News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ փաստաբանների պալատում քննարկվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը: Այս մասին հայտնում են ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից։

Ռուբեն Սահակյանի մասով, Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալը որոշել է Ռուբեն Սահակյանի նկատմամբ հարուցել կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաև Կանոնագրքի 2.2.2 ենթակետի խախտման  հատկանիշներով:

«Ըստ ԶԼՄ հրապարակումների Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի մասին, արտաբերել է հետևյալ միտքը․ «Նա չի տիրապետում իր մասնագիտությանը: Նախորդ նիստում չհասկացավ, թե ինչի մասին եմ խոսում և ասաց՝ «կարճ կապեք»… եթե չես հասկանում, ինչո՞ւ կարճ կապեմ, գնա ձեր տուն, կատուներին դատապարտի: Քո կատուների գործը լսի, ոչ թե մարդկանց ... դե, նա շատ կատուներ է պահում»:

Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի թիվ 16 (2013) կարծիքի 25-րդ կետի համաձայն՝ … Պրոֆեսիոնալ գործընկերների նկատմամբ հարգանքի, օրենքի գերակայության և արդարադատության արդար իրականացման հարգանքի՝ Փաստաբանների և իրավաբանների միությունների եվրոպական խորհրդի «Եվրոպայում իրավաբանի մասնագիտության հիմնարար սկզբունքների մասին» խարտիայում սահմանված սկզբունքներով պահանջվում է խուսափել գործընկերների, առանձին դատավորների և դատարանի ընթացակարգերի ու որոշումների վիրավորական քննադատությունից:

Կարգապահական վարույթը հարուցվել է փաստաբան Ռուբեն Սահակյանի կողմից դատավոր Աննա Դանիբեկյանի հասցեին առերևույթ զսպվածությունը և բարեկրթությունը սահմանազանցող արտահայտություններով փաստաբանի կամ փաստաբանության նկատմամբ վստահությունը կամ հարգանքը խաթարելու վարքագիծը ստուգելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում:

Փաստաբանական պալատում քննարկվել է նաև փաստաբան Հայկ Ալումյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը։ Հայկ Ալումյանի մասով Փաստաբանների պալատի նախագահը որոշել է կարգապահական վարույթ հարուցելը մերժել:

Փաստաբանների պալատը տեղեկացնում է նաև, որ դեռևս 25.10.2019թ. փաստաբաններ Հայկ Ալումյանը, Ռուբեն Սահակյանը, Արամ, Օրբելյանը, Արամ Վարդևանյանը և Հովհաննես Խուդոյանը դիմել են ՀՀ փաստաբանների պալատին, Մարդու իրավունքների պաշտպանին, բարձրագույն դատական խորհրդին, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ դատական դեպարտամենտին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել, որ Ռոբերտ Քոչարյանի գործով իրենց պաշտպանության ժամանակ քաղաքացիները վիրավորական արտահայտություններ չկատարեն կամ ոստիկանությունն արձագանքի այդ քաղաքացիների գործողություններին:

Փաստաբանների պալատը նշված դիմումի հիման վրա, 30.10.2019թ. գրությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ խնդրելով գործուն միջոցներ ձեռնարկել քաղաքացիների կողմից փաստաբաններին՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ վիրավորելու և զրպարտելու վարքագիծը կանխելու կապակցությամբ:

Փաստաբանների պալատը դիմել է նաև ՀՀ արդարադատության նախարարին՝ ՀՀ քրեական օրենսգիրքը՝ «Փաստաբանին իր մասնագիտական գործունեությունն իրականացնելու առնչությամբ վիրավորելը» հանցակազմով լրացնելու վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների առաջարկության իրագործման խնդրանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ