News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի որդի արքայազն Էնդրյուն, որպես թագավորական ընտանիքի անդամ, պաշտոնական պարտականությունների կատարումից ժամանակավորապես հրաժարվել է ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի հետ իր կապերի շուրջ սկանդալի պատճառով: Այս մասին նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, որը չորեքշաբթի տարածել է Նորին Մեծության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Արքայազնը նաեւ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է շահագրգիռ իրավապահ մարմիններին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Էփշթեյնին վերաբերող ցանկացած քննության ժամանակ, ում ԱՄՆ իշխանությունները մեղադրել են սեռական բռնության եւ անչափահասներին մարմնավաճառության մեջ ներգրավելու համար, նա այս տարվա օգոստոսին ինքնասպան էր եղել:

«Վերջին մի քանի օրերին ինձ համար պարզ դարձավ, որ նախկինում ինձ Ջեֆրի Էփշթեյնի հետ կապող հարաբերություններին վերաբերող հանգամանքները իմ ընտանիքի վարած աշխատանքի համար լուրջ խոչընդոտ են դարձել, ինչպես նաեւ շատ կազմակերպությունների եւ բարեգործական միությունների գործունեության համար, որոնց աջակցելու պատիվն ունեմ,- նշված է արքայազնի հայտարարության մեջ: - Այս պատճառով ես Նորին Մեծությանը խնդրել եմ թույլ տալ դադարեցնել տեսանելի ապագայում իմ հանրային պարտականությունների կատարումը, եւ նա ինձ նման թույլտվություն տվել է: Ես նախկինի պես անվերապահորեն զղջում եմ Ջեֆրի Էփշթեյնի հետ ծանոթությունը պահպանելու վատ կշռադատված իմ որոշման համար»:

Սկանդալային հարցազրույց

59-ամյա արքայազնի հայտարարությունը կատարվել է BBC-ին տված նրա հարցազրույցից հետո մի քանի օր անց, որում պատմել էր Էփշթեյնի հետ իր ընկերության մասին, ինչպես նաեւ հերքել էր այն պնդումները, որ սեռական կապ է ունեցել 17-ամյա աղջկա հետ, որը դրա համար փող է ստացել ամերիկացի միլիարդատիրոջ շրջապատի անդամներից:

Արաքայազնը հանրության խիստ քննադատությանն էր արժանացել ծրագիրը եթեր դուրս գալուց հետո: Նրան կասկածել էին անկեղծ չլինելու մեջ, ինչպես նաեւ դատապարտել էին, որ նա կարեկցանք չի հայտնել աղջիկներին, որոնց Էփշթեյնը սեռական բռնության էր ենթարկել:

«Նրա ինքնասպանությունից հետո շատ հարցեր են անպատասխան մնացել: Դա հատկապես վերաբերում է նրա զոհերին: Ես խորապես կարեկցում եմ բոլոր տուժածներին»,- նշված է Նորին Մեծության հայտարարության մեջ:

Արքայազնը եւ միլիարդատերը

Բրիտանացի արիստոկրատը ամերիկացի գործարարի հետ ծանոթացել է դեռեւս 90-ականներին եւ հարցազրույցում այդ ծանոթությունն անվանել է օգտակար՝ ավելացնելով, որ չի ափսոսում, որ իրենք ընկերներ են եղել։ Արքայազնը Էփշթեյնի շուրջ սկսված սկանդալում ներքաշվել է դեռեւս 2005 թվականին, երբ նրան մեղադրում էին 14-ամյա աղջկա հետ սեռական կապի մեջ։

Էփշթեյնի գործով դատի ժամանակ ամերիկուհի Վիրջինիա Ռոբերտսը հայտարարել է, որ 2001-ին, երբ 17 տարեկան էր, ֆինանսիստը նրան ստիպել է զբաղվել սեքսով իր եւ այլ տղամարդկանց հետ, ներառյալ արքայազն Էնդրյուն, իսկ հետո բազմիցս կրկնել է այդ մեղադրանքները, այդ թվում՝ այն հայցի շրջանակում, որը նա ներկայացրել է արքայազն Էնդրյուի եւ Էփշթեյնի ընդհանուր ծանոթ, բրիտանուհի Ջիլեյն Մաքսվելի դեմ։ Դատարանները համարել են, որ Ռոբերտսի այդ ցուցմունքները չեն առնչվում դիտարկվող գործերին, ընդ որում՝ Էփշթեյնը 2008 թվականին դատապարտվել էր բանտարկության անչափահասներին մարմնավաճառությամբ զբաղվել ստիպելու գործով։ Հատկանշական է, որ դրանից հետո արքայազն Էնդրյուն չի խզել կապը նրա հետ եւ մի քանի անգամ հյուրընկալվել է նրա Նյու Յորքի տանը։

Բուքինգեմյան պալատը քանիցս հայտարարել է, որ արքայազնի հասցեին հնչող մեղադրանքները դեռահասների հետ սեռական կապերի մասին իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Միեւնույն ժամանակ, մինչեւ BBC-ի անհաջող հարցազրույցը, արքայազնը անձամբ չի մեկնաբանել այս պատմությունը։ Պատասխանելով հաղորդավարի հարցին՝ նա ասել է, թե չի հիշում, որ երբեւէ հանդիպած լինի Ռոբերտսին։ Նորին Մեծությունը նաեւ վիճարկել է լուսանկարի իսկությունը, որտեղ նա պատկերված է Ռոբերտսի հետ գրկախառնված, որը հետագայում փոխել է ազգանունը Ժուիֆրի եւ տեղափոխվել Ավստրալիա։

Էփշթեյնը նորից կալանավորվել է ԱՄՆ-ում հուլիսի 6-ին։ ԱՄՆ դատախազությունը տեղեկացրել է վկայության առկայության մասին, ըստ որի՝ 2002-2005 թվականներին նա կազմակերպել է Մանհեթենի իր տուն տասնյակ անչափահաս աղջիկների այցելություններ, որոնցից ամենափոքրը եղել է 14 տարեկան։ Քննության տվյալներով՝ Էփշթեյնը նրանց ենթարկել է սեռական բռնության եւ ոտնձգությունների։ Նրա ընկերների եւ ծանոթների մեջ են եղել բազմաթիվ գործող եւ պաշտոնաթող պաշտոնյաներ ոչ միայն ԱՄՆ-ից, այլեւ բազմաթիվ այլ երկրներից, ներառյալ պետությունների նախկին ղեկավարներ, խոշոր գործարարներ եւ շոու-բիզնեսի աստղեր։

Ֆինանսիստի քրեական հետապնդումն ԱՄՆ-ում դադարեցվել է այն բանից հետո, երբ նա ինքնասպանություն է գործել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ