News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Երբեւէ չեմ մտածել, որ հանդիպման ժամանկ պետական, որեւէ պաշտոնյայի կողմից կարող եմ արժանանալ հեգնախառն վերաբերմունքի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ Հայ գրականության ամբիոնի դասախոս, դոցենտ Արշալույս Գալստայնն՝ անդրադառնալով երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի  եւ դասախոսների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ նման հանդիպումներին իր եւ գործընկերների բարեկրթությունը թույլ չի տա դուրս գալ թույլատրելի շրջանակներից. «Զգացմունքային ելույթ ունենալ մենք կարող ենք, բայց թույլատրելի շրջանակները չենք կարող անցնել»։

Հարցին, թե նախարարն անընդհատ ասում էր, որ պատրաստ է կառուցողական քննարկման, արդյոք երեկվա հանդիպումը կառուցողակա՞ն էր, Գալստյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ ոչ։ Դա իմ անձնական տեսակետն է, բայց կարծում եմ, որ կառուցողականը մի բան է. վերջում դուք նորից լսեցիք, նախարարն ասաց գնացեք լեզու գտեք ձեր գործընկերների հետ, սա կառուցողակա՞ն քննարկում է»։

Գալստյանի խոսքով՝ եթե ԵՊՀ–ում կրկին քննարկում լինի դասախոսների մասնակցությամբ, հնարավոր է նորից որոշում կայացվի եւ դասախոսները կրկին գործադուլ իրականացնեն։

«Գիտեք, որ մեկօրյա գործադուլի որոշումը կայացվեց 2 դեմ ձայներով՝ ընդհանուր քննարկման ժողովում, եթե լինի նման ժողով կարծում եմ յուրաքանչյուրս էլի առանց, որեւէ  ճնշման կհայտնի իր որոշումը»,– ասաց Գալստյանը։

Նա անդրադարձավ երեկվա հանդիպման ժամանակ նախարարի հայտարարությանը, որ իրենք կոչով դիմեն ուսանողներին, որպեսզի դադարեցնեն դասադուլը. «Կարծում եմ նախարարի կամ կառավարության ցանկացած աշխատակցի խոսքն ավելի ազդեցիկ պետք է լինի։ Մեզ կոչ անելու փոխարեն նախարարն ինքը կարող է կոչով դիմել ուսանողներին վերադառնալ լսարաններ»։

Լրագրողների հարցին՝ բացակաները նշանակվո՞ւմ են, Գալստյանը պատասխանեց. «Բոլոր դասախոսներն աշխատանքային ժամով գալիս են եւ եթե օրենքով սահմանված է մատյանները լրացնել, կարծում եմ լրացվում են։ Ոչ մեկի մոտ անցյալ ապրիլին նման հարցեր չէր առաջանում, դրվում էին այդ բացակաները, թե ոչ»։

Հիշեցնենք, որ նախարարությունը հայտարարություն էր տարածել եւ վերահաստատել, որ իրենք պատրաստ են հարցի բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկումների, որից հետո երեկ ԿԳՄՍ նախարարության շենքում տեղի ունեցավ նախարար Արայիկ Հարությունյանի եւ պրոֆեսորադասախոսական կազմի հանդիպումը, որից դասախոսներն ու ուսանողները գոհ չեն մացել։

Նշենք, որ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները բողոքում են «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրինագծից եւ շարունակում են նախորդ շաբաթ սկսած դասադուլը։ Ուսանողների դասադուլին օրեր առաջ մեկօրյա գործադուլով միացել էր նաեւ ԵՊՀ դասախոսների մի մասը։

Միեւնույն ժամանակ, նախարարությունների շենքի մոտ ՀՅԴ երիտասարդները շարունակում են նստացույցը՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Նրանք դժգոհում են նախարարության վարած քաղաքականությունից՝ այն որակելով որպես ապազգային։

Տպել
Ամենաշատ