Երեւանի քաղաքապետարանին նվիրել են այդ «Կամազները» շինթույլտվության դիմաց։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ֆեյսբուքյան լայվի միջոցով ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Նշենք, որ քիչ առաջ հրապարակվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից պատվիրված շնորհակալագրերի լուսանկարները, որոնց թվում կա նաեւ գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ –ին տրվելիք շնորհակալագիրը։

Դավիթ Խաժակյանն անդրադարձավ «Ն եւ Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ի՝ 10 հատ աղբատար մեքենա նվիրելուն. «Ուզում եմ ուշադրություն դարձնենք, որ սա կառուցապատող ընկերություն է, եւ փորձելու ենք ստանալ այս կազմակերպությանը տված շինթույլտվությունը, փորձելու ենք հասկանալ, թե երբ են այս մեքենաները նվիրվել ։ Պնդումը հետեւյալն է, քաղաքապետարանին նվիրել են այս «Կամազները» այսպես ասած՝ շինթույլտվության դիմաց»։

Նա խոսեց նաեւ «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ի՝  3 հատ բազմաֆունկցիոնալ «Կամազ» նվիրելու մասին. «Հաստատվում է, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող կազմակերպությունը նվիրել է 3 հատ բազմաֆունկցիոնալ «Կամազ» մեքենա, որը քաղաքապետարանի մամլո խոսնակի եւ քաղաքապետի տրամադրած տեղեկությունը դարձնում է ոչ իրական, ուստի բոլոր այն դիտարկումները, որոնք արվեցին այդ օրվա ավագանու նիստին, եւ դրան հաջորդող մեզ հնչող հարցադրումները հասարակությանն ու լրագրողների կողմից  քաղաքապետը հերքել է, որ Սամվել Ալեքսանյանն իր հետ փոխկապակցված որեւէ անձ չի արել նվիրատվություն։ 17 հատ մեքենա է ստացվում, սակայն էլի մեքենաներ կան, որոնց ցանկը պետք է հրապարակվի։ Հանրությունը ամիսներ շարունակ չի իմացել այս երեւույթի մասին»։

Ըստ Խաժակյանի՝ դրանք անհատույց նվերներ չեն, այլ կոնկրետ բանի դիմաց են. «Այս ցանկն ամփոփելու ենք, համադրենք ստացված շինթույլտվությունների հետ եւ հասկանանք՝ բոլոր այս կազմակերպությունները, որոնք նվիրատվություն են իրականացրել։ Արդյոք դա նվիրատվություն էր, թե բարտեր։ Սա հեշտ ապացուցելի բան էր, իմաստը ո՞րն էր հերքելու ու մեզ էլ սուտ հանելու։ Մարդիկ պետք է սովորեն իրենց սխալներն ընդունել»։