Հարուցված նոր քրեական գործը հեքիաթների դաշտից է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը՝ խոսելով «Հայապակի» ՓԲ ընկերության օտարման, սնանկության գործընթացը հանցավոր սխեմաների և մեքենայությունների միջոցով իրականացնելու, խաբեությամբ ընկերության գույքը հափշտակելու վերաբերյալ հարուցված քրեական գործի մասին:
«Սկզբնական շոուն արեցին, վերջացրեցին, հիմա մտածում են մեկ այլ շոու անել, հանրությանը զբաղեցնել»,-ասաց նա։
Հարցին՝ այս գործով հարցաքննվել է, Ամիրյանը պատասխանեց․ «Դեռ ոչ»։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Նազիկ Ամիրյանը խաբեությամբ հափշտակել է «Հայապակի» ՓԲԸ-ի՝ առանձնապես խոշոր չափերով՝ 571 միլիոն 166 հազար ՀՀ դրամ արժողությամբ պետական գույքը:
Նշենք, որ նոյեմբերի 28-ին, ՀՀ ՊՆ 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 27-րդ տարեդարձն է: Այս առիթով 5-րդ բրիգադի ազատամարտիկները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին զոհված մարտընկերների հիշատակին։











