News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Եթե այս քրգործը չվերաբերեր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդի Հայկ Սարգսյանին, այն դատարան չէր հասնի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Քրեական գործը, ըստ գործում առկա փաստաթղթի, 2007 թվականին կարճվել է և ուղարկվել է դատախազին, որ օրինականությունը ստուգվի։ Այդ պահի դրությամբ քրգործում եղել է 75 թերթ, այս պահի դրությամբ կա 35 թերթ փաստաթղթի պատճեն, այսինք՝ 41-42 թերթի տարբերություն կա, որոնց գոնե պատճեններն էլ չկան։ Ցանկացած քրգործում եթե օրինական փաստաթղթերը չկան, համարում ենք, որ որևէ ապացույց գոյություն չունի  և քրգործը չի կարող շարունակվել»,-ասաց նա։

Պաշտպանի խոսքով՝ առանց քրգործն ուսումնասիրելու հայտարարվել է նոր երևան եկած հանգամանքի մասին․

«Երբ Դավիթ Սիմոնյանը դիմում է հասցեագրել համապատասխան մարմնին, նշելով՝ ժամանակին չեմ ասել, որ Հայկ Սարգսյանն է իմ ուղղությամբ կրակել, հիմա եմ ասում այս տվյալը, ինչ պետք է անի վարույթն իրականացնող մարմինը, դատախազը պարտավոր է վերցնել այդ հաղորդումը, համեմատել ամբողջ քրեական գործի հետ, ուսումնասիրի արդյոք այդ տվյալը առկա եղել է, թե ոչ։ Եթե որևէ անգամ քրգործում այդ մասին հղում կատարված լիներ, թեկուզ ինչ-որ մեկն ասած լիներ, չէին կարող ասել, որ սա նոր հանգամանք է, բայց այս դեպքում չունենալով քրգործը, ընդամենը քննիչի 2007 թվականի որոշման բովանդակությամբ ասում են Հայկ Սարգսյանի վերաբերյալ տվյալ չկա։ Սա ընդամենը ենթադրություն է։ Էս հիմքով ևս չի կարող գործը համարվել օրինական»։

Նրա փոխանցմամբ՝ Դավիթ Սիմոնյանի ցուցմունքը չի համընկնում փորձագետների եզրակացության հետ․ «Մեկ այլ հանգամանք՝ Դավիթ Սիմոնյանն ասում է, որ Հայկ Սարգսյանը մոտ 1,5 մետրից առջևից կրակել է իր որովայնին, վնասվածք պատճառել։Գործում առկա է 2 փորձաքննություններ՝ դատաձգաբանական և դատաքիմիական, որոնք ասում են, որ մուտքը կրծքավանդակի հետին հատվածից է և ելքը առջևից է։ Արդեն տարբերությունն ակնհայտ են։ Փորձագետները ասում են 10-30 սմ մոտ տարածքությունից, այստեղ 1,5 է։ Այսինքն տարածություն, դիրք չեն համապատասխանում Դավիթ Սիմոնյանի ցուցմունքներին։ Եթե այս քրգործը չվերաբերեր Հայկ Սարգսյանին, այն դատարան չէր հասնի»։

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից, նոր երեւան եկած հանգամանքներով պայմանավորված, վերացվել է դեռեւս 2007թ. կայացված՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով հարուցված քրեական գործով քրեական հետապնդում չիրականացնելու եւ վարույթը կարճելու որոշումը: Արդյունքում կիրականացվի նոր նախաքննություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված վարույթի շրջանակում:

2007 թվականի ապրիլի 1-ին երեկոյան, Երեւան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից հրազենային վնասվածքով, գոտկային շրջանի միջանցիկ, որովայնի խոռոչ թափանցող վերքով, թիվ 3 կլինիկական հիվանդանոց է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դ. Աշ.-ի Սիմոնյանը։

Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել Ա Հո.-ի Ղեւոնդյանը, ներկայացրել «Սիգ Սաուեր» տեսակի ատրճանակ՝ 6 փամփուշտներով եւ հայտնել, որ ատրճանակը նույն օրը գտել է իրենց շենքին կից մանկապարտեզի մոտից եւ զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով կրակելով՝ մարմնական վնասվածք է պատճառել իր ընկեր Դ․Սիմոնյանին։

Փաստի առթիվ Կենտրոնականի քննչական բաժնում 2007 թվականի ապրիլի 1-ին ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։

Իրականացված նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների հիման վրա քննիչը հաստատված է համարել, որ Դ. Սիմոնյանին մարմնական վնասվածքն անզգուշությամբ պատճառել է Ա. Ղեւոնդյանը: Եվ նկատի ունենալով, որ Դ. Սիմոնյանը հաշտվել է վերջինիս հետ, 2007 թվականի մայիսի 28-ին, դիմողի բողոքի բացակայության եւ հաշտվելու հիմքով որոշում է կայացրել քրեական գործով Արթուր Ղեւոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին:

2018 թվականի հունիսի 29-ին Դ. Սիմոնյանը դիմում է ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ խնդրելով դիմումն ընդունել որպես հաղորդում։ Դրանում վերջինս նշել է, որ իրեն կրակել եւ մարմնական վնասվածքը պատճառել է ոչ թե Ա. Ղեւոնդյանը, այլեւ Հ. Ալ.-ի Սարգսյանը՝ իրենց տան առաջին հարկում գտնվող թիկնազորի համար նախատեսված սենյակում։ Այդ օրը նշված տարածքում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընկերոջ՝ Ա Ղեւոնդյանի հետ, երբ Հ. Սարգսյանը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սկսել է սպառնալ սպանել իրեն, ապա իր մոտ պահվող արտասահմանյան արտադրության ատրճանակից կրակել է իր որովայնին: Եվ մինչ Հ. Սարգսյանը շարունակել է սպառնալիքները, Ա. Ղեւոնդյանը հասցրել է նրա ձեռքից վերցնել ատրճանակը։ Կատարվածի մասին տեղեկացել է Հ. Սարգսյանի եղբայրը՝ Ն. Սարգսյանը, եւ ավտոմեքենայով իրեն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության։ Գիտակցության գալուց հետո ոստիկաններին հայտնել է, թե իբր իրեն պատահաբար կրակել է Ա. Ղեւոնդյանը, իսկ զենքը գտել են մանկապարտեզի մոտից, քանի որ Հ. եւ Ն. Սարգսյանները սպառնացել են, որ հակառակ դեպքում երկար չի ապրի։

Նկատի ունենալով, որ հաղորդմամբ ներկայացված տվյալներով ի հայտ են եկել այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել վարույթ իրականացնող մարմնին՝ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի կողմից հունիսի 29-ին որոշում է կայացվել վարույթը կարճված քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նոր երեւան եկած հանգամանքներով պայմանավորված վարույթ հարուցելու մասին:

Նոր երեւան եկած հանգամանքներով հարուցված վարույթի քննությամբ ձեռք բերված տվյալների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի կողմից 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու եւ գործով վարույթը կարճելու որոշումը վերացնելու մասին: Գործն այս պահին դատարանում է։

Տպել
Ամենաշատ