News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եթե  արդեն իսկ խոսվում է վտանգի մասին, ապա Ամուլսարի շահագործման ծրագիրը պետք է փակվի: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ամուլսարի պաշտպան Շիրակ Բունիաթյանը` անդրադառնալով  ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցին:

«Ամեն մարդ իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը  եւ Աղաջանյանի հարցազրույցը ես  դիտարկում եմ որպես Աղաջանյանի կարծիքի արտահայտում, ոչ ավելին: Մեզ համար անհասկանալի է կառավարելի ռիսկեր հասկացողությունը, որովհետեւ ռիսկը դա վտանգն է, իսկ կառավարելի վտանգներ չեն լինում: Եթե  արդեն իսկ խոսվում է վտանգի մասին, նամանավանդ  առողջարանային գոտու մոտակայքում, ինձ թվում է արդեն պետք է փակվի տվյալ ծրագրի էջը»,-ասաց նա:

Շիրակ Բունիաթյանը նաեւ հակադարձեց Աղաջանյանին` նշելով, որ ոչ թե քաղհասարակությունն է դեմ ծրագրին, այլ ամբողջ  համայնքը. «Էստեղ չի կարող  խոսք գնալ ինչ-որ մի փոքր խմբի համար, իսկ եթե Աղաջանյանի համար դա մի փոքր խումբ է, երեւի նա ի նկատի է ունեցել աշխարհի 10 միլիոնից ավելի հայերին եւ մեզ այս համատեքստում փոքր թիվ է դիտարկել: Գիտակից հայության մեծ մասը դեմ է Ամուլսարի շահագործմանը: Այնպես չէ, որ պայքարը նոր է սկսել եւ նոր պետք է պայքարի իրական ծավալների մասին տեղեկացնենք»:

Անդրադառնալով մյուս հայտարարությանը, որ Կառավարությունն է որոշումներ կայացնում, այնինչ ցուցարարները փորձում են այդ գործառույթն իրենց վրա վերցնել, Բունիաթյանն ասաց. «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին իրավունք ունի մասնակիցը դառնալու, ինքը որոշելու: Ամուլսարում հանքարդյունաբերության էջը փակել է 1.5 տարի առաջ, ճանապարհները փակելու առաջին իսկ օրվանից, եւ համայնքի բնակչության մեծ  մասը կայացրել է որոշում, որ ինքը չի ուզում ապրել հանքարդյունաբերական շրջանում, դա մեր որոշումն է եւ կառավարությունը, ինձ թվում է, կգնա կառուցողական երկխոսության»:

Բունիաթյանի  կարծիքով` մինչեւ գարուն իշխանությունը Ամուլսարի ճանապարհները բացելու հարցում կտրուկ քայլերի չի գնա, իսկ եթե Կառավարությունը որոշի ուժի միջոցով բացել ճանապարհներ, դա կլինի գարնանը: «Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, երբ որ մենք մտել ենք այս պայքարի մեջ, գնահատել ենք բոլոր տարբերակները»,- հավելեց նա:

Նշենք, որ Էդուարդ Աղաջանյանը հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը, որտեղ խոսելով Ամուլսարի խնդրի մասին նշել էր, որ  հանքը շահագործելու դեպքում եթե ռիսկերը կառավարելի լինեն, իրենք համապատասխան որոշում կկայացնեն: Նաեւ ասել էր, որ վերջնական որոշում կայացնողը Կառավարությունն է, այլ ոչ թե այնտեղ պայքարող քաղհասարակության ներկայացուցիչները: 

 

Տպել
Ամենաշատ