News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հերթական ցույցը՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ։ Փողոցն ազատելու ոստիկանների պահանջին լեզվակռիվ ու քաշքշուկ են հետեւել։ Մայր բուհի ռեկտորի առանձնասենյակի մոտ նստացույցը շարունակվում է։ Ռեկտորը դեմ է որեւէ առարկայի պարտադիր դասավանդմանը։ Վանեցյանը՝ նեղացած տղայի դերո՞ւմ։ Նորմալ չի՝ ասում է «Իմ քայլի» պատգամավորը։ «Բա որ ես խոսեմ»՝ ժամանակին ասել էր Դավիթ Սանասարյանը Արթուր Վանեցյանի հայտարարությանն ի պատասխան։ Այսօր ՊՎԾ կասեցված լիազորություններով պետը համարում է, որ ինքն ու ԱԱԾ նախկին տնօրենը տարբեր քաշային կարգերում են։ Դատարանը մերժել է Սանասարյանի ու մյուսների գործով պաշտպանների միջնորդությունը։ Դատավորը գործը Սահմանադրական դատարան ուղարկելու հիմքեր չի տեսնում։ Ապրիլյան պատերազմում պարտության գինը։ Ադրբեջանի բանակում հայերի օգտին լրտեսների որսն ուղեկցվել է զանգվածային տանջաքննությամբ։ Կտտանքներին չի դիմացել 9 զինվորական. BBC-ի անդրադարձը։ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի ահազանգը. ցանկացած հեղափոխություն արագորեն փոշիանում է, երբ խոստումներն իրականություն չեն դառնում, գրել է Արամ Վեհափառը։

Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ բողոքող ավտոներկրողները ցույց են անցկացրել ՊԵԿ-ի շենքի մոտ: Հունվարի 1-ից ավարտվում է 2014 թվականին ԵԱՏՄ-ին ամդամագրվելիս Հայաստանին տրված արտոնությունը, արդյունքում մի քանի անգամ  բարձրանալու են ավտոմեքենաների մաքսազերծման գները։ Մինչեւ տարեվերջ մեքենաները մաքսազերծել շտապող ներկրողներին նյարդայնացնում են կուտակումներն ու Գյումրի հասնելը։  

Ցույցի ընթացքում բողոքավոր ավտոներկրողների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։ Իրավապահները պահանջել են հեռացնել փողոցում կանգնած մեքենաները եւ բացել փողոցը։ Ցուցարարները հրաժարվել են, ինչից հետո քաշքշուկ է սկսվել։

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը իր աշխատասենյակի մոտ բողոքի նստացույց անցկացնող ուսանողներին փոխանցել է, որ նրանց հետ հանդիպելու ժամանակ չունի, ասել է ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդուարդ Գալստյանը, ավելացնելով, որ այնքան ժամանակ կմնան առանձնասենյակի մոտ, մինչեւ որ հանդիպեն ու պարզեն՝ ինչո՞ւ է մեժվել քննարկման առաջարկը։

Ավելի ուշ ռեկտորն ասել է, որ ինքը նամակին պատասխանել է, մինչդեռ այն հրապարակելու փոխարեն բողոքող ուսանողները մեկնաբանություններ են անում։ Գեղամ Գեւորգյանն ասել է, որ ուսանողների պահանջը քաղաքական է եւ ուղղված է Ազգային Ժողովին։ Էդուարդ Գալստյանը տարակուսել է պահանջի քաղաքական որակումից, հիշեցնելով, որ իրենց ուզածը բուհերում հայագիտական առարկաները ոչ պարտադիր դարձնելու թեմայով գիտխորհրդի քննարկում կազմակերպելն է։

Լրագրողների հետ զրույցում ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը բացահայտել է, որ ինքը դեմ է որեւէ առարկայի պարտադիր դասավանդմանը։ «Չի կարելի օրենքի ուժով, որեւէ առարկա, կապ չունի, թե ինչ առարկա, պարտադրել որեւէ մեկին», ասել է Գեղամ Գեւորգյանը։

Եթե Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը փաստեր և ասելիք ուներ, ապա պաշտոն զբաղեցրած ժամանակ պետք է ասեր, լրագրողներին ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։ Նրա տպավորությամբ՝ Վանեցյանը նեղացած տղայի դերում է հայտնվել։

Եթե արվում են հայտարարություններ, դրանք պետք է բացվեն եւ ներկայացվեն կոնկրետ փաստեր, լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի հայտարարություններին, ըստ որոնց, երկրին սպառնացող վտանգներ կան, «Սորոսի գրասենյակը» վտանգ է ներկայացնում, կուսակցություններ կան դրսից են ֆինանսավորվում:

Պետական Վերահսկողության Ծառայության կասեցված լիազորություններով պետ Դավիթ Սանասարյանն էլ ասել է, թե ինքը բանավեճ չունի Արթուր Վանեցյանի հետ։ Ժամանակին արձագանքելով Վանեցյանին՝ Սանասարյանն ասել էր՝ «բա որ ես խոսեմ», մինչդեռ այսօր ասել է, թե որոշել է  այս փուլում չպատասխանել։

Դավիթ Սանասարյանի եւ մյուսների դեմ գործով դատավարության ընթացքում դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը՝ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու վերաբերյալ։ Գործով ամբաստանյալի կարգավիճակում են Սանասարյանը, Վերահսկողականի 2 նախկին պաշտոնյաներ Գեւորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը եւ վերջինի ընկերը՝ «Զորաշեն» Ընկերության փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։ Դատարանը նաեւ մերժել է Դավիթ Սանասարյանի գործն առանձնացնելու պաշտպանների միջնորդությունը։ Դավիթ Սանասարյանին աջակցելու նպատակով դատական նիստին ներկա էին «Սասնա ծռեր» կուսակցության անդամները՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ։

Լիլիթ Մակունցը տպավորություն է ստացել, որ Հայաստանում անընդհատ փորձում են հասկանալ, թե ադրբեջանական կողմն ինչ է ուզում, ինչ պետք է անի եւ ավելի շատ շահագրգռված է ադրբեջանական կողմի հայտարարություններով: Դրա փոխարեն, ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի, «մենք պետք է շեշտադրումն անենք այն հայտարարությունների վրա, որ անում է հայկական կողմը, խոսենք այն շեշտադրումների մասին, որ անում է Հայաստանը թե Հայաստանում, թե բոլոր բանակցային հարթակներում»:

Ադրբեջանական բանակում վհուկների որսի, անմարդկային զանգվածային բռնաճնշումների ու սպանությունների փաստեր է ծավալուն հոդվածում ներկայացրել BBC-ն։ Կտտանքների տասնյակ զոհեր, դավաճանության մեջ մեղադրվող 100 տանջաքննված զինվոր ու սպա, 25 դատապարտված եւ խոշտանգումներից ինը սպանված. այսպիսին է միայն 2017-ին ադրբեջանական բանակում հօգուտ Հայաստանի լրտեսության տեղեկությունների կորզման արդյունքը, նշված է «Մեռիր կամ խոստովանիր» հոդվածում, որտեղ նույնիսկ տեղեկություններ կան ոչ մարտական կորուստների մեծ քանակի պատճառով բռնկված հուզումների մասին։

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսն ահազանգում է Հայաստանում հեղափոխական իշխանության խոստումների եւ իրականության անհամապատասխանության մասին։ Թվիթերում Արամ վեհափառը գրել է.  «Որեւէ հեղափոխություն շատ շուտ կշոգիանա, եթե խոստումը չունի որպես հենարան։  Ու երբ խոստումը հեռու մնա կյանքի իրականությունից, խորը անջրպետ կգոյանա ժողովրդի ու իշխանության միջեւ. կացություն, որ հղի է աննախատեսելի վտանգներով»:

Ամերիկյան դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.22 դրամով եւ կազմել է 477.04 դրամ։ Եվրոյի փոխարժեքն աննշան նվազել է եւ հասել 525.17 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.19 դրամով եւ կազմել է 613.52 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է մեկ լումայով ու հավասարվել՝ 7.46 դրամի։

Հայաստանում նոյեմբերի 28-ին սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով։ Երեւանում սպասվում են անձրեւներ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +9+11։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ