News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Պայթյուն գազի արտահոսքից եւ փլուզում։ Պյատիգորսկում մահացել է Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Գեւորգ Կոստանյանը հետախուզման մեջ է։ Քննչական մարմինը դատարանին առաջարկում է կալանավորել նախկին գլխավոր դատախազին։ Կոստանյանը 48 ժամում Մոսկվայից ոտքով էլ կարող էր հասնել Երեւան. Անդրանիկ Քոչարյանը պատճառաբանություններ չի ընդունում։ Հնչած հարցին չպատասխանելն էլ է վնասում ազգային անվտանգությանը։ Խորհրդարանական հանձնաժողովի նախագահը պախարակում է ԱԱԾ նախկին տնօրենի վարքը։ Առաջնահերթությունը պետք է տրվեր զոհված զինվորներին, ոչ թե խանութ թալանողներին. որդեկորույս մայրերը շարունակում են բողոքի ցույցերը։ Սկանդալային բացահայտումներ քաղաքապետարանին նվիրաբերված Կամազների շուրջ։ Ինչով են քաղաքապետարանում պայմանավորում Հայկ Մարությանի հաճախակի արձակուրդները։ Աներեւակայելի հայը, քաղաքավարության կանոններն ու Իտալիայի Սենատի շվարած նախագահը։ Secolo ditalia կայքը՝ Փաշինյանի՝ Իտալիա այցի մասին։ Անկանխատեսելի գործընթացներ Ադրբեջանում։ Մեջլիսն իրեն անարդյունավետ է համարում եւ խնդրում Ալիեւին ցրել խորհրդարանը։

Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքի շինություններից մեկում գազի պայթյունից փլուզման հետեւանքով մահացել է Երեւանի նախկին ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը: Պայթյունի հետեւանքով մահացել է նաեւ Կարապետյանի մորեղբայրը։

Ռուսաստանյան լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել Պյատիգորսկում տեղի ունեցած դեպքի վայրից։ Պայթյունը որոտացել է «Սյուրպրիզ» գարեջրային ընկերության տարածքում: Նախնական տվյալով՝ մահացածներն աշխատել են այդ ձեռնարկությունում:

Նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։ Գեւորգ Կոստանյանը որպես մեղադրյալ  ներգրավվել է «Մարտի 1-ի» գործով։

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ՝ ցանկության դեպքում Գեւորգ Կոստանյանը կարող էր 48 ժամում լինել Հայաստանում, իսկ տարատեսակ պատճառաբանություններ ընդունելի չեն կարող լինել։

Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանել է նաեւ Արթուր Վանեցյանի վերջին հարցազրույցը, նշելով, որ նման կառույցների ղեկավարները, որպես կանոն աննկատ են հեռանում, քանի որ պաշտոնաթողությունից հետո էլ մնում անվտանգության համակարգի պաշտպաններ։

Կառավարության շենքի դիմաց հենց գործադիրի նիստի ընթացքում  բողոքի մի քանի ցույց է կայացել։ Բանակում զոհված կամ մահացած զինծառայողների մայրերը նշել են, որ վարչապետի հետ հանդիպումից բավական ժամանակ է անցել, սակայն իրենց խնդիրները չեն լուծվել: Այստեղ են հավաքվել նաև խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը, որոնք պնդում են, որ պետք է իրենց զավակների գործը պատշաճ քննվի։

Ոչ մի դրական պատասխան չենք ստացել, այդ պատճառով կրկին կառավարության դիմաց ենք, լրագրողներին ասել է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։ «Տեղեկանք ենք պահանջում, թե ինչու են գումար տվել «Մարտի 1-ի» զոհերի ընտանիքներին։ Ծառայության ընթացքում զոհվածի ընտանիքներին առաջնահերթությունը պետք է տրվեր, ոչ թե Օպերայից մինչև քաղաքապետարան խանութ թալանողներին», ասել է Խաչատրյանը։

«Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանն ասել է, որ պահանջել են՝  փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իջնի եւ հանդիպի իրենց հետ։  Տիկին Խլղաթյանը տարակուսանք է հայտնել, որ եղանակային անբարենպաստ պայմաններում այստեղ հավաքված զոհվածների մայրերին կառավարությունից ոչ ոք չի մոտենում, խնդրել է զոհվածների՝ տարիքն առած  ծնողներին տուն գնալ, բայց չեն գնում, որովհետև ինչ-որ պատասխանի ակնկալիք ունեն։

Մի խումբ երիտասարդներ կազմակերպել եւ տաք թեյ ու սուրճ են բերել կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի հավաքված որդեկորույս մայրերին։ Նրանք պատահաբար են լսել ցույցի մասին եւ ընկերներով նախաձեռնել են ակցիան։ 

Երեւանի քաղաքապետարանին 10 «Կամազները» նվիրել են շինթույլտվության դիմաց, ֆեյսբուքյան լայվի միջոցով ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ Նա նաեւ հերքել է քաղաքապետի հաղորդումը, թե նվիրատուներն առնչություն չունեն գործարար Սամվել Ալեքսանյանի հետ։ Խաժակյանը համոզված է, որ այդ մեքենաներն անհատույց նվերներ չեն, այլ կոնկրետ բանի դիմաց են։

Նվեր ստանալը լավ, է բայց ծածուկ պահելու իմաստը ո՞րն է, Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի ասուլիսի ժամանակ հարցրել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը եւ ավելացրել. ինչո՞ւ ավագանու նիստում չի ասվել, որ քաղաքը նվիրատվություն է ստացել:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, որը մի քանի օր առաջ էր վերադարձել  3-շաբաթյա արձակուրդից՝ երկու օրով էլ չվճարվող արձակուրդ է վերցրել: Հայկ Մարությանի հրաժարականի վերաբերյալ շրջանառվող լուրերը Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակը հերքել է. Հակոբ Կարապետյանը բամբասանք է որակել վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» դիտարկումը, թե Մարությանը բավականին լարված է վերադարձել:

Հայաստանի վարչապետը վիրավորում է մեզ, գրում է secolo ditalia կայքը. «Երևում է, որ քաղաքավարության կանոնները նրանք դեռ չեն յուրացրել: Փաշինյանը 5 րոպե ուշացել է Սենատի նախագահ Էլիզաբետա Կազելատիի հետ հանդիպումից: Աներևակայելի հայը ցուցադրաբար, մոտեցել է սպասասրահի հայելուն և մազերն է ուղղել, ապա շարունակել դա անել նույնիսկ այն բանից հետո, երբ նրան զգուշացնում են, որ Նախագահը ժամանել է: Բայց բանը դրանով չի ավարտվում: Վարչապետը Կազելատիի ձեռքը չսեղմելով նրանից առաջ է ընկնում և թողնում նրան ապշահար վիճակում:

Առողջապահության նախարարությունը ոչ մի փոփոխություն չի արել եւ չի հրաժարվել մինչ այն կետերից, որոնք անհանգստացել էին խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովին, «Դեղամիջոցների մասին» օրենքում լրացումներ անելու մասին օրինագծի քննարկման ընթացքում ասել է կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ նման վարքագիծը համարելով անընդունելի եւ անհարգալից։ Նախարարության առաջարկներից մեկը՝ բնակչության իրազեկման մասին, ըստ նրա, դեղամիջոցների գովազդի տարր է պարունակում եւ կրում է կոռուպցիոն ռիսկեր։

Հարուցված նոր քրեական գործը հեքիաթների դաշտից է, ասել է գեներալ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, խոսելով «Հայապակի» ընկերության օտարման, սնանկության գործընթացը հանցավոր սխեմաների և մեքենայությունների միջոցով իրականացնելու, ընկերության գույքը հափշտակելու վերաբերյալ հարուցված քրեական գործի մասին:

Ռուսաստանի հետ Հայաստանը գազի թեմայով բանակցում է,  որպեսզի չլինեն սակագների այնպիսի թռիչքներ, որոնք կարող են բեռ դառնալ սովորական սպառողի եւ տնտեսության համար, լրագրողներին ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ադրբեջանում անկանխատեսելի քաղաքական գործընթացներ են սկսվել։ Իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը Միլի Մեջլիսում արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին նախաձեռնությամբ է  հանդես եկել եւ պատրաստվում է խորհրդարանը ցրելու խնդրանքով դիմել նախագահ Ալիեւին։ Վերլուծաբանները համարում են, որ Ալիեւն այդպիսով մի քանի խնդիր լուծում, կլանների ազդեցության վերաբաշխումից բացի, իրական իշխանությամբ օժտել կնոջը՝ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւային, շեղել բնակչությանը սոցիալական խնդիրներից, եւ կարճատեւ ընտրարշավով ընդդիմությանը զրկել համախմբվելու հնարավորությունից։

Ամերիկյան դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.21 դրամով եւ կազմել  477.25 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.47 դրամով ու հասել 525.64 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.85 դրամով ու կազմել  617.37 դրամ,  ռուսական ռուբլու փոխարժեքն աննշան է փոխվել ու կազմել է 7.45 դրամ։

Հայաստանում նոյեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:  Երեւանում նույնպես տեղումներ չեն գրանցվի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +9+11:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ