Ինձ մոտ տպավորություն է, որ մենք անընդհատ փորձում ենք հասկանալ, թե ադրբեջանական կողմն ինչ է ուզում, ինչ պետք է անի, ավելի շատ շահագրգռված ենք ադրբեջանական կողմի հայտարարություններով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Դիտարկմանը, որ Ադրբեջանը չի մեղմացնում իր կոշտ հռետորաբանությունը, այդ պայմաններում ինչպես են ընթանալու բանակցությունները, Մակունցը պատասխանեց. «Մենք պետք է շեշտադրումն անենք այն հայտարարությունների վրա, որ անում է հայկական կողմը, խոսենք այն հայտարարությունների եւ այն շեշտադրումների մասին, որ անում է Հայաստանը թե Հայաստանում, թե բոլոր բանակցային հարթակներում: Դա է ամենակարեւոր այս պայմաններում: Թե ինչ է ասում Ադրբեջանը, ինչպիսի հռետորաբանություն է դրսեւորում, դա չպետք է լինի մեր ուշադրության առարկան: Իհարկե, մենք պետք է հետեւություններ անենք դրանից, բայց մենք մեր ասելիքի վրա պետք է կենտրոնանանք, ոչ թե նրանց»,-ընդգծեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար եւ արդյոք կա՞ այդպիսի տարբերակ, Մակունցն արձագանքեց. «Այն, որ հանգուցալուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար, դա մեր շեշտադրումն է եւ մենք պետք է հետեւենք մեր շեշտադրումներին: Ավել բան ասելիք չունեմ»:











