News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Քաղաքական տեսանկյունից «Հայելի» ակումբի վրա հարձակումն ու քրեական գործի ընթացքը բնական են, որովհետև իշխանությունները որդեգրել են լրատվամիջոցների հանդեպ խտրական վերաբերմունք, որդեգրել են իրենց ոչ հաճելի լրատվամիջոցներին լռեցնելու քաղաքականությունը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 2-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Եկեք հասկանանք, որ այս հարձակումը միայն «Հայելի» ակումբին չէր վերաբերում, սրանով փորձ են արել լռեցնել ոչ հաճելի լրատվամիջոցներին, ցույց տվեցին, թե իրենք ինչ կարող են անել: Այն փաստը, որ հարձակում գործած անձինք իրենց սոցիալական ցանցերում, մամուլում հայտարարում են, թե՝ այ, տեսեք, թե ինչ ենք արել, ինչ ենք անելու,այս ամենը ցույց է տալիս, որ սա հստակ քաղաքականություն է մամուլի ազատության դեմ, ավելին, որ այդ խուլիգանները համոզված են, որ իրենք չեն պատժվելու: Սա էլ ներկա իշխանությունների քաղաքականության մյուս կողմն է, որ կա հստակ հանձնարարություն՝ գործը ձգձգելու ու թույլ ձեւակերպումներ, որակումներ տալ, որ ի վերջո այս ամեն ինչը կմոռացվի, կփակվի, կգնա»,- ասաց նա:

Աղասի Ենոքյանը նաև հիշեցրեց, որ ժամանակին երբ նման հարձակումներ են եղել նաեւ «Հայկական ժամանակ» օրաթերթի նկատմամբ, լրագրողական համայնքը շատ միասնական փորձել է դիմագրավել, և այս իրավիճակը Փաշինյանին շատ ծանոթ է:

«Այս խմբերն ինչ-որ շրջիկ խմբեր են, որոնց իշխանությունը պահում է նման սադրանքներ անելու համար: Այս խումբը դարձել է իշխանությունների աշխատանքային գործիքը»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ «Հայելի» ակումբի վրա տեղի ունեցած հարձակման փաստի առթիվ հարուցված է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ