News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես ցուցում կտամ, որ նոյեմբերի բացակայությունները չհաշվեն: Այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին, ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը:

«Ավարտվե՞ց հարցը,  բայց դա չի վերաբերում հոկտեմբեր, սեպտեմբեր, դեկտեմբեր ամիսներին»,-ասաց նա:

Հանդիպումը վարողն էլ նշեց, որ դա վերաբերում է իսկապես բողոքի ակցիաներին մասնակցողներին, քանի որ եղել են ուսանողներ, ովքեր մնացել են տանը այդ օրերին, եւ ոչ դասերին են մասնակցել, ոչ բողոքի ակցիաներին:

Ուսանողների հարցին, թե հնարավոր է, որ դասադուլին մասնակցած ուսանողները դուրս մնան համալսարանից, Գեւորգյանը նշեց.  «Դասադուլի պատճառով գոնե այս կիսամյակ որեւէ մեկդ չի տուժի»:

Հիշեցնենք, որ ուսանողները օրեր առաջ բողոքի ակցիա էին անցկացրել Գեղամ Գեւորգյանի աշխատասենյակի մոտ՝ պահանջելով իրենց հետ հանդիպում: Ուսանողները ռեկտորից դրական պատասխան ստանալուց հետո դադարեցրել էին բողոքի ակցիան եւ դրան նախորդող օրը վերսկսած դասադուլը:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները նոյեմբերի 6-ից 20-ը դասադուլ էին անցկացնում` իրենց անհամաձայնությունը հայտնելով նոր օրենքի նախագծի այն դրույթի հետ, որով առաջարկվում է «հայոց լեզու», «հայ գրականություն» եւ «հայոց պատմություն» առարկաները բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում դարձնել կամընտրական: Նրանց բողոքին միացել էին նաեւ ուսանողներ Պատմության ֆակուլտետից, ինչպես նաեւ դասախոսներ «Հայոց լեզվի», «Պատմության» ամբիոններից, որոնք, ի աջակցություն ուսանողների, մեկօրյա խորհրդանշական գործադուլ էին հայտարարել: Դասախոսները դրանից հետո հանդիպել էին նախարար Արայիկ Հարությունյանի հետ, հայտնել իրենց բողոքները: Հանդիպման արդյունքների վերաբերյալ նրանք տարակարծիք են: Որոշ մասը կարծում է` այն արդյունավետ էր, որոշներն էլ պնդում են, որ այն ձևական, ոչ կառուցողական էր: Ուսանողներին հանդիպումը վրդովեցրել է, նրանց որակմամբ` նախարարը անհարգալից է խոսել դասախոսների հետ, հեգնել նրանց:

Վիճահարույց օրինագիծը առայժմ աշխատանքային նախագծի տեսքով քննարկումների փուլում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ