News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաեւ կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ղեկավարները: Նախ տեղի է ունեցել առաջնորդների նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:

Հավաքական անվտանգության խորհրդի անդամները քննարկել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ կազմակերպության շրջանակում եւ միջազգային ասպարեզում փոխգործակցության հետ կապված հարցեր:

Իր խոսքում վարչապետը նշել է, որ Հայաստանը մտադիր է այսուհետ եւս շարունակել իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ-ի արդյունավետության հետագա բարձրացման եւ միջազգային հեղինակության ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ զգալի ներուժ է տեսնում անդամ երկրների միջեւ համագործակցության զարգացման համար եւ կարծիք հայտնել, որ արդիական ուղղություններից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության զարգացումն է, ինչի մասին նշվել է Հայաստանում սեպտեմբերին կայացած Ռազմատնտեսական համագործակցության հարցերով միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ:

«Ուրախ եմ նշել, որ մենք կարողացանք համաձայնության գալ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ: Վստահ եմ, որ Ստանիսլավ Զասի փորձը կարեւոր կլինի այս պատասխանատու պաշտոնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը` գոհունակություն հայտնելով նորմատիվ-իրավական բազային կատարելագործման գործընթացն ավարտելու կապակցությամբ, ինչը կարգավորում է պարտականությունների կատարման անհնարինության դեպքում գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթացը:

Այնուհետեւ վարչապետն անդրադարձել է մեր երկրի եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության հետ կապված իրավիճակին, խոսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին:

ՀՀ կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ռազմատենչ նկրտումները բացարձակապես անհեռանկարային են եւ խաղաղ բանակցություններին եւ խնդրի խաղաղ լուծմանը այլընտրանք չկա: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաեւ ՀԱՊԿ երկրների անվտանգության համար: «Կարծում եմ, որ նոր էսկալացիան աղետալի հետեւանքներ կթողնի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլ նաեւ նրանից դուրս: Ադրբեջանը, գտնվելով պատերազմական իրավիճակում, կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար, ովքեր, կորցնելով ազդեցությունը Սիրիայում, փնտրում են նոր տարածքներ իրենց գործունեության համար: Ընդ որում՝ Ադրբեջանը աշխարհագրական առումով շատ հարմար հարթակ է, որի միջոցով ծայրահեղականները կարող են ծավալել իրենց գործունեությունը բոլոր ուղղություններով` հարավում, հյուսիսում, արեւմուտքում եւ արեւելքում»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Միեւնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար: Վարչապետի խոսքով` հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները: «Մենք անկեղծ ենք մեր՝ խաղաղության ձգտման մեջ եւ պատրաստ ենք հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ կառուցողական երկխոսության` իմ ներկայացրած հայեցակարգի հիման վրա: Մենք կշարունակենք բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ընդունված միակ բանակցային ձեւաչափի շրջանակներում, որին ՀԱՊԿ-ը բազմիցս հայտարարել է իր աջակցությունը: Այս համատեքստում ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Մինսկի խմբի ռուսական կողմի համանախագահությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձել է նաեւ Սիրիայում տիրող իրավիճակին եւ կարեւորել երկրում խաղաղության ու կայունության ամրապնդումը: «Այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները ծայրաստիճան մտահոգիչ են: Հայաստանը դատապարտեց վերջերս տեղի ունեցած Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արեւելք, որն ուղղակի սպառնալիք է ստեղծում այնտեղ բնակվող հայազգի բնակչության համար: Ազգային եւ կրոնական փոքրամասնությունները դառնում են ահաբեկիչների եւ նրանց հետեւում կանգնածների հիմնական թիրախը: Բոլորս ցնցված էինք սիրիական Դեր Զոր նահանգի Ղամիշլի քաղաքի Հայ Կաթոլիկ եկեղեցու հոգեւոր հովվի եւ նրա հոր դաժան սպանությունից։

Հարեւան ինքնիշխան պետության տարածք բռնի միջամտության իրական պատճառներն ակնհայտ են եւ ոչ մի ընդհանուր բան չունեն Թուրքիայի կողմից հայտարարված խնդիրների հետ: Թուրքիայի Հանրապետության կողմից միջազգային իրավունքի սկզբունքների խախտումը անընդունելի է եւ պետք է միանշանակ դատապարտվի միջազգային հանրության կողմից:

Հայաստանը սատարում է Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Մենք կշարունակենք ցուցաբերել Սիրիայի բարեկամ ժողովրդին ամեն հնարավոր մարդասիրական օգնություն, որն այսօր նրանց համար այդքան անհրաժեշտ է»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` այսօրվա փոփոխվող աշխարհում մեզ՝ դաշնակիցներիս համար ավելի քան երբեւէ կարեւոր է միավորել ուժերն առաջացող մարտահրավերներին դիմակայելու հարցում: «ՀԱՊԿ շրջանակներում ստանձնվող փոխադարձ պարտավորությունները պետք է անառարկելիորեն հարգվեն, իսկ անդամ-պետությունների միջեւ հարաբերությունները պետք է կրեն առաջնային բնույթ: Դրանում ենք մենք տեսնում մեր հավաքական ուժը, եւ դա է մեր կազմակերպության զարգացման նախապայմանը»,- ասել է վարչապետը:

ՀՀ կառավարության ղեկավարը հաջողություն է մաղթել կազմակերպությունում Ռուսաստանի նախագահությանը, որը համընկնում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի հետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը սատարում է նախագահության շրջանակներում առաջնահերթությունների իրականացմանը:

Գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր: Դրանց թվում են` համաշխարհային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման նպատակներով միջազգային համագործակցության կատարելագործմանը, Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի տոնակատարության միջոցառումների ծրագրին, ՀԱՊԿ նորմատիվ իրավական ակտերում փոփոխությունների սահմանմանը, պաշտպանա-արդյունաբերական համալիրների կազմակերպությունների եւ ձեռնարկությունների ինտեգրացիոն կապերի զարգացմանը, համատեղ գիտահետազոտական եւ փորձարարական աշխատանքների կազմակերպմանն ու անցկացմանը վերաբերող փաստաթղթեր:

Նիստի մասնակիցները քննարկել են նաեւ ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում տիրող ռազմաքաղաքական իրավիճակը, դիտարկել են ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դիմակայմանն առնչվող թեմաներ, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնության գալիք նախագահության ժամանակահատվածում աշխատանքի առաջնահերթ ուղղությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Ամենաշատ