News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործունեության շրջանակում անցկացվող «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթում Հայաստանի Հանրապետության 2 ներկայացուցիչների աշխատանքները 20 հազար տեսահոլովակների եւ պաստառների շարքում արժանացել են երկրորդ մրցանակի «Լավագույն պաստառ» եւ «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում:

«Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում մրցանակի է արժանացել  Հայ-ռուսական համալսարանի ուսանողներ Աննա Սարուխանյանի եւ Լուիզա Մելքոնյանի համատեղ ներկայացրած «Որտեղ խոսում է փողը, այնտեղ լռում է խիղճը» աշխատանքը, որը երկրորդ տեղը կիսել է Հարավաֆրիկյան Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչների հեղինակած հոլովակների հետ: Այս անվանակարգում լավագույնն  է ճանաչվել Բելառուսի ներկայացուցչի աշխատանքը:

Իսկ «Լավագույն պաստառ» անվանակարգում երկրորդ պատվավոր տեղն զբաղեցրել է Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհի Ոսկեհատ Թադեւոսյանի «Վերջ կոռուպցիային» աշխատանքը, որն ընդամենը մեկ միավորով է զիջել Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի հեղինակած պաստառին: 

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Մոսկվայում, դեկտեմբերի սկզբին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ: 

Հատկանշական է այն հանգամանքը, որ Հայաստանից ներկայացված աշխատանքները նման արդյունքներ են ապահովել միջազգային սույն մրցույթին մասնակցած 10 երկրներից ներկայացված ընդհանուր առմամբ ավելի քան 20 000 տեսահոլովակների եւ պաստառների պայմաններում: Ինչպես արդեն տեղեկացվել է 2019թ. «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթում ներգրավված են եղել ոչ միայն ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ երկրները՝ Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը, այլ նաեւ BRICS-ի անդամ երկրները՝ Հնդկաստանը, ՉԺՀ-ն, Հարավաֆրիկյան Հանրապետությունը եւ Բրազիլիան:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է գալիս որպես նշված մրցույթի համակազմակերպիչ:

Մրցույթի շրջանակներում 14-ից մինչեւ 35 տարեկան քաղաքացիները, երիտասարդական ստեղծագործական խմբերը պետք է պատրաստեին եւ ներկայացնեին սոցիալական գովազդի պաստառներ եւ տեսահոլովակներ՝ դրանցում յուրօրինակ, ինքնատիպ, դիպուկ եւ տպավորիչ կերպով արտացոլելով իրենց պատկերացումները կոռուպցիայի՝ իբրեւ անհանդուրժելի սոցիալական, հասարակական երեւույթի եւ դրա դեմ պայքարի, ամենատարբեր ոլորտներում դրա դրսեւորումների, բացասական հետեւանքների, ինչպես նաեւ այս ոլորտում միջազգային համագործակցության վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ