News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՃՏՊ եւ դրանցից մահացության վիճակագրությունը Հայաստանում տարեցտարի ավելի մեծ անհանգստություն է առաջացնում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ դեկտեմբերի 3-ին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։ Նրա խոսքով՝ ամեն օր Հայաստանում ՃՏՊ հետեւանքով զոհվում է մեկ մարդ։ «Այս տարվա հունվար-դեկտեմբերին ՃՏՊ զոհերի թիվը հասել է 253 մարդու, ինչը 11-ով ավելի է անցած տարվա ցուցանիշից»,- պարզաբանել է Սիմոնյանը։

Պատգամավորը հիշեցրել է, որ ավելի վաղ խորհրդարանն արդեն առաջին ընթերցմամբ ընդունել էր օրինագիծ, որով նախատեսվում է տուգանքների բալային համակարգի ներդրում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների դեպքում։ Նա կարծում է, որ այդ համակարգը կարող էր շտկել այս աղետալի վիճակը, բայց գործընթացը ճանապարհի կեսին կանգ առավ։ «Ամեն օր մենք մի քանի վթարներ ենք ունենում։ Խնդիրն առայժմ ոչ մի կերպ չենք կարողանում լուծել։ Ինձ անհասկանալի է, թե ինչու Ազգային ժողովը համակարգի ներդրումը չի հասցնում տրամաբանական ավարտին, ինչո՞ւ է գործընթացը կանգ առել»,- ասել է Սիմոնյանը։

Միեւնույն ժամանակ, խորհրդարանականը կոչ է արել կարճ ժամկետում քննարկել օրենքը երկրորդ ընթերցմամբ եւ վերջնականապես ընդունել այն։ Հիշեցնենք, որ սեպտեմբերին պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն էին տվել Վարչական իրավախախտումների մասին օրինագծի փոփոխություններին։ Դրանք նախատեսում են վարորդական իրավունք ստանալու պահից վարորդներին տարեկան 9 միավոր տալ։ Օրինագծով նախատեսվում է մեկ բալ հանել ոչ մեծ խախտման համար։

Բայց անսթափ վիճակում մեքենա վարելը եւ արագության գերազանցումը ժամում 50 կիլոմետրից ավելի ենթադրում է հանել արդեն ոչ թե մեկ, այլ միանգամից 4 բալ։ Վարորդը, որը մեկ տարում սպառում է բոլոր ինը բալերը, զրկվում է վարորդական իրավունքից 6 ամսով։ Վարորդական իրավունքի վերականգնումից հետո վարորդը նորից ստանում է 9 բալ։ Եթե այդ էլ սպառվի, ապա նա արդեն զրկվում է իրավունքից մեկ տարով։ Վերականգնումը հնարավոր կլինի միայն քննություն հանձնելուց հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ