News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դատախազ Կարեն Բիշարյանի բացարկի մասին միջնորդություն ներկայացրեց:

Փաստաբանի խոսքով՝ դեռեւս 2018 թվականի փետրվարի 23-ին խորհրդարանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քննարկումների ժամանակ Բիշարյանը հիմք չէր տեսնում Քոչարյանին հարցաքննելու համար, նույնիսկ վկայի կարգավիճակով: «Հետագայում դատախազը հանկարծ տեսավ հիմքեր կալանավորման համար: Չնայած նրան, որ մեղադրանքի համար հիմք դարձած հանգամանքները հայտնի էին նաեւ նախկինում. դա 0038 հրամանն է, արտակարգ իրավիճակի սահմանումը: Եվ նույնիսկ բարձրացվել է ԶՈւ ներգրավման հարցը: Դա խոսում է քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո դատախազի սուբյեկտիվ վերաբերմունքի մասին»,- հայտարարեց փաստաբանը:

Փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարեց, որ դատախազի տեսակետի փոփոխությունը քաղաքական պատվերի հետեւանք է:

Նշենք, որ դատախազ Կարեն Բիշարյանը մասնակցում է գործընթացին այսօրվանից, ինչով եւ պայմանավորված է փաստաբանների գրավոր միջնորդության բացակայությունը:

Մեղադրող կողմը միջնորդության հետ չհամաձայնեց: Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ միջնորդությունը քաղաքականապես մոտիվացված է եւ անհիմն, ինչպես եւ նախորդ միջնորդությունները: «Հիմքեր չկան դատախազ Բիշարյանի օբյեկտիվությունը կասկածի տակ դնելու համար»,- հայտարարեց Բաղդասարյանը: Պետրոս Պետրոսյանը համաձայնեց իր գործընկերոջ հետ եւ նկատեց, որ գործի մի շարք հանգամանքներ հայտնի չեն եղել այն շրջանում, որին հղում են անում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները: Մասնավորապես, 0038 հրամանի գոյության մասին հայտնի է դարձել ոչ այդքան վաղուց, եւ փաստաբանները փաստերի մանիպուլյացիայի են դիմում:

Տուժածի ներկայացուցիչ Պողոսյանը խոսք տվեց իրեն հարիր ոճով՝ ելույթը խառնելով նախկին նախագահի հասցեին վիրավորական արտահայտություններով: Նրա գործողություններին արձագանքեց փաստաբան Արամ Օրբելյանը՝ դատարանից պահանջելով միջոցներ ձեռնարկել: Դատավորը հերթական անգամ հիշեցրեց կոռեկտության սահմաններից դուրս չգալու անհրաժեշտության մասին:

Դատախազ Բիշարյանը նշեց, որ 2018-ի փետրվարի 23-ի վերոնշյալ քննարկումը եւ առաջադրված մեղադրանքը խիստ տարբերվում են, իսկ ներկայիս գործը չի դիտարկում մարդկանց մահվան հանգամանքները: Նրա խոսքով՝ տեսակետի փոփոխությունը չի կարող դիտարկվել որպես ոչ օբյեկտիվություն: «Ե՛վ այն ժամանակ, եւ՛ հիմա իմ կարծիքը հիմնված է գործի փաստացի տվյալների վրա»,- հայտարարեց դատախազը՝ վստահեցնելով, որ սուբյեկտիվ մոտեցում չի ցուցաբերում:

Խոսելով դատախազի այն հայտարարության մասին, թե 0038 հրամանի գոյության մասին հայտնի է դարձել ոչ այդքան վաղուց, փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ այդ պնդումը ճիշտ է, սակայն հարցն այն է՝ ինչու քննությունն ավելի վաղ ջանքեր չի գործադրել բոլոր հանգամանքները պարզելու համար: «Այստեղ կարելի է խոսել քաղաքական կամքի բացակայության մասին, եւ դա փաստարկ է մեր օգտին»,- նշեց նա:

Լսելով կողմերին՝ դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու համար: Որոշումը հայտնի կդառնա այսօր ժամը 17:45-ին: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ