Քաղաքապետ Հայկ Մարությանը Գագիկ Ծառուկյանին շինթույլտվություն չի տվել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
Անդրադառնալով Մարությանի այն հայտարարությանը, թե ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» ընկերությունն ապօրինի շինարարություն է իրականացնում Աբովյան 5 հասցեում, ապա դրան հաջորդած՝ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Մարությանն իրեն թույլտվություն տվել է, Հակոբ Կարապետյանն ասաց. «Խոսում ենք երկու փաստաթղթի մասին՝ նախագծման թույլտվությունը և շինարարական թույլտվությունը։ Նախագծի թույլտվությունը ստանալուց հետո կառուցապատողը կրկին դիմում է համայնքին՝ շինթույլտվություն ստանալու համար, որից հետո միայն կարող է սկսել շինարարական աշխատանքները»։
Կարապետյանն անդրադարձավ նաև Ծառուկյանի այն հակադարձմանը, թե շինթույլտվությունը տվել է ոչ թե Մարությանը, այլ Նարեկ Սարգսյանը։
«Շինթույլտվություն տալիս է միայն համայնքի ղեկավարը։ մենք Նարեկ Սարգսյան անունով քաղաքապետ չենք ունեցել։ Մենք ունեցել ենք Տարոն Մարգարյան քաղաքապետ, որը 2018թ. փետրվարի 16–ին տվել է շինթույլտվություն»,– ասաց նա և ցույց տվեց համապատասխան փաստաթուղթը։
Դրանից երեք օր անց, նրա խոսքով, Վարչական դատարանը վարույթ է ընդունել հարևան շինության սեփականատիրոջ բողոքը, և վարույթն ընդունելու պահից Ծառուկյանի շինթույլտվությունը կասեցվել է. «Բայց մեր հարգարժան կառուցապատողները, ինչպես ցանկացած շուստրի տղա, փորձելով շրջանցել օրենքը՝ այդտեղ իրականացրել է կառուցապատում, և 2018թ. հունիս–հուլիս ամիսներին, երբ ընկալում կար, որ մի քիչ խառն է իրավիճակը, այդ շինարարությունն ինտենսիվորեն ընթանում էր»։
Դրանից հետո ընկերությունը մի քանի անգամ տուգանվել է համայնքի կողմից՝ 200 հազար, ապա 2 մլն դրամով, ինչից հետո գործն ուղարկվել է իրավապահ մարմիններին։ Այս տարվա ապրիլին Մարությանը որոշակի փոփոխություններով «Մուլտի Գրուպին» տվել է երկրորդ նախագծման թույլտվություն, սակայն շինթույլտվության դիմում, ըստ Կարապետյանի, քաղաքապետարանը չի ստացել։











