News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Հայկական ֆուտբոլի շուրջ բորբոքված կրքերը հանդարտվեցին։ Արթուր Վանեցյանը վայր դրեց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի լիազորությունները։ Անընդունելի եւ անընդունելի։ Վանեցյանի անդրադարձը  Հենրիխ Մխիթարյանի մասին Փաշինյանի խորհրդականի հայտարարությանը։ Հրդեհ Երեւանի կենտրոնում։ Հրշեջները կրակը սանձահարել են 3 ժամում։ Հայաստանի 3-րդ նախագահի ուղերձը՝ Զագրեբից Բաքու. «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։  Վատիկանի նկուղների խորհուրդն ու «պադվալի» աշխարհընկալումը։ Միլանում Փաշինյանի հայտարարության արձագանքը։  Անպատասխան մնացած նամակների հետքերով։ Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի էին հավաքվել Կոնդի, Ֆիրդուսու, Եկմալյան փողոցի բնակիչները։

Հայկական ֆուտբոլի շուրջ բորբոքվող թնջուկը հանգուցալուծվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ու գործադիր կոմիտեի հրաժարականով։ ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը կշարունակի պաշտոնավարումը եւ մեկ ամսում Ֆեդերացիայի ընդհանուր ժողովի զտումից հետո տեղի կունենա գործկոմի անդամների եւ ՀՖՖ նախագահի ընտրությունը։ Գործկոմի անդամների եւ նոր նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին։ Գործկոմի նիստը հրավիրվել էր Իտալիայի հավաքականից Հայաստանի ազգային հավաքականի 9։1 հաշվով կրած ծանր պարտությունից հետո բարձրացած դժգոհության ալիքի եւ քննադատությունների արդյունքում։ Լրագրողների դիտարկմանը, որ Անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնից հրաժարականից հետո են տարաձայնությունները խորացել նաեւ ֆուտբոլային ասպարեզում, Վանեցյանը խնդրել է չքաղաքականացնել ասուլիսը։ Արթուր Վանեցյանն ասել է, որ եւս մեկ կարեւոր բան ունի ասելու՝ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի՝ հավաքականի հանդեպ Հենրիխ Մխիթարյանի  վերաբերմունքի եւ նրան ազգային թիմի ավագի թեւկապից զրկելու հայտարարության վերաբերյալ։

Երեւանի կենտրոնում այսօր բռնկված հրդեհը մարվել է: Աբովյան-Պուշկին խաչմերուկում՝ երկհարկանի շինության տանիքում հրդեհի բռնկման մասին ահազանգը «911» ծառայությունը ստացել էր ժամը 2-ին: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել Փրկարար ծառայության չորս մարտական հաշվարկ, արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը: 14:10-ին հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան եւ դեպքի վայր են շտապել եւս երկու մարտական հաշվարկ ու մեկ ավտոսանդուղք: 14-ն անց 19-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է 3-րդ աստիճանի ու գործընկերներին օգնության են մեկնել եւս չորս մարտական հաշվարկ ու ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան 10 հասցեում գտնվող ռեստորանի տանիքում, այրվել են տանիքի փայտյա կառուցվածքները: 16-ն անց 8-ին հրդեհը մեկուսացվել է, 17-ին՝ մարվել: Հրդեհը ոչնչացրել է 250 քառակուսի մետր տարածք։

Արտակարգ իրավիճակների նախարարին առաջինն ահազանգել է Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Դեպքի վայր հասած Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին ասել է, որ հրդեհի հետեւանքով տուժածներ չկան։

Արցախյան հակամարտության ներկայիս բանակցային փուլը մտահոգություններ է առաջացնում, ԵԺԿ համագումարում հայտարարել է նախկին նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը, ապօա հավելել. «որպես մարդ, որն անձամբ մասնակցել է Արցախի ինքնապաշտպանությանը, ես լավ գիտեմ խաղաղության արժեքը: Շատ կարևոր է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը շարունակեն ստանալ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը»:

Իմ երկրում իշխանափոխությունը տեղի ունեցավ բացառապես խաղաղ ճանապարհով, նպատակս մեկն էր՝ թույլ չտալ, որ մարդկային զոհեր լինեն և պետությունը զերծ պահել վտանգավոր ցնցումներից, ասել է Սերժ Սարգսյանը։

Որպես Հայաստանի քաղաքացի ես ծայրահեղ մտահոգված եմ նոր իշխանությունների արտաքին եւ ներքին քաղաքականությամբ, Միլանի հայկական Քառասուն մանկունք եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ասել Միլանի եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտի հայ աշխատակիցը, եւ կոչ արել, որ կառավարությունը եւ անձամբ Փաշինյանը հրաժարական տան։ Պետական ինստիտուտների կազմաքանդման մասին դիտարկմանը՝ վարչապետն ասել է. «Եթե պետական ինստիտուտ ասելով նկատի ունեք կոռուպցիան, այո, ինստիտուտը քանդված եւ ջախջախված է։ Ի դեպ՝ Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի նկուղում հանգչում է Պետրոս առաքյալի աճյունը, եւ այնտեղ գնում են ապաշխարելու, ոչ թե «պադվալի» աշխարհընկալմամբ։

Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի են հավաքվել Կոնդի, Ֆիրդուսու, Եկմալյանի բնակիչները։ Կոնդի բնակիչները պահանջում են կրկին չափագրել իրենց տները և սեփականության նոր վկայական տալ, իսկ Եկմալյանի բնակիչները փոխհատուցում են պահանջում 15 տարի առաջ քանդված իրենց բնակարանների համար։ Ֆիդուսի բնակիչները ևս իրենց համարում են հանրային գերակա շահի զոհ և փոխհատուցում են պահանջում։

Ցուցարարները կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին մեղադրել են  իրենց նամակները միտումնավոր թաքցնելու համար։ «Նամակները տեղ չեն հասնում»,- ասել են բնակիչները։ Ավելի ուշ վարչապետի աշխատակազմի ղեկավար Աղաջանյանի տեղակալը խոստացել է՝ սեղմ ժամկետում պատասխանել գործի ընթացքի վերաբերյալ։

ԱԻՆ-ի Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը նոյեմբերի 13-19-ը Հայաստանի եւ Արցախի տարածքում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ, իսկ տարածաշրջանում՝ 3 եւ ավելի բալ ուժգնությամբ 14 երկրաշարժ։ 6 եւ ավելի մագնիտուդով  երկու երկրաշարժ էլ ծառայությունը  գրանցել է Խաղաղ օվկիանոսի ավազանում:

Ամերիկյան դոլարի փոխարժեքը երեկվա համեմատ նվազել է 0.29 դրամով եւ կազմել է 476.69 դրամ։ Եվրոյի փոխարժեքն աճել է 0.78 դրամով եւ կազմել  528.46 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն էլ ավելացել է աճել է 1.30 դրամով ու կազմել 617.03 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը գրեթե անփոփոխ է մնացել եւ կազմել 7.47 դրամ։

Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում եւ Արցախում նոյեմբերի 22-ին սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով։ Մյուս մարզերում կլինի առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը փոքր ինչ կնվազի: Երեւանում տեղումներ չեն լինի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +6+8:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ