News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Նախկին գլխավոր դատախազը՝ մեղադրյալ։ Հատուկ քննչական ծառայությունը ներկայանալու համար 2 օր է տվել Գեւորգ Կոստանյանին։ Վեճ, ծեծկռտուք, կրակոցներ. Բոլիվուդի ոճով դրվագ՝ երեւանյան բարում, հնդիկների կատարմամբ։ Դուբնայում հայ երիտասարդ է սպանվել։ Այս տարի Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել Հայաստանի 17 հազար քաղաքացի։ Եթե բախվեր սպառնալիքի՝ միջոցներ կձեռնարկեր. Լիլիթ Մակունցը տարօրինակ է համարում Սորոսի հիմնադրամից բխող վտանգի վերաբերյալ Վանեցյանի հայտարարությունը։ Անհեթեթ ժամանակում ենք ապրում. Էդմոն Մարուքյանի բնորոշումը պատգամավոր-նախարար աշխատավարձերի խզվածքի առիթով։ Եթե ժողովուրդը ցանկանա. Խորեն Հովհաննիսյանը՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։

Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։ Տեղեկությունը հաստատել է Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղարը։ Ըստ Մարինա Օհանջանյանի՝ նախկին գլխավոր դատախազին առաջարկվել է 48 ժամվա ընթացքում ներկայանալ վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանքն առաջադրելու համար:

Վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ՝ Երևանում, կարդում ենք հանգստյան օրերի քրեական քրոնիկոնի առաջին տողերում։  Shamshyan.com-ը հայտնում է, որ կեսգիշերն անց Նալբանդյանի վրա գտնվող «Սթար» բար-սրճարանում ոմն Ալբերտ դիտողություն է արել մի քանի աղմկող հնդիկների։ Վերջինները, սակայն,  շարունակել են հայհոյել, նույնիսկ կրակելով վնասել մուտքի դռան ապակին և հարվածել քաղաքացուն։ Դեպքի վայր ժամանած իրավապահները բերման են ենթարկել Հնդկաստանի քաղաքացի 27-ամյա Աջայ Ռեջինդոռի Կումարին։

Իսկ այսօր հայտնի է դարձել, որ Հնդկաստանի մեկ այլ քաղաքացի Բուդդա մականվամբ հայտնի Սուխպրետ Սինգխ Դալիվալը վտարվել է Հայաստանից ու ձերբակալվել Դելիի օդանավակայանում: «Դավինդեր Բամբիխա» հանցախմբի ղեկավարն Բուդդան հետախուզվում էր 15 քրեական գործով, որոնցից են սպանությունը, սպանության փորձն ու շորթումը:

Մերձմոսկովյան Դուբնա քաղաքի գիշերային ակումբի մոտ Հայաստանի քաղաքացիների մասնակցությամբ նախօրեին տեղի ունեցած հարձակման ու ծեծկռտուքի  հետեւանքով մահացել է Երեմ Գեւորգյանը, մեկ ուրիշն էլ ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ։ Հայաստանի դեսպանությունը կապի մեջ է ռուսաստանցի իրավապահների հետ՝ դեպքի հանգամանքները ճշտելու նպատակով։

2019 թվականին ռուսական քաղաքացիություն ստացած արտասահմանցի քաղաքացիների թիվը նախորդ տարվա համեմատ մեծացել է 1,5 անգամ։  «Իզվեստիայի» տվյալներով՝ այս տարի ռուսական անձնագիր է ստացել Հայաստանի 17 հազար քաղաքացի: Ավելի շատ դաշնության քաղաքացիություն են ստացել ուկրաինացնիները, ղազախներն ու տաջիկները:

Ռուսաստանի դատարանը 40 օրով կալանավորել է հանրության շրջանում Ալրաղացի Լյովիկ անունով հայտնի Լեւոն Սարգսյանին: Հայաստանի գլխավոր դատախազությունը ռուսաստանցի գործընկերներին է ուղարկել նրա հանձնման միջնորդությունը: Հիշեցնենք, որ Ալրաղացի Լյովիկը հետախուզման մեջ էր անցած տարվա հոկտեմբերից եւ Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել ու ձերբակալվել է 1 շաբաթ առաջ։

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից 2007-ից 2009 թվականների ընթացքում խոշոր կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք: Պարզվել է, որ Երեւանի բնակչուհուն առեւանգելողներին քրեական հետապնդման ենթարկելու համար պաշտոնյաները տուժողի հորից 2 տարի շարունակ պահանջել եւ տարբեր մասնաբաժիններով ստացել են խոշոր չափերով կաշառք, սակայն առեւանգողներն այդպես էլ  չեն պատժվել, բայց վերադարձվել է կաշառքի միայն մի մասը։

Անվտանգության ծառայության քննիչները ցանկացել են առգրավել փաստաբան Հովհաննես Չամսարյանի գրասենյակից համակարգիչները, սակայն փաստաբանի ու նրա ներկայացուցչի մերժումից հետո, փորձել են գրասենյակում անել այդ ուսումնասիրությունները։ Փաստաբանները չեն համաձայնել նաեւ այդ առաջարկին,- ասել է Չամսարյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը։

Դատարանը Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի  ժամկետը երկարացրել է եւս 2 ամսով։ Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասել է, որ իրենց համար այդ որոշումը սպասելի էր։

Հայաստանում Սորոսի հիմնադրամի գրասենյակի՝ երկրի համար սպառնալիք համարվելու մասին՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը Ազգային ժողովի «Իմ քայլը»  խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տարօրինակ է համարում։ Մակունցը համոզված է, որ եթե  Վանեցյանը բախվեր երկրի ազգային անվտանգությանը սպառնացող կազմակերպության, նա բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկեր։ Իսկ եթե միջոցներ չի ձեռնարկել, ուրեմն մենք պետք է վստահ լինենք, որ նա նման սպառնալիքներ չի տեսել»,- ասել է Լիլիթ Մակունցը։

Ազգային Ժողովի «ԻՄ քայլը» խմբակցության ղեկավարը պարգեւավճար ստացել է, բայց չի կարող ասել՝  որքան: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ դժգոհել է, որ աշխատավարձերի առումով Հայաստանն ապրում է անհեթեթ ժամանակներ, երբ իշխող խմբակցության ղեկավարը ստանում է 460  հազար դրամ, իսկ իրենց նշանակած նախարարը՝ 1,5  մլն դրամ:

Ընտանեկան բռնության դեպքերի նվազման միտումը ոստիկանության քրեական հետախուզության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը պայմանավորում է օրենքի գործածությունից հետո արարքի հետեւանքները գիտակցելու հանգամանքով: «Ընտանեկան բռնություն և օրենսդրական մեխանիզմների արդյունավետություն» թեմայով քննարկման ժամանակ ոստիկանության պաշտոնյան ասել է, որ նվազել են թե կանանց ու աղջիկների, թե ընդհանրապես ընտանիքում տեղի ունեցած բռնությունները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական  Օլգա Ազատյանն էլ նշել է, որ ընտանեկան բռնության նվազեցման համար  նախարարությունն աշխատում է 2 ուղղությամբ:

Հանրապետության վարչապետը ոչ միայն կոչ է արել համապատասխան ընդունման կետեր հանձնել մետաղի ջարդոն մեքենաների կմախքները, այլեւ հնարավորինս լայն տարածել իր գրառումը։ Facebook-ի իր էջում Նիկոլ Փաշինյանը մատնանշել է նաեւ Երեւանի ու այլ քաղաքների հասցեները, որտեղ մետաղի տոննան ընդունում են 10-12 հազար դրամով:

Վերջին օրերի հուզումներից հետո Լիբանանի բանակը եւ անվտանգության ուժերը վերահսկողության տակ են վերցրել Բեյրութի կենտրոնը, մասնավորապես ընկածների հրապարակը, որտեղ մինչ այդ տեղի էին ունեցել բախումներ խաղաղ ցուցարարների եւ «Հըզբոլլահ» եւ «Հարաքյաթ Ամալ» շարժումների կողմնակիցների միջեւ։ Բանակն արգելապատնեշներ է տեղադրել հակամարտող ցուցարարներին միջեւ։ Այնուհանդերձ նրանք միմյանց վրա քարեր ու վառվող փայտեր են նետել։

Երեւանի «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը կառաջադրվի Ֆուտբոլի Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Հովհաննիսյանը նշել է, որ ինքն անհանգստացած է հայկական ֆուտբոլի վիճակով եւ, նրա խոսքով՝  եթե ժողովուրդը ցանկանա, ինքը կլինի ՀՖՖ նախագահ: Ֆեդերացիան նոր գործկոմ ու նախագահ է ընտրելու դեկտեմբերի 23-ին:

Ամերիկյան դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.35 դրամով եւ կազմել է 476.60 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.77 դրամով ու կազմել  524.83 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքն աննշան է նվազել ու կազմել  613.86 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը գրեթե չի փոխվել՝ 7.47 դրամ 1 ռուբլու դիմաց։

Եղանակի ջերմացում է կանխատեսում «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը։ Ըստ Գագիկ Սուրենյանի՝ առաջիկա օրերին հարավ-արևմուտքից արևադարձային տաք օդային հոսանքներ են  ներթափանցելու Հայաստան։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ից կբարձրանա 8-10 աստիճանով, որոշ վայրերում 4-5 աստիճանով:

Նոյեմբերի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում առաջիկա գիշերը կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +7+9:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ