագրքերն ու գործնական ձեռնարկները, լսեք ուսանողների կարծիքը եւ ինքներդ կհամոզվեք դրանում։ Հայոց լեզվի գործող բուհական ծրագրերում եւ բուն դասավանդման գործընթացում, իհարկե, ունենք թերություններ, ինքս վերջերս ոչ մասնագիտական ֆակուլտետներում կազմակերպել եմ դասալսում, առանձնապես լավ տպավորություն չեմ ստացել  մեր դասախոսների անցկացրած դասերից, կան թերություններ, բայց դրանք շտկելի են։ Լիազոր մարմինն էլ դրա համար է, որ անցկացնի դասալսումներ,  քննարկումներ, ու եթե կան «մոլորյալներ», դարձի բերի նրանց, ոչ թե վերցնենք եւ դեն նետենք առարկան՝ պատճառաբանելով, որ թերություններ կան կամ նպատակային չի ծառայում»,- նշեց նա։

Դասախոսը պնդեց՝ հայերենը գործիք է մասնագիտությունը սովորելու եւ լավ յուրացնելու համար.  «իսկ այդ գործիքը մշտապես պետք է կատարելագործել, մասնագիտական լեզուն մշակելու եւ հղկելու այդ պարտադիր հնարավորությունը պետք է բուհերին օժտել  իրավունքի ուժով»։

Յուրի Ավետիսյանը վստահ է՝ լեզուն բացառիկ դեր ունի քաղաքացու ազգային նկարագիրը ձեւավորելու եւ ազգային ինքնությունը պահպանելու գործում։ «Փոքր ժողովուրդների համար լեզվի այդ դերը կարեւորվում է երիցս։ Մեզ պետք են հայերենով դաստիարակված եւ հայերեն մտածող, ազգային նկարագիր ունեցող ինժեներներ, ոչ թե աշխարհի քաղաքացիներ։ Ազգային դեմք չունեցող ինժեները վաղը կարող է մեր ժողովրդի գլխին պատուհաս դառնալ»։

Ըստ խոսքով՝ ԲՈՒՀ-երում պարտադիր համարվող առարկան պետք է կոչվի հայոց լեզու, իսկ ԲՈՒՀ-ին պետք է թողել ընտրել հայոց լեզվի դրսեւորման տարբերակները։

«Հնարավոր , որ մեր պահանջը չի բխում նախարարության քաղաքականության ընդհանուր տրամաբանությունից, որովհետեւ այդ տրամաբանությունը ենթադրում է հրաժարվել որեւէ առարկայի պարտադիր լինելու հանգամանքից։ Բայց մենք ունենք այն խորին համոզումը, որ հայոց լեզվի պարտադիր կամ ոչ պարտադիր լինելու հանգամանքը Հայաստանի կրթական համակարգի տասնյակ խնդիրներից որեւէ մեկը չէ։ Օրինակ՝ վստահաբար կարելի է ասել, որ շատ տխուր վիճակ է հանրակրթական դպրոցում, կազմաքանդված է ավագ դպրոցի ուսուցման համակարգը, որ դրանք պետք է կարգի բերել»։

Դասախոսը շեշտեց՝ չեն ցանկանում վերջնագիր ներկայացնել․ «Մենք չենք ցանկանում տպավորություն ստեղծել, թե վերջնագիր ենք ներկայացնում, դրա ցանկությունը չունենք, սակայն խնդիրը չլուծելու դեպքում հարկադրված ենք լինելու մտածել, որ սա ընդհանուր քաղաքականության մի մասն է, որը կոչված է վարկաբեկել  ազգային արժեքները և դրանք կրողներին»։ 

Տպել
Ամենաշատ