News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայաստանը ֆունդամենտալ վերաձեւավորումների, Իտալիայի եւ Եվրոպայի այլ գործընկերների հետ տնտեսական համագործակցության համար լայն հեռանկարների երկիր է: Այս մասին հայ-իտալական բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է Իտալիայի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության կարեւորությունը՝ հավելելով, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում երկկողմ առեւտուրը մեծացել է 14%-ով:

Խոսելով Հայաստանում իտալական ներդրումների մասին՝ Փաշինյանը նշել է մի քանի ընկերություն, դրանց թվում՝ Telecom Italia Sparkle եւ Renco, որոնք ծրագրեր են իրականացնում Հայաստանում:

Ինչ վերաբերում է իր կառավարության նպատակներին՝ վարչապետն ասել է, որ կառավարությանը հաջողվել է արմատախիլ անել սիստեմատիկ կոռուպցիան, վերացնել մենաշնորհն ու հավասար պայմաններ ստեղծել բոլոր խաղացողների համար: «Բարեփոխումներն ու տնտեսական հեղափոխությունը երկարաժամկետ հետեւանքներ կունենան տնտեսական զարգացման համար: Եթե ինձ հարցնեք՝ ինչո՞ւ դուք պետք է ներդրումներ կատարեք Հայաստանում, իմ պատասխանը հետեւյալը կլինի՝ գլոբալ ցանցով եւ որակավորված աշխատուժով ոչ մեծ երկրում ներդրումները խոստումնալից են»,- հավելել է Փաշինյանը:

Նա նշել է բարձր տեխնոլոգիաների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հնարավորությունները՝ հավելելով, որ երկիրը ավելի լայն տարածաշրջանի համար ինտերնետ թրաֆիկի կենտրոն դառնալու ներուժ ունի:

Փաշինյանի խոսքով՝ այս տարի Հայաստանում զբոսաշրջային աճ է նկատվում, եւ ակնկալվում է, որ երկիրն ավելի շատ զբոսաշրջիկների կներգրավի: Նա հավելել է, որ Ryanair ավիաընկերությունը Հռոմից եւ Միլանից դեպի Երեւան չվերթներ կիրականացնի 2020 թվականից: 

Փաշինյանն ասել է, որ իր կառավարությունն աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի իջեցնի եկամտահարկը եւ երաշխիքներ տրամադրի ներդրողներին, որ նրանց բիզնեսը պաշտպանված կլինի։

«Հայաստանն ունի երկկողմ պայմանագրեր 43 երկրների հետ ներդրումների խրախուսման մասին։ Հայաստանը Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի անդամ է։ Հայաստանը երկակի հարկումից խուսափելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրեր ունի 46 երկրների հետ։ Այսպիսով, ներդրողներին մի շարք երաշխիքներ են տրամադրվում»,- ավելացրել է նա։

Փաշինյանն ընդգծել է Եվրասիական միության շուկային Հայաստանի հասանելիության կարեւորությունը եւ հիշեցրել, որ ԵՏՄ-ն ստորագրել է համաձայնագրեր ազատ առեւտրի գոտու մասին Սինգապուրի, Վիետնամի, Իրանի եւ Սերբիայի հետ։

«Համեմատաբար կարճ ժամկետում մենք Հայաստանը վերածել ենք հավասար հնարավորությունների երկրի բոլորի համար՝ խթաններ տրամադրելով բիզնեսնի եւ սթարտապերին եւ մեր երկիրը ներդրումների համար լավագույն տեղ դարձնելով։ Ես կեչ եմ անում միանալ նոր Հայաստանի ստեղծման մեր ջանքերին, որպեսզի Հայաստանը դարձնենք մրցունակ եւ գրավիչ երկիր կյանքի համար»,- ամփոփել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ