Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Սիրիայում իրանական օբյեկտներին հասցված երկրի ՌՕՈՒ գիշերային հարվածը իսրայելական տարածքի գնդակոծման պատասխանն էր, եւ հավելել, որ իշխանությունները շարունակում են ապահովել պետության անվտանգությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես հասկացրեցի, որ ով էլ մեզ վնաս պատճառի, նրան ցավոտ պատասխան հարված կհասցնենք: Մենք հենց այդպես վարվեցինք այսօր երեկոյան Սիրիայում «Ղուդս» իրանական ուժերի ռազմական թիրախների եւ սիրիական ռազմական օբյեկտների դեմ այն բանից հետո, երբ երեկ երեկոյան Իսրայելի վրա հրթիռներ էին արձակվել: Մենք իսրայելական անվտանգության ապահովման հարցում հաստատակամ կլինենք»,- նշված է հայտարարության մեջ, որը տարածել է Իսրայելի վարչապետի գրասենյակը:
Նախօրեին իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ զինվորականները նշագրել են Սիրիայի կողմից իսրայելական տարածքի ուղղությամբ 4 հրթիռի արձակում, որոնք բոլորը որսվել են: Չորեքշաբթի լույս գիշերը Դամասկոսում տեղի են ունեցել պայթյուններ, Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ ՀՕՊ-ն հետ է մղել մայրաքաղաքի եւ նրա արվարձանների վրա հարձակումը:
Զինվորականների հայտարարության մեջ նշված է, որ հարվածները հասցվել են մոտ 20 թիրախի, որոնց կեսից ավելին պատկանել է իրանական ուժերին: Թիրախներից մեկն էր Դամասկոսում օդանավակայանի մոտ տեղակայված շենքը, որտեղ, ինչպես պնդվում է, գտնվում է «Ղուդսի» կենտրոնակայանը: Հայտարարվում է, որ իսրայելական ուժերը այն դիտավորյալ չեն ավերել ամբողջությամբ:
Իրանը, լինելով երկիր, որի հիմնական կրոնը շիական իսլամն է, աջակցում է Լիբանանում «Հիզբոլլահ» շարժման դավանակիցներին, իրանցի զինվորականներ կան նաեւ Սիրիայում, սակայն, ինչպես նշում են Թեհրանում, Դամասկոսի խնդրանքով սիրիական կառավարական զորքերին խորհրդատվական օգնություն են ցուցաբերում ահաբեկիչների դեմ պայքարում:
Իսրայելցիներին ամենից շատ անհանգստացնում է իր հյուսիսային սահմաններին Իրանի ուժերի ներկայությունը: Իսրայելը հայտարարել է, որ հրեական պետությունը «հարյուրավոր անգամ» գործել է ընդդեմ Սիրիայում իրանական ռազմական ներկայության եւ պատրաստ է գործողությունները շարունակել: