News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ զրուցել է Երեւան-Ստեփանակերտ հարաբերությունների, Արցախի միջազգային ճանաչման եւ ԼՂ հիմնահարցի կարգավորման ներկա փուլի մասին։

Պարոն Ղուլյան, ինչպե՞ս կգնահատեք Երեւան-Ստեփանակերտ հարաբերությունները։ Ինչպիսի՞ ազդեցություն են ունենում, այսպես կոչված, դավադիր ուժերի մասին հայտարարությունները։

Կարծում եմ, որ դավադրությունների մասին խոսակցություններին պետք է վերջ դնել. մենք երկրի ներսում իրար հայրենասիրություն սովորեցնելու կարիք չունենք։ Նման երեւույթները միայն ու միայն թուլացնում են մեզ՝ շեղելով համահայկական կարեւորության խնդիրներից։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտ-Երեւան հարաբերություններին, ապա դրանք գտնվում են աշխատանքային բարձր մակարդակի վրա, ինչը շատ բնական է։ Որպես օրինակ կարող եմ բերել երկու խորհրդարանների միջեւ փոխգործակցության մակարդակն ու ՀՀ ԱԺ մեր գործընկերների հետ ունեցած աշխատանքային հարաբերությունները, որոնք անընդհատ կատարելագործվում են՝ ընդգրկելով պետական կենսագործունեության նոր ոլորտներ։ Ի դեպ, առաջիկայում` հավանաբար դեկտեմբերի առաջին կեսին, Ստեփանակերտում նախատեսում ենք գումարել ԱՀ ԱԺ-ՀՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը։

Պարոն Ղուլյան, ինչպե՞ս եք գնահատում բանակցություններում Արցախի Հանրապետության վերաներգրավման հավանականությունը՝ հաշվի առնելով նաեւ այն իրողությունը, որ Ադրբեջանը եռակողմ ձեւաչափին համառորեն պատասխանում է քառակողմ ձեւաչափով։

Ի տարբերություն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների խեղված ձեւաչափի՝ բովանդակային մասում ամեն ինչ ավելի հստակ է. Արցախի ժողովրդի բնական իրավունքները բանակցությունների առարկա լինել չեն կարող։ Այստեղից էլ ամենապարզ հետեւությունը՝ իսկ ո՞վ պետք է ներկայացնի այդ իրավունքները, եթե ոչ արցախյան կողմը։

Ադրբեջանը այսօր փորձում է քաղաքական դիսկուրսի թեմա դարձնել եւ որպես բանակցությունների կողմ ներկայացնել ադրբեջանցի փախստականներին։ Սակայն փախստականների հարցը Արցախին էլ է հետաքրքրում։ Մենք պատրաստ ենք Լեռնային Ղարաբաղից ադրբեջանցի փախստականների թեմայի հետ միասին քննարկելու այժմ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող Հյուսիսային ու Կենտրոնական Արցախից, Նախիջեւանից, Արեւելյան Անդրկովկասից բռնությամբ տարհանված հարյուր հազարավոր հայ փախստականների հարցը։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հիմնական տուժող կողմը Ադրբեջանի հայ համայնքն է, որի ներկայացուցիչները անցել են Սումգայիթի, Գանձակի, Բաքվի ցեղասպանությունների միջով, սակայն մինչ օրս բարոյական, նյութական կամ տարածքային որեւէ փոխհատուցում չեն ստացել։ Հետեւաբար փախստականների հարցը բանակցությունների առարկա է հակամարտության երեք կողմերի՝ Ստեփանակերտի, Բաքվի ու Երեւանի համար, իսկ Ադրբեջանի առաջարկած ձեւաչափը խեղաթյուրում է հարցի էությունը։

Խնդրում եմ մի փոքր մանրամասնեք արտաքին կապերի ընդլայնման ուղղությամբ խորհրդարանի կողմից տարվող աշխատանքների մասին: Ինչքանո՞վ է օգտագործվում, խորհրդարանական դիվանագիտության ներուժը Արցախի պարագայում:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գործունեության մեջ արտաքին կապերը յուրահատուկ իմաստ ու նշանակություն ունեն: Հաշվի առնելով մեր երկրի միջազգային կարգավիճակը՝ այսօր խորհրդարանական դիվանագիտությունը այլ երկրների հետ հարաբերություններ հաստատելու ամենաճկուն ձեւաչափն է, որն էլ փորձում ենք առավելագույնս օգտագործել՝ ընդլայնելու Արցախի Հանրապետության արտաքին կապերի աշխարհագրությունը։

Արցախի հետ բարեկամության խմբեր ունենք Կանադայի Համայնքների պալատում, Եվրախորհրդարանում, Ֆլամանդական խորհրդարանում (Բելգիա), բարեկամության շրջանակներ՝ Ֆրանսիայում, Լիտվայում, Բելգիայի ֆրանսախոս համայնքում, Ավստրալիայում։ Նմանատիպ խմբեր ու շրջանակներ գործում են նաեւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովում։

Արտաքին կապերի ընդլայնման ուղղությամբ աշխատանքներ ենք տանում ինչպես Սփյուռքի հայկական կազմակերպությունների՝ մասնավորապես ՀՅԴ Հայ դատի գրասենյակների հետ, այնպես էլ ՀՀ ԱԺ մեր գործընկերների հետ՝ փորձելով ընդգրկել նոր բարեկամների։

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են կատարվում։ Արդյո՞ք առաջիկա ընտրությունները կարող են որեւէ ազդեցություն ունենալ այդ գործընթացի վրա։

Արցախի Հանրապետությունը վերջին տասնամյակների ընթացքում կայացած պետականության լավագույն օրինակներից մեկն է։ Այն համապատասխանում է ոչ միայն միջազգային իրավունքի, այլեւ փոփոխվող աշխարհի նոր պահանջներին։ Մի պարզ օրինակ բերեմ. ժամանակակից աշխարհում պետականության կայացման կարեւոր չափանիշներից մեկը ոչ այնքան պետության ճանաչված լինելն է, որքան այն, թե ինչքանով է տվյալ պետությունում գործում օրենքը, ինչքանով է արդյունավետ աշխատում իրավապահ համակարգը եւ ինչքանով է ապահովված մարդու անվտանգությունը։ Ասիական ու աֆրիկյան տասնյակ երկրներ կան, որոնք թեեւ ՄԱԿ անդամ են, բայց նույն ՄԱԿ-ի զեկույցներում ներկայացվում են որպես ձախողված օրինակներ, որոնք անգամ ի վիճակի չեն ապահովելու սեփական քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունն ու տարրական օրինականությունը։

Ճանաչումը մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, բայց այդքանով հանդերձ՝ այն ինքնանպատակ չէ։ Մեր նպատակը հաջողված եւ ներառող հասարակություն ու պետություն կառուցելն է՝ հիմնված իրավունքի գերակայության, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների հարգման, սոցիալական արդարության գաղափարների վրա, իսկ 2020 թվականին սպասվող նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները կարեւոր քայլ են այդ ճանապարհին։

Իհարկե, ոչինչ չանելով դժվար է առաջանալ ճանաչման ուղիով, բայց նաեւ հավատում ենք, որ փոքր քայլերով, մեր բարեկամների թիվը քաղաք առ քաղաք, նահանգ առ նահանգ, երկիր առ երկիր ավելացնելով՝ կարող ենք Արցախի ճանաչման համար բարենպաստ հիմքեր ստեղծել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ