News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն փաստացի աջակցել է Հորդանան գետի օկուպացված Արեւմտյան ափին հրեական բնակավայրեր կառուցելու Իսրայելի իրավունքին՝ հրաժարվելով  չորս տասնամյակ շարունակ գոյություն ունեցող դիրքորոշումից, որի համաձայն այդ բնակավայրերի առկայությունը հակասում է միջազգային իրավունքին: Այս քայլը կարող է ավելի դժվարացնել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորումը, հայտնում է Reuters-ը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ 1967 թվականին Իսրայելի կողմից գրավված Արեւմտյան ափի բնակավայրերի մասին ԱՄՆ հայտարարությունները անհետեւողական էին: «Իսրայելական քաղաքացիական բնակավայրերի ստեղծումն ինքնին չի հակասում միջազգային իրավունքին»,- Պետքարտուղարությունում լրագրողներին ասել է Պոմպեոն՝ հրաժարվելով պաշտոնական իրավական դիրքորոշումից, որը ԱՄՆ-ն գրավում էր 1978 թվականին Ջիմի Քարթերի նախագահությունից սկսած:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ ԱՄՆ հայտարարությունն «ուղղում է պատմական սխալը», մինչդեռ պաղեստինցի գլխավոր բանագնաց Սաիբ Էրեքաթն ասել է, որ Վաշինգտոնը «միջազգային իրավունքը «ջունգլիների օրենքով» փոխարինելու» ռիսկի է դիմում:

Պաղեստինի ներկայացուցիչները կարծում են, որ ԱՄՆ դիրքորոշումը խախտում է միջազգային իրավունքը: Միջազգային հանրությունը ցանկացած երկրի քաղաքացիական բնակչության տեղափոխումը օկուպացված հողեր դիտարկում է որպես անօրինական՝ ըստ 1949 թվականի Ժնեւի Չորրորդ կոնվենցիայի եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ