News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օրերս տեղի ունեցավ  «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության եւ Մարոնայթ հիմնադրամի պատրաստած «Տեղահանված սիրիացիները Լիբանանում» զեկույցի վերաբերյալ մամլո ասուլիսը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Այսօր Լիբանանում են ապաստան գտել բազմաթիվ հայ փախստականներ Սիրիայից, ասում է Վաշինգտոնում գործող «Ի պաշտպանություն քրիստոնյաերի» ամերիկյան կազմակերպության նախագահ Թոֆիկ Բաաքլինին: Օրերս Վաշինգտոնի Մամուլի ազգային ակումբում կազմակերպությունը ներկայացրեց իր եւ Մարոնայթ հիմնադրամի պատրաստած «Տեղահանված սիրիացիները Լիբանանում» զեկույցը, որը նախօրեին ներկայացվել էր Սպիտակ տանն ու ԱՄՆ պետքարտուղարությանը:

Զեկույցի հեղինակները չգիտեն Լիբանանում գտնվող տեղահանված սիրիահայերի հստակ թիվը: «Ի պաշտպանություն քրիստոնյաների» նախագահ Բաաքլինին ընդգծում է, որ իր ունեցած տեղեկությամբ վերջիներս ցանկանում են վերադառնալ Սիրիա:

«Սիրիահայ փախստականները ցանկություն ունեն վերադառնալու: Ես շատ եմ լսել հատկապես Հալեպի հայության այդ ցանկության մասին: Մենք փորձում ենք աջակցել հալեպցիներին ՝ Սիրիա վերադառնալու հարցում»,- նշում է նա

Այսօր ի տարբերություն այլ սիրիացիների սիրիահայ փախստականները չեն ստանում որեւէ ուղիղ օգնություն Լինբանանի կառավարությունից կամ ՄԱԿ-ից: Նրանց աջակցում են տեղի հայ համայնքն ու եկեղեցին:

«Այլ սիրիացիների նման նրանք ցուցակագրված չեն ՄԱԿ-ի կողմից, ուստի զրկված են ուղիղ օգնությունից»,- ասում է կրոնական կազմակերպության նախագահը:

«Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունն այս ուղղությամբ ջանքեր է գործադրում՝ աշխատանքներ տանելով ԱՄՆ վարչակազմի հետ: Կազմակերպության նախագահը հույս ունի, որ շուտով հնարավոր կդառնա սիրիահայերին ու սիրիացի այլ քրիստոնյա տեղահանվածներին տրամադրել ուղիղ օգնություն:

«Մենք աշխատում ենք նրանց համար ուղիղ օգնություն ապահովելու ուղղությամբ: 2017 թվականին ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը մոտ 380 միլիոն դոլարի ուղիղ օգնություն տրամադրեցին Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին, որի մեծ մասը ուղղվեց Իրաք: Այժմ մենք փորձում ենք նույնն անել Լիբանանում ապաստանած քրիստոնյա փախստականների համար»,- նշում է Թոֆիկ Բաաքլինին

Կազմակերպության զեկույցն անդրադառնում է Սիրիայի հակամարտության հետեւանքներին՝ կենտրոնանալով Լիբանանի օրինակի վրա: Այսօր, ըստ զեկույցի տվյալների, Լիբանանում ապաստան են գտել ընդհանուր առմամբ ավելի քան մեկ ու կես միլիոն սիրիացի փախստականներ: Այս թիվը նախքան 2011 թվականը Լիբանան ներգաղթած շուրջ կես միլիոն սիրիացի ներգաղթյալների հետ մեկտեղ հավասար է ընդհանուր Լիբանանի բնակչության մոտ 50 տոկոսին: Դա բազմաթիվ խնդիրներ է ստեղծում առանց այն էլ ծանր սոցիալ-տնտեսական վիճակում գտնվող երկրում:

«Լիբանանն ընդունել է աշխարհում ամենամեծ թվով տեղահանվածների մեկ շնչի վրա ընկնող հաշվարկով»,- ասում է կազմակերպության փոխնախագահ Թոնիա Խոուրին:

Զեկույցն ընդգծում է՝ այս հարցով անհրաժեշտ են անհապաղ քայլեր: Հակառակ դեպքում երկրին սպառնում են էթնո-քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ անվտանգության հետ կապված լուրջ մարտահրավերներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ