News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում է արդարադատության նախարարության ներկայացրած ՍԴ անդամներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ նախագիծը, բավականին թեժ է անցնում:

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հարցեր ուղղեց նախարար ռուստամ Բադասյանին եւ հարակից զեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանին, ապա հայտարարեց, որ իր որեւէ հարց կոնկրետ պատասխան չստացավ:

«Եթե արտոնություն է, ես էլ եմ ուզում օգտվել, ինչո՞ւ եք խտրականություն կիրառում: Կամ ժողովրդական խոսք կա՝ ձուկը գլխից է հոտում, պետք է գլխից բռնես: Եթե ասում եք՝ դատավորների մեծ մասը... ՍԴ-ն փոքրամասնություն է, մեծերից չսկսենք, ապա հակառակը՝  եթե դա բարեգործություն է, մեծերից սկսեք: Սկսեք ՏԻՄ մարմիններից, ինչո՞ւ եք տարանջատում դրել: Կամ ասում եք վստահության պակասի մասին: Էդ ո՞նց եք ստուգել վստահության պակասը: Եթե այդ տրամաբանությամբ մոտենանք, ժողովուրդը ընդհանրապես արդարադատության համակարգի նկատմամբ անվստահություն ունի: Դե բոլոր դատավորներին առաջարկեք դա: Գնացեք տեսեք, թե ՏԻՄ մարմինների դռներին, կառավարության դռանը ինչքան բողոքող կա: Գնացեք տեսեք, թե ոստիկանության դռների մոտ ինչքան դժգոհություն կա»,-ասաց Գեւորգ Պետրոսյան:

«Դե եկեք բոլորի նկատմամբ այս կանոնը կիրառենք, ասենք՝ ժողովուրդ ջան, ձեզ չեն վստահում, եկեք փողը տանք, գնացեք տունը ոտերներդ պարզեք, հեռուստացույց նայեք, վայելեք կյանքը: Ինչի՞ ենք ընկել ՍԴ այն դատավորների հետեւից, որոնք մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելն են ընտրվել կամ նշանակվել:

Այսինքն այն դատավորները, որ ձեզ համար անվստահելի են, ասում եք՝ գնացեք անհոգ կյանքով ապրեք: Սա ի՞նչ տրամաբանություն է: Եթե մարդն անվստահություն է ներշնչում, նրան դրախտի պուտյովկա՞ եք տալիս»,-ընդգծեց պատգամավորը:

Նա նաեւ հավելեց, որ երբ որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը դիմել էր Վենետիկի հանձնաժողով, իշխանությունն ասում էր՝ դրսից տղա է բերել. «Բա հիմա դուք ինչու եք դիմել Վենետիկի հանձնաժողով: Այսինքն ձեզ կարելի է դիմել Վենետիկի հանձնաժողով, ուրիշներին չի կարելի՞: Ես խնդրում եմ՝ հետեւել հարգարժան վարչապետի կանոնին եւ ստախոսությունը բացառել մեր կենսակերպից: Եթե ցանկություն կա ՍԴ անցանկալի անդամներից ազատվել եւ համալրել ցանկալի դատավորներով, բարի եղեք ճշմարտությունն ասել: Այս նախագծի հետեւում կանգնածէ  կոնկրետ անձանց ՍԴ-ից ազատելու եւ սեփական կադրերով ՍԴ-ն համալրելու նպատակը: Իսկ սրա հետեւում կանգնած նպատակն այն է, որ կարողանան հեշտությամբ սղղացնելով վավերացնել Հայաստանի ազգային անվտանգությանն սպառնացող պայմանագրերը»:

Արդարադատության նխարար Ռուստամ Բադասյանն ի պատասխան նշեց, որ ինքը հերթով պատասխանել է պատգամավորի բոլոր հարցերին: «Մենք հին ու նոր դատավորի տարանջատման խնդիր չունենք եւ ձեր կողմից ընտրված ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի տեսակետը այդ առումով չենք կիսել: Մենք խնդիր ունենք ՍԴ-ի շուրջ առաջացած ճգնաժամը լուծելու»:

Տպել
Ամենաշատ