Ես կարծում եմ՝ որեւէ առաջընթաց չկա եւ չի կարող լինել, որովհետեւ որեւէ հանգամանք չի փոխվել Ադրբեջանում, որ լինի առաջընթաց: Այս մասին, այսօր դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:
«Ընդհակառակը, իրենք սրում են, որովհետեւ նախընտրական վիճակի մեջ են»,-ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ պայմանավորվել են, որ տարեսկզբին նույնպես հանդիպեն ԱԳ նախարարները, Մարուքյանն արձագանքեց. «Տարեսկզբին էլ կհանդիպեն, մարտին էլ կհանդիպեն, հետո ապրիլին, մայիսին էլ կհանդիպեն: Մենք միշտ ասել ենք, որ ավելի լավ է հանդիպել, քան իրար վրա կրակել: Պետք է շփումը պահել, աշխատել, որ առաջին գծից դիպուկահարները հեռացվեն, աշխատել, որ լարումը թուլանա, որ հայատյացությունը դադարեցվի Ադրբեջանում: Եթե չհանդիպեն, չխոսեն, այդ հարցերը ոնց է լինելու, լա՞յվ մտնեն խոսեն: Պետք է հանդիպեն»: