News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ավելի քան տասը մարդ տուժել է Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույցը ցրելու ժամանակ, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը։

Նոյեմբերի 17-ին Թբիլիսիի կենտրոնում կայացել է զանգվածային հանրահավաք՝ կառավարության հրաժարականի եւ արտահերթ ընտրություններ նշանակելու պահանջով։ Բողոքի համար պատճառ է հանդիսացել ընտրական օրենսգրքի սահմանադրական բարեփոխման խափանումը։ Ավելի քան 20 ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում նախկին իշխող «Միասնական ազգային շարժումը», կիրակի օրը հայտարարել են խորհրդարանի պիկետավորման մասին։ Մեկ օր անց, նոյեմբերի 18-ի ցերեկը, ցուցարարներին ցրել են հատուկ միջոցների օգտագործմամբ։

Առողջապահության նախարարության տվյալներով, ինը տուժածներին տեղում օգնություն են ցուցաբերել։ Եւս երկու քաղաքացիական անձանց եւ ՆԳՆ մեկ աշխատակցի, որը գլխի շրջանում վնասվածք է ստացել, անհրաժեշտ է եղել հոսպիտալացնել։

Տուժածներից մեկին՝ 44-ամյա տղամարդու կրծքավանդակի շրջանում ցավերով տեղափոխել են Իգնորոկվայի անվան հիվանդանոց։ Նրա ընդհանուր վիճակը բավարար է։ Ենթադրվում է, որ արդեն վաղը նրան դուրս կգրեն հիվանդանոցից։

Նաեւ թբիլիսյան «Նյու հոսպիտալ» կլինիկա է տեղափոխվել 27-ամյա տղամարդ։ Ցույցը ցրելիս հրմշտոցի ժամանակ նա կորցրել է գիտակցությունը։ Անհրաժեշտ օգնությունը ստանալուց հետո երիտասարդը հեռացել է բուժհաստատությունից։

Նշվում է, որ բողոքի ցույցը ցրելիս ոստիկանությունը կալանավորել է 18 մարդու։ Այժմ խորհրդարանի բոլոր մուտքերը բաց են, ավտոմոբիլային երթեւեկությունը Շոթա Ռուսթավելու փողոցում վերականգնվել է։ Կառավարության հրաժարականի պահանջով հանրահավաքը շարունակվում է օրենսդիր մարմնի շենքի առջեւի հրապարակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ