News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բոլիվիայի ժամանակավոր կառավարությունը խոստացել է ապահովել նախկին նախագահ Էվո Մորալեսի «Դեպի սոցիալիզմ շարժում» կուսակցությունից 24 քաղաքական գործչի մուտքը Մեքսիկա: Այս մասին հայտարարել է հանրապետության ԱԳՆ ղեկավար Կարեն Լոնգարիկը, որն այդ պաշտոնին նշանակվել է երկրի ժամանակավոր ղեկավար Ժանին Անյեսի կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Բոլիվիայում Մեքսիկայի դեսպանը նոտա է փոխանցել, որպեսզի քաղաքական ապաստան ստացածները կարողանան մեկնել Մեքսիկա: Մենք այդ հարցով կզբաղվենք մոտ օրերս»,- ասել է նա:

Լոնգարիկն ասել է, որ չի կարող հրապարակել ապաստան ստացածների անունները, սակայն նշել է, որ խոսքը «Դեպի սոցիալիզմ շարժում» կուսակցության բարձրաստիճան քաղաքական գործիչների մասին է:

Բոլիվիայում հոկտեմբերի 20-ին նախագահական ընտրություններ են անցկացվել: Բարձրագույն ընտրական դատարանի տվյալների համաձայն՝ հաղթել է այդ պահին գործող նախագահ Էվո Մորալեսը: Նրա գլխավոր մրցակից Կառլոս Մեսան հայտարարել է, որ չի ճանաչում առաջին փուլում իր մրցակցի հաղթանակը: Արդյունքների հրապարակումից հետո երկրում բողոքի ակցիաներ եւ գործադուլ է սկսվել:

Բանակը, ընդդիմությունը եւ արհմիությունները Մորալեսին կոչ են արել հրաժարական տալ։ Նոյեմբերի 10-ին նա ասել է, որ թողնում է նախագահի պաշտոնը՝ իրավիճակը բնութագրելով որպես պետական հեղաշրջում։ Երեքշաբթի Մորալեսը մեկնեց Մեքսիկա, որի իշխանությունները նրան քաղաքական ապաստան տրամադրեցին։ Նույն օրը Սենատորների պալատի փոխխոսնակ Ժանին Անյեսը հայտարարել է, որ ստանձնում է նախագահի պարտականությունները։ Սահմանադրական դատարանը հաստատել է իշխանությունը հանձնելու օրինականությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ