Թուրքիայի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (BDP) կուսակցությունը ներկայացրել է պատգամավորության թեկնածուների անունները, որոնց պետք է աջակցի հունիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում:
Թուրքական Posta-ի փոխանցմամբ` թեկնածուների ցուցակը կազմել են կուսակցության համանախագահներ Սելահաթին Դեմիթաշն ու Գյուլթան Քըշանաքը: Քրդական կուսակցությունը Թուրքիայի 39 նահանգներում կաջակցի 61 անկախ թեկնածուի: 61 հոգանոց ցուցակում այդպես էլ որեւէ հայազգի տեղ չգտավ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվել էր, թե կուսակցությունը ցանկանում է Ստամբուլում առաջադրել եւ աջակցել ձախ հայացքների տեր հայազգի լրագրող Հայկո Բաղդատի թեկնածությունը: Սակայն դրանից հետո որոշեցին առաջադրել Արդվինում ծնված հայազգի Իսմեթ Շահինին, իսկ ցուցակը հայտարարելուց մեկ օր առաջ խոսք էր գնում Իշխան Օհանյանին առաջադրելու մասին: Թե ինչո՞ւ այդպես էլ ոչ մի հայազգի տեղ չզբաղեցրեց ցուցակում, դեռ հայտնի չէ:
Նշենք, որ Թուրքիայում ընտրական շեմը 10 տոկոս է, որը ստիպել է քրդական կուսակցությանը մասնակցել մեծամասնականով եւ այնուհետ խորհրդարանում ձեւավորել կուսակցական խմբակցություն։