News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երկրորդ նախագահի դատավարության մարաթոնն ու նյարդերի պայքարը։ Մեղադրողի ռեպլիկներից հետո լեզվակռիվ է սկսվել։ Դիմակայություն՝ ոչ միայն դատարանի դահլիճում, այլեւ բակում։ Կրքեր են բորբոքվել նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ու ընդդիմախոսների ցույցի ընթացքում։ Դարձ ի շրջանս յուր. ԵԿՄ նախկին նախագահի վիճակը նորից վատացել է։ Դատավորն առանձնացրել է Գրիգորյան-Ամիրյան զույգի գործերը։ ԵՊՀ հայ բանասիրականի ուսանողները վերսկսում են դասադուլը։ Նրանք նաեւ նստացույց կանեն ռեկտորի առանձնասենյակի դիմաց։ Սասուն Խաչատրյանը՝ Գեւորգ Կոստանյանի ու Սուրիկ Խաչատրյանի մասին։ ՀՔԾ-ում սպասում են նախկին գլխավոր դատախազի ու նախկին մարզպետի վերադարձին։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստն ընդմիջվել է փաստաբանի եւ դատախազի լեզվակռվի պատճառով: Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը ներկայացնում էր իր տեսակետը, երբ դատախազ Բաղդասարյանը սկսել է տեղից ռեպլիկներ անել: Լեզվակռվին միացել են Քոչարյանի աջակիցներն ու հակառակորդները: Վերադառնալով ընդմիջումից՝ դատավորը զգուշացրել է չկրկնել նման պահվածք, համարելով, որ դատախազը խախտել է նիստի կարգը, փաստաբանն ու դատախազը չեն ենթարկվել վեճն ավարտելու պահանջին եւ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել:

Ներկայացնելով դատախազ Կարեն Բիշարյանի բացարկի միջնորդությունը, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հիշեցրել է, որ 2018-ի փետրվարի 23-ին խորհրդարանում Մարտի 1-ի վերաբերյալ քննարկումների ժամանակ Բիշարյանը Քոչարյանին հարցաքննելու հիմք չէր տեսնում, նույնիսկ վկայի կարգավիճակով: «Հետագայում, սակայն, դատախազը հանկարծ այդպիսի հիմքեր տեսել է կալանավորման համար, չնայած, որ մեղադրանքի համար հիմք դարձած հանգամանքները հայտնի էին նաեւ նախկինում»,- ասել է փաստաբանը: Փաստաբան Ռուբեն Սահակյանը հայտարարել է, որ դատախազի տեսակետի փոփոխությունը քաղաքական պատվերի հետեւանք է:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակել է դատախազ Կարեն Բիշարյանի բացարկի միջնորդության որոշումը։

Դատավարության ընթացքում երկրորդ նախագահի աջակիցները բողոքի ցույց  են իրականացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց։ Ընդդիմախոսներից մեկի հետ վեճից հետո Քոչարյանի աջակիցներից մեկը բերման է ենթարկվել։

Այն մարդիկ են խոսում վիրավորանքների մասին, որոնք տարիներ շարունակ դրա ակունքներում են կանգնած, լրագրողներին ասել է երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով Սարգիս Քլոյանի հայտարարությանը, որով նա դիմում էր Ռոբերտ Քոչարյանին, որ որդուն զգուշացնի՝ դատարան ելումուտ անելիս իրենց չվիրավորեն։ Լեւոն Քոչարյանն ասել է, որ բոլոր այս տարիներին իրենց ընտանիքն է հայտնվել վիրավորանքների թիրախում։

Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստում նախագահող Մնացական Մարտիրոսյանը որոշում է կայացրել ԵԿՄ նախկին նախագահի դատական գործն առանձնացնել նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործից։ Վճիռը կայացվել է առանց կողմերին լսելու, ինչը վրդովվեցրել է Մանվել Գրիգորյանի պաշտպաններին, որոնք խոստացել են բացարկ հայտնել դատավորին։

Նիստի ընթացում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը դարձյալ վատացել է, շտապօգնության աշխատակիցները նրան դուրս են հանել դահլիճից։ Նիստն ընդհատվել է, այնուհետեւ պաշտպանները դարձյալ միջնորդել են 5 միլիոն դրամ գրավի դիմաց փոխել ԵԿՄ նախագահի խափանման միջոցը։

ԵՊհ հայ բանասիրականի ուսանողները վերսկսել են օրեր առաջ դադարեցրած դասադուլը: Նրանք երեք աշխատանքային օր ժամանակ էին տվել ռեկտորի  պաշտոնակատարին՝ իրենց նամակին  պատասխանելու համար, սակայն արձագանք չի եղել: «Մենք պահանջում ենք, որ թե նա, թե գիտական խորհուրդը դիրքորոշում հայտնեն մեր նամակին, դատապարտեն նախարարի պահվածքը դասախոսների հետ հանդիպմանը»,-  ասել է ուսանող Գեւորգ Գյուլումյանը:

Մայր բուհի հայ բանասիրականի ֆակուլտետի ուսանողները որոշել են  վաղվանից նաեւ նստացույց անել ռեկտորի աշխատասենյակի առջեւ: Ուսանողները կարծում են, որ ռեկտորատը որոշել է անտեսել բողոքողներին` մինչեւ շարժումը կմարի: «Մենք նրանց կստիպենք հասկանալ, որ մեզ անտեսել չի կարելի»,- ասել է ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդուարդ Գալստյանը: Ի դեպ, ուսանողները բացականեր են ստացել դասադուլի օրերին:

Հայ բանասիրական ֆակուլտետի ուսանողները նաեւ ասմունքի երեկո են կազմակերպել, որի ընթացքում հայ գրականության գոհարներից արտասանություններով աչքի են ընկել նաեւ ֆակուլտետի  այլազգի ուսանողները։

ՀՅԴ-ն դիմել է «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցությանը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու առաջարկով: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողներին ասել է, որ իրենք պատասխանել են նամակին:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը խուսափողական պատասխան է տվել նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին հարցին: ՀՔԾ պետը հաստատել է, որ Կոստանյանի նկատմամբ մեղադրանքը կապ ունի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի գործի հետ եւ առաջարկել է մի քիչ սպասել։

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը կարող է բուժումը շարունակել հայրենիքում։ Այս եզրակացությանը, Սասուն Խաչատրյանի խոսքով՝ հանգել է դատաբժշկական փորձագետը։

Կոռուպցիայի կանխարգելման խորհրդարանական հանձնաժողովի նախագահ է ընտրվել «Լուսավոր Հայաստանի» անդամ Հայկուհի Հարությունյանը։ Հանձնաժողովի անդամ են նաեւ կառավարության, Բարձրագույն դատական խորհրդի ներկայացուցիչներ։

Շատ կարեւոր է արձանագրել երկրի առաջ ծառացած մարտահավերները, Հայաստանը ժողովրդավարական երկիր է, բայց այն գոյություն ունի որպես էմոցիոնալ արտահայտություն եւ դա 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության հուզական շարունակությունն է, Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի 15-ամյակի առիթով համաժողովին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ամերիկյան դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.22 դրամով եւ  կազմել 476.82 դրամ։ Եվրոյի փոխարժեքն աճել է 0.39 դրամով եւ հասել 525.22 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.53 դրամով եւ կազմել  613.33 դրամ,  ռուսական ռուբլու փոխարժեքը աննշան է փոխվել եւ կազմել է 7.45 դրամ։

Հայաստանում նոյեմբերի 27-ին օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով: Առաջիկա գիշերն օդի ջերմաստիճանը ամենուրեք կբարձրանա 8-10 աստիճանով, մինչեւ շաբաթվա վերջ աստիճանաբար կբարձրանա նաեւ ցերեկային ժամերին: Երեւանում օրվա երկրորդ հնարավոր է անձրեւ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +8+10:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ