News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի գլխավորած պատվիրակությանը եւ քննարկել բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների նոր ծրագրի  ուղղությունները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության եւ  հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Սրբուհի Գալյանը, բարձր գնահատելով ԵԽ երեւանյան գրասենյակի հետ համագործակցությունն ու համատեղ իրականացված «Առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի արդյունքները, կարեւորել է բարեփոխումներին ուղղված նոր փոխգործակցության անհրաժեշտությունը՝ ուղղված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կարողությունների զարգացմանը, այդ թվում՝ կադրերի վերապատրաստմանը, դատապարտյալների խնամքին ուղղված համապատասխան ուղեցույցների մշակմանը, բժշկական օգնության եւ սպասարկման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովմանը եւ մի շարք այլ հարցերի:  Նշենք, որ բանտային առողջապահության ոլորտի բարեփոխումը Կառավարության կողմից հաստատված «Քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության միջոցառումների ծրագրի կարեւոր ուղղություններից է:

ԵԽ երեւանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան ընդգծել է իրականացված եւ իրականացվելիք երկու ծրագրերի կարեւորությունը եւ համատեղ ուժերով բանտային առողջապահության ոլորտում էական բարեփոխումներ իրականացնելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՔԿՀ-ներում պատշաճ բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների, հոգեկան առողջության հետ կապված խնամքի տրամադրան որակի բարձրացման, բժշկական անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման, կադրերի վերապատրաստման, անհրաժեշտ ուղեցույցների մշակմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարության եւ Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացված «Առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակում ձեռք էին բերվել բժշկական նորագույն սարքավորումներ, շուրջ 1000 քրեակատարողական ծառայողներ վերապատրաստվել էին՝ բժշկական էթիկայի, բժշկական գաղտնիքի եւ այլ թեմաներով, ՔԿՀ-ների բժշկական անձնակազմի համար ձեռք էր բերվել անհրաժեշտ կահույք, ինչպես նաեւ կազմվել էին «Բանտային առողջապահության հիմնախնդիրները եւ բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում» ձեռնարկը եւ «Կալանավորված եւ դատապարտված անձանց առողջապահական իրավունքների եւ դրանց իրացման մեխանիզմների» ուղեցույցը:

Տպել
Ամենաշատ